Վերջին օրերին մամուլում ակտիվորեն շրջանառվում են տեղեկություններ, որ Երևանի վարչական շրջաններում սպասվում են կադրային լուրջ վերադասավորումներ։ «Մեգանյուզ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այս փոփոխությունները կանդրադառնան նաև Շենգավիթին. վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանը, ամենայն հավանականությամբ, իր գործունեությունը կշարունակի գործադիր իշխանության համակարգում։
Եթե այս տեղեկությունները պաշտոնապես հաստատվեն, կարելի է արձանագրել, որ Շենգավիթը հրաժեշտ է տալիս մի ղեկավարի, ում հաջողվեց ընդամենը ամիսների ընթացքում փոխել աշխատանքի ոճն ու համայնքային կառավարման մշակույթը։ Թեև Տիգրան Գաբրիելյանի պաշտոնավարման ժամանակահատվածը կարճ էր, այն բավարար եղավ փաստելու, որ նրա գործունեությունը գնահատվում է ոչ թե հայտարարություններով, այլ իրականացված ծրագրերով։
Արդյունքներ՝ կարճ ժամկետներում
Գաբրիելյանի աշխատանքի առանցքում սկզբից ևեթ եղել են բնակիչների հետ անմիջական շփումը, խնդիրներին արագ արձագանքելն ու աշխատակազմում միասնական թիմային մթնոլորտի ձևավորումը։ Այս ամիսներին Շենգավիթում կյանքի կոչվեցին մի շարք բարեկարգման և ենթակառուցվածքային ծրագրեր, լուծում ստացան տարիներով կուտակված խնդիրներ, որոնցից թերևս ամենանշանակալին ժամանակակից չափանիշներին համապատասխանող նոր մանկապարտեզի շահագործումն էր։ Այս ամենը ցույց տվեց, որ համակարգված մոտեցման դեպքում նույնիսկ սեղմ ժամկետներում հնարավոր է տեսանելի արդյունքներ արձանագրել։
Սակայն գլխավոր ձեռքբերումը միայն կառուցված շենքերն ու իրականացված ծրագրերը չէին. Տիգրան Գաբրիելյանին հաջողվեց ձևավորել փոխադարձ վստահության մթնոլորտ՝ թե՛ աշխատակազմում, թե՛ համայնքում։
Շենգավիթցիների գնահատմամբ՝ նա դարձավ հասանելի ու բաց ղեկավար, ով նախընտրում էր խնդիրներին ծանոթանալ և լուծումներ տալ տեղում՝ անմիջապես հասցեատիրոջ հետ աշխատելով, այլ ոչ թե միայն կաբինետային կառավարմամբ։
Նոր պատասխանատվություն և մարտահրավերներ
Եթե գործադիր իշխանություն տեղափոխվելու որոշումն իրականություն դառնա, ապա Գաբրիելյանի համար սա կարելի է դիտարկել որպես նոր պատասխանատվության փուլ։ Պետական կառավարման համակարգում մշտապես պահանջված են այնպիսի կադրեր, ովքեր ունակ են արդյունավետ թիմ ձևավորել, արագ կողմնորոշվել ճգնաժամային իրավիճակներում և անձնական պատասխանատվություն ստանձնել ընդունվող որոշումների համար։ Հետևաբար, համայնքում կուտակած փորձն ու կառավարման կիրառված մոդելը կարող են օգտակար լինել արդեն պետական՝ ավելի լայն մակարդակի խնդիրների լուծման գործում։
Անշուշտ, վարչական շրջանի համար նման փոփոխությունը հեշտ չի լինի։ Ցանկացած նոր ղեկավար համակարգ է բերում սեփական ձեռագիրն ու մոտեցումները, և ժամանակը ցույց կտա, թե ով կստանձնի այդ պատասխանատվությունը և ինչ հունով կընթանա Շենգավիթի զարգացման հաջորդ փուլը։
Քանի դեռ պաշտոնական հայտարարություններ չկան, արձանագրենք մեկ փաստ. Տիգրան Գաբրիելյանը հասցրեց սեփական հետքը թողնել Շենգավիթում և իր աշխատանքով արժանանալ բնակիչների վստահությանը։ Իսկ դա հաճախ ղեկավարի գործունեության ամենաօբյեկտիվ գնահատականն է։
«Մեգանյուզ»-ի թղթակիցը փորձել է կապ հաստատել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանի հետ՝ շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով։ Աշխատակազմից մեզ հայտնեցին, որ նա այս պահին գտնվում է խորհրդակցության, ինչի պատճառով արձագանք ստանալ չհաջողվեց։ Պաշտոնական պարզաբանումներ կամ համապատասխան որոշումներ հրապարակվելուն պես կներկայացնենք նոր մանրամասներ։
Leave a Reply