Էրդողանը հայտարարել է Թուրքիայի «պատմական վերափոխման» մասին

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) 25-ամյա գործունեության արդյունքում Թուրքիայում «պատմական վերափոխում» է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է Անադոլու գործակալությունը, կուսակցության հիմնադրման 25-ամյակին նվիրված հոդվածում Էրդողանը հիշեցրել է, որ ԱԶԿ-ն հիմնադրվել է «Թուրքիայի նոր ապագան որոշելու, պետության եւ քաղաքացիների միջեւ կապն ամրապնդելու եւ երկրին ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություն ապահովելու նպատակով»:

 

«Այսօրվանից Թուրքիայում այլեւս ոչինչ առաջվանը չի լինելու», – հիշեցրել է նախագահն իր խոսքերը, որոնք արտասանել էր կուսակցության հիմնադրման ժամանակ 2001 թվականի օգոստոսի 14-ին: Նա ընդգծել է, որ նման վստահության գլխավոր աղբյուրը ժողովրդի կամքն էր:

 

Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան էապես կրճատել է կախվածությունը արտաքին մատակարարներից ռազմավարական ոլորտներում: Որպես Թուրքիայի «նոր վստահության» խորհրդանիշներ նա նշել է երկրում մշակված անօդաչու թռչող սարքերը, KAAN կործանիչը, ռազմանավերն ու հակաօդային պաշտպանության համակարգերը, երկրի տիեզերական ծրագիրը, ատոմային էներգետիկայում կատարված ներդրումները եւ Սեւ ծովում հայտնաբերված բնական գազի պաշարները:

 

«Հետագայում մենք կուտակված փորձը կվերածենք նոր առաջընթացի արհեստական բանականության, կիսահաղորդիչների, էներգետիկ տեխնոլոգիաների եւ բարձր հավելյալ արժեքով արտադրանքի արտադրության ոլորտներում», – վստահություն է հայտնել Թուրքիայի ղեկավարը:

 

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան ազդեցիկ դերակատար է դարձել ձեւավորվող բազմաբեւեռ միջազգային համակարգում՝ վարելով ազգային շահերի, դիվանագիտության, երկխոսության եւ մարդասիրական պատասխանատվության վրա հիմնված բազմավեկտոր արտաքին քաղաքականություն:

 

Էրդողանը Թուրքիան բնութագրել է որպես Եվրոպայի անվտանգության համակարգի առանցքային մասնակից: «Սեւ ծովից մինչեւ Մերձավոր Արեւելք, Կովկասից մինչեւ Աֆրիկա մենք մեր նպաստն ենք բերում խաղաղությանն ու կայունությանը», – հայտարարել է նա:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts