8 ֆիլմ, որոնք չպետք է բաց թողնել «Ոսկե ծիրան 2026»-ում

Written by

in

Պատերազմից հետո մնացած լռություն, տուն փնտրող մարդիկ, հայրերի ու որդիների չասված խոսակցություններ․ «Ոսկե ծիրան-2026»-ի ֆիլմերը միավորում է մեկ ընդհանուր թեմա՝ ինչպե՞ս շարունակել ապրել, երբ աշխարհն արդեն փոխվել է։ 

 

Մեդիամաքսն առանձնացրել է 8 ֆիլմ, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է իր ճանապարհորդությունը՝ դեպի սեփական անցյալը, ցավը կամ դեռ չապրած կյանքը։

 

1. Հեռավոր կրակ․ Մառլեն Էդոյան

 

Վրաստանի հարավում՝ Հայաստանի սահմանին մոտ գտնվող Գանձան գյուղում երեք դեռահաս փորձում են պատկերացնել իրենց ապագան։ Անհանգիստ ու հավակնոտ Հենրիխը երազում է մեկնել Թբիլիսի եւ միջազգային հարաբերություններ ուսումնասիրել։ Ընտանեկան պարտավորությունների ծանրությունը կրող Կառլենը արտագնա աշխատանքը տեսնում է որպես սեփական անկախությունը ձեռք բերելու հնարավորություն։ Իսկ ավանդույթներին առավել կապված Հակոբը փորձում է իր տեղը գտնել հայրենի գյուղում՝ միաժամանակ ներքուստ կասկածի տակ դնելով այնտեղ իշխող չգրված կանոններն ու հայրիշխանական սպասումները։

 

Մառլեն Էդոյանը սահմանը դիտում է ոչ միայն որպես աշխարհագրական գիծ, այլեւ որպես ներքին վիճակ։ Սովետական անցյալի ստվերը, աքսորի հիշողությունն ու հայրիշխանական ավանդույթները դառնում են այն միջավայրը, որտեղ երիտասարդները փորձում են հասկանալ՝ ինչ գնով է հնարավոր հեռանալ եւ արդյոք հնարավոր է երբեւէ ամբողջությամբ հեռանալ։

 

2. Լուսինն է իմ հայրը․ Գիորգի Օվաշվիլի

 

Տասներկուամյա Տոման գրեթե չի հիշում հորը։ Երբ երկար տարիների բանտարկությունից հետո Նեմոն վերադառնում է, նրանք միասին ճանապարհ են ընկնում դեպի լեռներ՝ փորձելով մի քանի օրում լրացնել տասը տարվա բացակայությունը։

 

Սկզբում ֆիլմը հայր ու որդու հարաբերությունների մասին պատմություն է թվում, սակայն աստիճանաբար վերածվում է հասունացման դրամայի։ Լեռները դառնում են փորձություն, որտեղ տղան ստիպված է ոչ միայն փրկել իրեն, այլեւ հրաժեշտ տալ մանկությանը։ Օվաշվիլին պատմում է, թե ինչպես է երբեմն մեծանալը սկսվում հենց կորստից։

 

3. Լավ տղամարդ չկա․ Շահրբանու Սադաթ

 

2021 թվականն է։ Քաբուլում Թալիբանի վերադարձին հաշված օրեր են մնացել։ Հեռուստաընկերության միակ կին օպերատորը՝ Նարուն, պայքարում է որդու խնամակալությունը պահպանելու համար եւ վստահ է, որ իր կյանքում այլեւս լավ տղամարդ չի կարող հայտնվել։

 

Քաղաքի վերջին ազատ օրերի ֆոնին ֆիլմը պատմում է ոչ միայն հնարավոր սիրո, այլեւ ընտրության մասին։ Երբ երկիրը կանգնած է պատմական շրջադարձի առաջ, ամենափոքր անձնական որոշումներն էլ քաղաքական են դառնում։ Շահրբանու Սադաթը մեծ պատմությունը պատմում է մեկ կնոջ հայացքով՝ առանց բարձրաձայն հայտարարությունների։

 

4. Ապահով ելք․ Մոհամեդ Համմադ

 

Սամաանը մանկության տարիներին տեսել է, թե ինչպես են ահաբեկիչները սպանում իր հորը։ Տասը տարի անց նա աշխատում է որպես անվտանգության աշխատակից եւ ապրում հետտրավմատիկ սթրեսային խանգարմամբ։ Մի օր ճակատագիրն ստիպում է նրան թաքցնել հենց այն մարդուն, որից ամբողջ կյանքում փախել է։

 

Ֆիլմը թրիլերի կառուցվածք ունի, բայց իրական լարվածությունը ներսում է։ Վախը, հավատը, վրեժի ցանկությունն ու բարոյական ընտրությունը անընդհատ բախվում են միմյանց՝ ցույց տալով, թե որքան երկար կյանք կարող է ունենալ մեկ մանկության վերքը։

 

5. Վերապրել Շեքսպիրին․ Իննա Սահակյան, Ռուբեն Ղազարյան

 

Նորքի ծերանոցում Շեքսպիրի հերոսները դատի են տալիս իրենց հեղինակին, սակայն բեմական այս մտահղացումը շուտով վերածվում է բոլորովին այլ պատմության։ Թատերական փորձերին զուգահեռ բացվում են տարեց բնակիչների անձնական պատմությունները, հիշողություններն ու չապրած կյանքերը՝ ստեղծելով ֆիլմ, որտեղ փաստագրությունն ու թատրոնը անընդհատ հատվում են։ Այստեղ Շեքսպիրը ոչ միայն ներկայացման հերոս է, այլեւ միջոց՝ վերաիմաստավորելու այն, ինչ մնացել է չասված, կորցրած կամ ուշացած։ 

 

Արդյունքում ֆիլմը վերածվում է կյանքի վերջին մեծ բեմադրության, որտեղ յուրաքանչյուր հերոս խաղում է ոչ թե իրեն բաժին հասած դերը, այլ սեփական ճակատագիրը։

 

6. Լոնդոն․ Սեբաստիան Բրամեսհուբեր

 

Բոբին ամեն օր մեքենայով անցնում է Վիեննան եւ Զալցբուրգը կապող մայրուղով՝ ճանապարհածախսը կիսելու համար պատահական ուղեւորներ վերցնելով։ Յուրաքանչյուր ուղեւոր իր հետ բերում է մի փոքրիկ Եվրոպա։ Այդ պատահական զրույցներից Բրամեսհուբերը հավաքում է մայրցամաքի դիմանկարը՝ առանց մեկնաբանելու, պարզապես լսելով մարդկանց։ 

 

Այն միաժամանակ խաղարկային է եւ վավերագրական՝ ավելի շատ լսելով մարդկանց, քան մեկնաբանելով նրանց։

 

7. Տրիստան՝ ընդմիշտ․ Թոբիաս Նյոլե

 

Աշխարհի ամենահեռավոր բնակեցված կղզիներից մեկում ֆրանսիացի բժիշկ Լորանը գտել է այն, ինչ շատերը փնտրում են ամբողջ կյանքում՝ տուն։ Երեսուն տարվա այցելություններից հետո նա որոշում է վերջնականապես տեղափոխվել Տրիստան դա Կունյա եւ դառնալ կղզու բնակիչ։

 

Ֆիլմը հարցնում է՝ արդյոք տունը ծննդավայրն է, թե այն վայրը, որտեղ քեզ պատրաստ են ընդունել։ Մարդու եւ բնության հարաբերությունների մասին այս պատմությունը նաեւ ընտանիքի եւ պատկանելիության մասին խորհրդածություն է։

 

8. Արտոյի երկիրը․ Թամարա Ստեփանյան

 

Սելինը Հայաստան է գալիս ամուսնու՝ Արտոյի մահը գրանցելու համար։ Այստեղ նա հասկանում է, որ այն մարդու մասին, որի հետ ապրել է, գրեթե ոչինչ չի իմացել։ Նրա որոնումները տանում են դեպի 2020 թվականի պատերազմի հաշմանդամներ, 90-ականների վետերաններ եւ պատերազմի հիշողությամբ ապրող մարդիկ։

 

«Արտոյի երկիրը» հիշողության եւ ինքնության մասին ֆիլմ է։ Սելինի անձնական որոնումը աստիճանաբար վերածվում է մի ամբողջ երկրի հիշողության հետ հանդիպման։ 

 

+ Երեք հատուկ ցուցադրություն, որոնք բաց թողնել չի կարելի

 

Մրցութային ծրագրից բացի, այս տարվա «Ոսկե ծիրանը» հնարավորություն է տալիս մեծ էկրանին տեսնել նաեւ կինոյի պատմության երեք տարբեր ժամանակաշրջան ներկայացնող ֆիլմեր։

 

Սատանայական տանգո․ Բելա Տարր

 

439 րոպե տեւողությամբ «Սատանայական տանգոն» կինոյի պատմության ամենանշանավոր ու համարձակ ստեղծագործություններից է։ Բելա Տարի յոթ ժամանոց գլուխգործոցը հրաժարվում է ավանդական պատմողական ռիթմից՝ հանդիսատեսին հրավիրելով ամբողջությամբ ընկղմվել իր դանդաղ, հիպնոսացնող աշխարհում։

 

Մեծ պատմություն փոքր քաղաքում․ Գոռ Կիրակոսյան

 

Քսան տարի անց «Մեծ պատմություն փոքր քաղաքում»-ը վերադառնում է մեծ էկրան՝ ռեստավրացված տարբերակով՝ հիշեցնելով, թե ինչու դարձավ անկախ Հայաստանի ամենասիրված կատակերգություններից մեկը։

 

Ֆիլմը վաղուց դուրս է եկել պարզապես կատակերգության շրջանակներից՝ վերածվելով 2000-ականների հայկական կինոյի խորհրդանիշներից մեկի։ Այն համարձակորեն շարունակեց խորհրդային կատակերգության ավանդույթները նոր հայկական իրականության մեջ՝ ստեղծելով կերպարներ, հումորային իրավիճակներ ու երկխոսություններ, որոնք մինչ օրս շարունակում են մեջբերվել։ 

 

Ամելի․ Ժան-Պիեռ Ժյոնե

 

Քառորդ դար անց էլ «Ամելին» շարունակում է հիշեցնել, որ առօրյայի ամենափոքր մանրուքներում էլ կարող են հրաշքներ թաքնված լինել։ Ժան-Պիեռ Ժյոնեի գունեղ կինոլեզուն, Մոնմարտրի կախարդական մթնոլորտն ու հիշվող կերպարները ֆիլմը վաղուց դարձրել են ժամանակակից կինոյի ամենասիրելի դասականներից մեկը։

 

Ցուցադրությանը ներկա կլինի ֆիլմի պատկերային աշխարհի հեղինակ, օպերատոր Բրյունո Դելբոնելը, որը հանդիսատեսի հետ կկիսվի «Ամելիի» ստեղծման պատմություններով։

 

Աստղիկ Հովհաննեսով

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *