Արծվանիկ գյուղում օգոստոսի 12-ին տոնական տրամադրություն էր: Գյուղովի նշեցին վաստակաշատ մանկավարժ, գյուղի հնագիտական թանգարանի հիմնադիր Էդուարդ Մանուչարյանի 100-ամյա հոբելյանը:
Տոնական օրվան նվիրված հանդիսությունը սկսվեց հնագիտական թանգարանի մոտ՝ հոբելյարի հուշատախտակի բացման արարողությամբ: Այնուհետև ներկաները ծանոթացան թանգարանի ցուցանմուշներին: 1960 թվականից սկսած՝ գյուղի պատմության տարեգիրը ժողովել է հնագիտական արժեք ունեցող ցուցանմուշներ՝ կենցաղային իրեր, աշխատանքային գործիքներ, հազվագյուտ լուսանկարներ ու փաստաթղթեր՝ դրանք փրկելով անդառնալի կորստից: Ավելորդ չէ նշել, որ այսօր թանգարանը բարվոք վիճակում չէ: Եթե մի սրտացավ բարերար գտնվի, և գյուղական այս մշակույթի օջախը պատշաճ տեսքի բերվի, դա կլինի ամենաստույգ հարգանքի տուրքը Էդուարդ Մանուչարյանի հիշատակին:
Գլխավոր իրադարձությունը գյուղի միջնակարգ դպրոցում էր, որտեղ հավուր պատշաճի նշվեց մանկավարժի, հայրենի եզերքի վավերագրողի հոբելյանը: Հանդիսավար Վրեժ Բադալյանը հանգամանորեն ներկայացրեց հոբելյարի անցած ուղին. լրագրող Վահրամ Օրբելյանը պատմեց Է. Մանուչարյանի հեղինակած «Արծվանիկ» և «Հերոսացած արծվանիկցիներ» գրքերի մասին, նշելով, որ այդ գրքերով և հնագիտական թանգարանով հոբելյարն արծվանիկցիներին (և ոչ միայն) վերադարձրեց գյուղի պատմական հիշողությունը:
Դեռ ավելին, նրա հեղինակած գրքերը սկզբնաղբյուր կարող են հանդիսանալ ուսումնասիրողների, մերօրյա պատմաբանների համար: Մարդը հավերժի ճամփորդ դարձավ, իսկ նրա հեղինակած գրքերը կարող են սերունդներ կրթել:
Ինչպես միջնադարյան պատմիչներն էին ասում ՝ ձեռս մաշի դառնա ի հող, գիրս մնա հիշատակող…
Հուշերով հանդես եկան դպրոցի նախկին տնօրեն Կարո Անդրեասյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ժաննա Մարգարյանը, դպրոցի ուսումնական գծով տնօրենի տեղակալ Գոռ Հովհաննիսյանը: Հոր հիշատակը հարգելու համար երախտագիտության խոսք հնչեցրեց նրա կրտսեր դուստրը, ամերիկաբնակ Արեգնազ Մանուչարյանը:
Տոնական հանդիսությունը շարունակվեց աղանդերի սեղանի շուրջ և դարձյալ՝ հուշեր ու գնահատանքի խոսքեր:
Է. մանուչարյանը կյանքում ակտիվ դիրքորոշում ունեցող անձնավորություն էր. ապրում էր գյուղի հոգսերով, հետևում հանրապետության հասարակական և քաղաքական կյանքին: Չնայած առաջացած տարիքին՝ մարզային «Սյունյաց երկիր» թերթի բաժանորդ էր և առավել հետաքրքրված էր մարզային անցուդարձով:
«Հերոսացած արծվանիկցիներ» գրքի վերջաբանում սրտի ցավով է գրում, որ հայրենի Արծվանիկի բնակչությունը տարեցտարի նվազում է, ինչի վրա հրավիրում էր հանրապետության և մարզային իշխանությունների ուշադրությունը. «Ուշքի եկեք,հայոց այրեր, քանի դեռ ուշ չէ…»:
Վահրամ Օրբելյան
Leave a Reply