Ինչո՞ւ է Բաքուն հետախուզում հայտարարել ռուս մեդիագործիչների դեմ․ սկանդալային սթրիմի մանրամասները | Տարածաշրջան

Written by

in

Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից Ռուսաստանի քաղաքացիներ Իվան Կնյազևի, Սեմյոն Ուրալովի և Ալեքսեյ Չադաևի նկատմամբ հայտարարված հետապնդումը մեծ աղմուկ է բարձրացրել մեդիադաշտում։ 
  
Հիմք է դարձել հուլիսի 14-ին «Սեմյոն Ուրալով» յութուբյան ալիքով հեռարձակված «Чистота понимания» սթրիմը։ 

Հաղորդման սկզբում հաղորդավարներն անդրադառնում են Շուշիում կայացած ֆորումին Ադրբեջանի նախագահի հայտարարություններին։ Նրանք նշել են, որ Ալիևը բացահայտ աջակցություն է հայտնել Ուկրաինային, խոսել «օկուպացիայից ազատվելու» մասին և միաժամանակ մեղադրել Ռուսաստանին խորհրդային շրջանում Ադրբեջանի «գաղութային զավթման» մեջ։

Քննարկման ընթացքում Ալեքսեյ Չադաևը կոշտ ձևակերպումներ է օգտագործել Ռուսաստանում գործող ադրբեջանական կառույցների և կազմակերպությունների վերաբերյալ՝ դրանք բացահայտորեն անվանելով «կազմակերպված հանցավոր խմբեր»: Նա պնդել է, թե այդ կառույցները սերտաճել են տեղական իշխանությունների, բիզնեսի և իրավապահ մարմինների որոշ շերտերի հետ՝ ձևավորելով ստվերային ու հակաօրինական ցանցեր։

Սեմյոն Ուրալովը սթրիմի ժամանակ կոշտ քննադատության է ենթարկել Բաքվի գործողությունները Ղարաբաղում՝ կիրառելով ծայրահեղ ձևակերպումներ. «…Նրանք եկան ազատագրված Ղարաբաղ, լիովին մաքրեցին այն այնտեղ ապրող մարդկանցից… դա նացիզմ է, երբ հարկավոր է հող առանց մարդկանց…»։ 

Նա հավելել է, թե Ռուսաստանում գործող ադրբեջանական կազմակերպությունները պետք է բարձրաձայնեին տեղի բնակչության փաստացի ցեղասպանության մասին։ 

Ադրբեջանի իրավապահ մարմինները նման հայտարարությունները որակել են որպես ազգային թշնամանքի և ատելության բացահայտ հրահրում։  

Նշենք, որ տեսանյութը ջնջվել է ինտերնետային հարթակներից, սակայն ադրբեջանական կողմն արդեն հասցրել էր արձանագրել այն և միջազգային հետապնդում հայտարարել։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *