Իրավաբան Մեսրոպ Մանուկյանի մասնագիտական ճանապարհը սկսվել է արդարության հասնելու ձգտումից։ Այսօր նա Հայաստանում արագ զարգացող իրավաբանական ընկերություններից մեկի՝ MB Legal-ի հիմնադիրն է, սակայն իրավաբանությունը նրա պատմության միայն մի մասն է։
Աշխատանքից դուրս Մեսրոպ Մանուկյանը էլեկտրական կիթառ է նվագում, սիրում է ճամփորդել եւ բացահայտել նոր համեր։ Երկու երեխայի հայրը փորձում է արդարության զգացումը փոխանցել նաեւ նրանց՝ առաջին հերթին սեփական օրինակով։
MB Legal իրավաբանական ընկերության հիմնադիր Մեսրոպ Մանուկյանի հետ զրուցել ենք մասնագիտությունից դուրս ունեցած հետաքրքիրությունների եւ «կյանքի լավագույն օրերը» բաց չթողնելու կարեւորության մասին:
– Ինչպե՞ս ընտրեցիք իրավաբանի մասնագիտությունը:
– Դեռ մանկուց ունեմ բնավորության գիծ, որն առ այսօր ինձ թե՛ օգնում է, թե՛ խանգարում: Ոչ մի կերպ չեմ հանդուրժում անարդարությունը՝ լինի դա ընկերական, մասնագիտական, թե՝ ցանկացած այլ միջավայրում։ Երբ ինչ-որ բան անարդար եմ համարում, դա ինձ հանգիստ չի տալիս։ Անարդարության դեմ պայքարի ամենաազդեցիկ ճանապարհներից մեկն էլ, իմ ընկալմամբ, իրավաբանի մասնագիտությունն էր:
Իհարկե, այս ճանապարհն ընտրելիս որոշ չափով ավելի ռոմանտիկ պատկերացումներ ունեի, այդ թվում՝ ֆիլմերի ազդեցությամբ: Դրանցում հաճախ ենք տեսնում իրավաբանների, որոնք ամբողջ օրը դատարանում են, հանդես են գալիս տպավորիչ ելույթներով, լուծում բարդ գործեր կամ ներկայանում որպես դատավորներ, դատախազներ եւ իրավական ոլորտի այլ մասնագետներ։ Իրականում, սակայն, իրավաբանությունը շատ ավելի բազմաշերտ է:
Ինչպես նշեցի, սկզբում մասնագիտությունն ընտրեցի արդարության ձգտման պատճառով։ Բայց ուսման ընթացքում, հաշվի առնելով նաեւ հայկական իրականությունն ու մասնավոր ոլորտի հնարավորությունները, բնականոն կերպով ճանապարհս շարունակեցի արդեն այս ուղղությամբ:
– Արդարության զգացումը փոխվե՞լ է այս տարիների ընթացքում:
– Ոչ թե փոխվել է, այլ՝ դարձել բազմաշերտ: Ավելի երիտասարդ տարիքում ամեն ինչ տեսնում ես միայն սեւ ու սպիտակ գույներով, բաժանումներ անում՝ լավ-վատ, բարի-չար եւ թվում է՝ ինքդ միշտ լինելու ես միայն լավի կողմում:
Այսօր, լինելով իրավաբան, արդարությունն առաջին հերթին ընկալում եմ որպես օրենքի ճշգրիտ եւ հավասարակշռված կիրառում։ Սա կարեւոր է ոչ միայն իրական արդարության դրսեւորման, այլեւ՝ մասնագիտական աշխատանքի տեսանկյունից։
Մեսրոպ Մանուկյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
MB Legal-ում ունենք սկզբունքներ, որոնց միշտ հավատարիմ ենք մնում։ Դրանցից ամենակարեւորն այն է, որ աշխատենք բացառապես օրենքի եւ օրինականության շրջանակում ու երբեք մարդուն չդատենք։ Անկախ ազգությունից, սեռից, զբաղմունքից կամ գիտելիքների մակարդակից՝ օրենքի առաջ բոլորը հավասար են։
– Խոսեցիք իրավաբանի «ֆիլմային» կերպարի մասին, իսկ կա՞ն ֆիլմեր կամ սերիալներ, որոնցում մասնագիտությունը ներկայացված է իրականությանն առավելագույնս մոտ:
– Իմ դիտած ֆիլմերից կամ սերիալներից չեմ կարող ասել, որ որեւէ մեկը լիովին համապատասխանում է իրավաբանի իրական կյանքին։ Ֆիլմը պետք է հետաքրքիր լինի, իսկ մեր աշխատանքի մոտ 95 տոկոսն, անկեղծ ասած, այնքան էլ գրավիչ չէ (ծիծաղում է – հեղ.)։
Հիշում եմ՝ երբ մասնագիտություն էի ընտրում, մտածում էի երկու ուղղությամբ՝ ՏՏ եւ իրավաբանություն։ ՏՏ ոլորտի դեպքում հիմնական հակափաստարկս այն էր, որ չէի ուզում ամբողջ օրը համակարգչի առաջ անցկացնել։ Արդյունքում հիմա նույն համակարգչի առաջ եմ նստած (ժպտում է- հեղ.)։
Իրականում փաստաթղթերի հետ աշխատանքն իրավաբանի մասնագիտության մեծ մասն է: Էկրաններին սովորաբար ցույց են տալիս մյուս 5 տոկոսը՝ ամենաակտիվ, լարված ու դրամատիկ հատվածը։ Իսկ առօրյա աշխատանքն ավելի շատ կապված է վերլուծությունների, փաստաթղթերի եւ կենտրոնացած երկարատեւ աշխատանքի հետ։
– Նշեցիք, որ մասնագիտությունը կենտրոնացում է պահանջում: Իսկ ինչպե՞ս եք հանգստանում, կտրվում ընթացիկ գործերից:
– Ճիշտ ասած՝ շատ նախասիրություններ եւ սիրելի զբաղմունքներ ունեմ։ Փորձեմ առանձնացնել երեքը։ Առաջինը երաժշտությունն է։ Արդեն երկար տարիներ նվագում եմ էլեկտրական կիթառ եւ շատ սիրում մետալ երաժշտություն՝ Metallica, System of a Down, Iron Maiden։
2026 թվականի հուլիսն իմ եւ կնոջս համար իսկապես երազանքների ամիս էր (ժպտում է – հեղ.), միասին գնացինք Metallica-ի եւ System of a Down-ի համերգներին: Ինքս էլ նույն երաժշտությունն եմ նվագում։ Տանն ունեմ հատուկ ականջակալներ, որպեսզի նույնիսկ գիշերները կարողանամ նվագել՝ առանց որեւէ մեկին խանգարելու։
Նվագել սկսել եմ շատ վաղուց՝ մանկության տարիներից։ Սկսեցի դասական կիթառից, իսկ արդեն մեծ տարիքում սեփական գումարով գնեցի առաջին էլեկտրականը:
Մեսրոպ Մանուկյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Հանգստանալու մյուս սիրելի տարբերակը երեխաներիս հետ ժամանակ անցկացնելն է։ Դա ինձ իսկապես օգնում է վերալիցքավորվել։ Երկու որդի ունեմ՝ 6 եւ 1,5 տարեկան. նրանցից յուրաքանչյուրն ունի իր լեզուն, աշխարհն ու հետաքրքրությունները:
Աշխատանքից ամբողջությամբ կտրվելու երրորդ տարբերակը համակարգչային խաղերն են, որոնք սիրում եմ մանկուց։ Հիմնականում խաղում եմ «shooter» ժանրի խաղեր, հատկապես՝ Call of Duty։ Դրանք պահանջում են ամբողջական կենտրոնացում, եւ այդ ընթացքում օգնում իսկապես մոռանալ ամեն ինչ: Առհասարակ համակարգչային խաղերից շատ բան եմ սովորել, զարգացրել հատկանիշներ, որոնք այսօր էլ օգնում են ինձ կյանքում։
– Նվագում եք մանկուց, իսկ երաժշտությունը կարո՞ղ էր հիմնական մասնագիտություն դառնալ:
– Քանի որ այդ տարիքում դասական կիթառ էի նվագում, իսկ իմ սիրած եւ երազած երաժշտությունը մետալն էր, այս ուղղությամբ գնալը շատ անհասանելի էր թվում:
Ցավոք, այսօր էլ Հայաստանում դեռ քիչ են խրախուսում պատանիներին զբաղվել երաժշտությամբ: Վերջերս երաժշտական խանութում մի իրավիճակի ականատես եղա։ Գնացել էի նոր էլեկտրական կիթառ գնելու, եւ այնտեղ մոտ 16 տարեկան տղա էր՝ մայրիկի հետ։ Մայրը փորձում էր համոզել նրան ընտրել դասական կիթառ, մինչդեռ տղան վառվող աչքերով նայում էր իմ էլեկտրական կիթառին եւ կրկնում, որ հենց նույնից է ցանկանում:
Միջամտեցի եւ խորհուրդ տվեցի մայրիկին գնել այն կիթառը, որն իսկապես ցանկանում է որդին, որովհետեւ հակառակ դեպքում՝ մեծ է հավանականությունը, որ նա պարզապես չի նվագի իրեն չոգեշնչող գործիքը: Արդյունքում նրանք հեռացան՝ ընտրելով էլեկտրական կիթառը (ժպտում է – հեղ.):
Մեսրոպ Մանուկյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Ճիշտ է, ես էլ եմ սկսել դասականից, բայց այդ տարիներին իրավիճակն այլ էր, եւ էլեկտրական կիթառը Հայաստանում գրեթե անհասանելի էր։
Բարեբախտաբար, ծնողներս միշտ խրախուսել են ինձ, լսել ցանկություններս եւ հնարավորություն տվել ընտրություն անել։ Կարծում եմ՝ հենց այդ ազատությունն է շատ կարեւոր երեխայի հետաքրքրությունները բացահայտելու եւ զարգացնելու համար։
– Իսկ դուք ինչպիսի՞ հայր եք: Լսո՞ւմ եք ձեր երեխաների ցանկությունները:
– Երեխաների հետ շփման մեջ միշտ փորձում եմ հավասարակշռություն գտնել։ Կան հարցեր, որոնցում խիստ եմ, քանի որ դրանք հիմնարար են՝ օրվա ճիշտ ռեժիմը, առողջ սնվելը կամ որոշակի սկզբունքներ։ Երեխաներին փորձում եմ փոխանցել նաեւ արդարության ընկալումը։
Ինչ վերաբերում է ապագայում նրանց մասնագիտական ընտրություններին կամ նախասիրություններին, կարծում եմ՝ նրանք պետք է ազատություն ունենան։ Ինչպես ասացի, ինքս էլ նման մոտեցում եմ տեսել ծնողներիս կողմից։ Փոքրուց ունեցել եմ ընտրության եւ սեփական կարծիքն արտահայտելու հնարավորություն։ Կարծում եմ՝ դա մեծ դեր է ունեցել իմ մեջ գործարար մտածողության եւ իրավիճակները գնահատելու «հոտառության» ձեւավորման հարցում։ Սա այսօր կարեւորագույն հատկանիշներից է մասնագետի համար: Ժամանակակից աշխարհում ցանկացած ոլորտում հաջողությունը մեծապես կապված է ճիշտ մտածողության, նախաձեռնողականության եւ փոփոխվող պայմաններին հարմարվելու կարողության հետ։ Ինքս էլ, օրինակ, չեմ սիրում չափազանց կանխատեսելի միջավայրեր։
Մեսրոպ Մանուկյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Վերադառնալով երեխաներին՝ կարծում եմ՝ շատ կարեւոր է հասկանալ, որ նրանք առաջին հերթին սովորում են ոչ թե մեր խոսքից, այլ՝ օրինակից: Կարող ես երեխային բազմաթիվ լավ բաներ ասել, բայց ի վերջո նա կրկնելու է վարքը, որը տեսնում է քո կողմից, մայրիկի, ծնողների, ընտանիքի նկատմամբ: Եթե ցանկանում ես, որ երեխայի մոտ ճիշտ արժեհամակարգ ձեւավորվի, առաջին հերթին ինքդ պետք է ապրես այդ արժեքներով։
Շատ կարեւոր է նաեւ երեխայի հետ բաց խոսելը։ Նա պետք է հասկանա, որ կյանքում երբեմն կարող են իրավիճակներ լինել, որոնք իրեն անարդար կթվան։ Նա միշտ չէ, որ հաղթելու է, ամեն ինչ չէ, որ լինելու է իր ցանկությամբ, եւ սա բնական է։ Կարեւոր է սովորել ընդունել նաեւ այս պահերը։
– Հանգստի տարբերակների մեջ չնշեցիք ճամփորդելը, սիրո՞ւմ եք:
– Շատ, թեեւ երեխաների հետ դա այնքան էլ հեշտ չէ (ժպտում է – հեղ.): Ծովափնյա պասիվ հանգիստն իմ տարբերակը չէ, ավելի շատ սիրում եմ արկածային ճամփորդություններ, հայքինգ:
Վերջերս երեխաների հետ Իտալիայի լեռնային հատվածում էինք։ Փոքրիկ արշավ կազմակերպեցինք, եւ Ալպերի տեսարաններն իսկապես աննկարագրելի էին։ Այդպիսի պահերն են, որ ամենաշատն են հիշվում։
Շատ եմ սիրում նաեւ գաստրո-ճամփորդությունները։ Ինձ հետաքրքրում է տարբեր տարածաշրջանների ու քաղաքների սննդի մշակույթը, տեղական ավանդույթներն ու համերը։ Նույնիսկ կարող եմ ամբողջական ճամփորդություն պլանավորել հենց ուտելիքի շուրջ (ժպտում է – հեղ.)։
Սովորաբար փորձում ենք նույն ուղղությամբ կրկին չգնալ, նոր վայրեր բացահայտել։ Բայց իտալական Ալպերի այդ հատվածն այնքան ենք սիրել ամբողջ ընտանիքով, որ մտածում ենք այնտեղ վերադառնալ նաեւ ձմռանը՝ դահուկ քշելու:
– Իսկ ունե՞ք առավոտյան կամ երեկոյան «արարողակարգեր», սովորություններ, որոնցով սկսում կամ ավարտում եք օրը:
– Չգիտեմ՝ որքանով սա կարելի է առավոտյան «արարողակարգ» անվանել, բայց արդեն հինգ-վեց տարի է՝ օրս սկսում եմ նույն նախաճաշով։ Սիրում եմ տոստի հաց, ավոկադո եւ ձու համադրությունը, որը սովորաբար ինքս եմ պատրաստում։ Առավոտյան այս փոքրիկ ռիտուալի մի մասն է նաեւ լավ սուրճը:
Իսկ երեկոյան իմ սիրելի «արարողակարգը» կիթառ նվագելն է։ Դա այն ժամանակն է, երբ կարողանում եմ ամբողջությամբ կտրվել օրվա հոգսերից։
– Երեք երգ-խորհուրդ տվեք մեր ընթերցողներին: Պայմանական՝ երաժշտություն, որը կարող են միացնել եւ կարդալ այս հարցազրույցը:
– Շատ դժվար է առանձնացնել ընդամենը երեքը։ Բայց եթե պետք է ընտրեմ, առաջինը կնշեմ Metallica-ի «Fade to Black»-ը, երկրորդը՝ նույն խմբի «Master of Puppets»-ը, այս մեկը երեւի ընդհանրապես համահունչ չէ հարցազրույցին (ծիծաղում է – հեղ.): Երրորդը՝ Megadeth-ի «Tornado of Souls»-ը։
– Եվ վերջում, եթե պատկերացնենք, որ պետք է ներկայանաք ինչ-որ մեկին, բայց չեք կարող նշել ձեր մասնագիտությունը՝ ասել, որ իրավաբան եք, ինչպե՞ս կներկայանաք. «Ես Մեսրոպն եմ, որ…»
– Ես Մեսրոպն եմ, սիրում եմ երաժշտություն եւ համեղ ուտելիք։ Շատ եմ սիրում իմ ընտանիքը՝ երեխաներիս ու կնոջս։ Իսկապես չափազանց շատ եմ սիրում (ժպտում է – հեղ.)։
Մեսրոպ Մանուկյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Չեմ հիշում՝ որ ֆիլմում էր հերոսն ասում, որ լավ կլիներ՝ հնարավորություն ունենայինք հասկանալու, որ հենց հիմա ապրում ենք մեր կյանքի լավագույն ժամանակն ու օրերը։ Հաճախ եմ փորձում ինքս ինձ հիշեցնել այդ մասին եւ հարց տալ՝ իսկ գուցե հենց այս օ՞րն է ամենալավը։
Երբ առավոտյան արթնանում եմ, փոքր տղաս վազում է մոտս, հետո գալիս է մեծը, տեսնում եմ կնոջս… Ուզում եմ իսկապես զգալ ու ապրել այս պահերը, որովհետեւ գուցե հենց դրանք են կյանքի ամենաթանկն ու լավագույնը:
Եվ, այո՛, ես Մեսրոպն եմ, որն այսօր ապրում է իր կյանքի ամենասիրուն փուլերից մեկը՝ միաժամանակ հավատալով, որ առջեւում էլ ավելի լավ օրեր են:
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյան
Leave a Reply