Ալիեւ. «Նախիջեւանի հետ կապը մեր վաղեմի երազանքն էր»

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Նախիջեւան կատարած այցի շրջանակում հարցազրույց է տվել Ադրբեջանի հեռուստատեսությանը։

Ներկայացնում ենք մի քանի հատված այդ հարցազրույցից։

 

Նախիջեւանի պաշտպանական ներուժի ամրապնդումը

 

«Այս տարիների ընթացքում առաջնահերթ հարցերի թվում եղել է Նախիջեւանի պաշտպանական ներուժի ամրապնդումը։ Այս ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել։ Իմ կարգադրությամբ Նախիջեւանում ստեղծվել է Առանձին բանակ։ Նախիջեւանի առանձնահատկությունը, աշխարհագրությունը եւ Ադրբեջանի հիմնական մասի հետ աշխարհագրական կապի բացակայությունը պայմանավորել են այս երկրամասի անվտանգությանն առավել ուշադիր վերաբերվելու անհրաժեշտությունը։

 

Ադրբեջանի զինված ուժերը տարածաշրջանում կշիռ ունեն։ Այդ թվում՝ Նախիջեւանի ռազմական ներուժն ամրապնդվում է»:

 

«Կարող են տեղի ունենալ նոր տհաճ իրադարձություններ»

 

Եթե այսօր մեր տարածաշրջանում կան երկրներ, որոնք էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ չունեն, ապա Ադրբեջանն առաջին տեղում է։ Այս կամ այն պատճառներով մեր տարածաշրջանն էներգետիկ ճգնաժամ է ապրում, որը կարող է խորանալ։ Սա մեր տարածաշրջանում ընթացող պատերազմներն են, աճող ռիսկերը, էներգակիրների փոխադրման հետ կապված տրանսպորտային շղթաների խզումը եւ այլ գործոններ։ Բացառված չէ, որ ապագայում կարող են տեղի ունենալ նոր տհաճ իրադարձություններ։ Ուստի Ադրբեջանի առանձնահատուկ դերն այստեղ անվիճելի է»։

 

«Զանգեզուրի միջանցքի ստեղծումը մեր նախաձեռնությունն էր»

 

«Զանգեզուրի միջանցքի ստեղծումը մեր նախաձեռնությունն էր։ Ադրբեջանի հիմնական մասի կապակցումը Նախիջեւանի հետ մեր վաղեմի երազանքն էր։ Մենք վստահ մոտենում էինք այդ նպատակին։

 

Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ավարտի կապակցությամբ ստորագրվել է եռակողմ հայտարարություն։ Իրականում Հայաստանի համար դա կապիտուլյացիայի ակտ էր, քանի որ Հայաստանը հանձնվեց։ Եթե պատերազմի պայմաններում դու ինչ-որ մեկին պարտադրում ես, դա նշանակում է, որ այդ կողմը կապիտուլյացիայի է ենթարկվել։ Այս եզրույթի մեջ չպետք է որեւէ նվաստացուցիչ կամ վիրավորական իմաստ փնտրել։ Դա պարզապես իրականությունն է։

 

Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ ընթանում էին եռակողմ բանակցություններ։ Ես կտրականապես պնդում էի, որ հայտարարության մեջ պարտադիր պետք է իր արտացոլումը գտնի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ կապող միջանցքը։ Հայկական կողմը չէր ցանկանում համաձայնություն տալ դրան։ Բայց նրանք այնքան էլ շատ այլընտրանքներ չունեին։ Եթե պատերազմը շարունակվեր, մենք, իհարկե, նույնպես կորուստներ կրեինք, բայց Հայաստանի կորուստներն ավելի մեծ կլինեին։

 

Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից անցած հինգ տարիների ընթացքում Զանգեզուրի միջանցքի բացման ուղղությամբ որեւէ գործնական քայլ չէր ձեռնարկվել։ Մենք բազմիցս այս հարցին հրավիրում էինք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի ուշադրությունը։

 

Հայաստանն ամեն կերպ փորձում էր ձգձգել այս գործընթացը։ Ռուսական կողմն էլ կամ չէր կարողանում դա ապահովել, կամ կային ինչ-որ այլ պատճառներ։ Փաստն այն էր, որ մինչեւ նախորդ տարվա օգոստոս այդ հարցը մնում էր սառեցված վիճակում։

 

Երբ ԱՄՆ-ում սկսեցին զբաղվել այս հարցով, գործընթացին մեկնարկ տրվեց։ Նրանք փորձում էին իրենց ներդրումն ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում եւ հայտարարում էին այդ ուղղությամբ իրենց պատրաստակամության մասին։ Բնականաբար, մենք ունեինք մի քանի կարեւոր պայման, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքը։

 

Ի վերջո, 2025 թվականի օգոստոսի 8-ին, Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովում, հարցն իր լուծումն ստացավ։ Հաջողությամբ մեկնարկեց TRIPP անվանումը կրող այս նախագծի իրականացումը։

 

«Ուշ թե շուտ Հայաստանի ԱԷԿ-ը պետք է փակվի»

 

«Զանգեզուրի միջանցքի ապահովումը կոնկրետ նախագծերով ավելի լայն նշանակություն ունի։ Երբ մենք առաջ էինք քաշում Զանգեզուրի միջանցքի գաղափարն ու նախաձեռնությունը, առաջին հերթին նկատի ունեինք տրանսպորտային բաղադրիչը։ Բայց այսօր մենք դիտարկում ենք այն ավելի լայն ձեւով։

 

Մենք ունենք Ադրբեջանի հիմնական մասից Հայաստանի տարածքով Նախիջեւան էլեկտրահաղորդման գծերի անցկացման պատրաստի նախագիծ։ Օկուպացիայից ազատագրված Ջաբրայիլի շրջանում կառուցվել է շատ մեծ ենթակայան։ Դրա հիմնական գործառույթը էլեկտրաէներգիայի փոխանցումն է։ Նման ենթակայանները կոչվում են փոխարկիչ ենթակայաններ։ Այն կառուցվել է ոչ թե ներքին էներգամատակարարման, այլ մեծ ծավալի էներգիայի փոխանցման համար։ Այն պատրաստ է։ Այն կառուցվել է հատուկ Զանգեզուրի էներգետիկ միջանցքի համար։

 

Հայաստանի տարածքում մեր մասնագետների կողմից իրականացված վերլուծության արդյունքում նույնիսկ որոշվել են այն վայրերը, որտեղ պետք է տեղադրվեն էլեկտրասյուները։ Հուսով եմ, որ հայկական կողմը չի ձգձգի այս հարցը։ Քանի որ դա առաջին հերթին կարող է անհրաժեշտ լինել հենց իրենց, քանի որ նրանց էներգիայի հիմնական աղբյուրն այսօր ատոմային էլեկտրակայանն է, որի կառավարումը, ի դեպ, իրենց ձեռքում չէ։ Այս կայանը հնացած է եւ վտանգի աղբյուր է հանդիսանում ողջ տարածաշրջանի համար։ Ադրբեջանն ու Թուրքիան բազմիցս իրենց մտահոգությունն են հայտնել այս հարցի կապակցությամբ տարբեր միջազգային հարթակներում։ Այս կայանի շահագործման ժամկետի երկարաձգումը չի կարող անվերջ գործընթաց լինել՝ վաղ թե ուշ այն պետք է փակվի։ Բնականաբար, եթե այն փակվի, Հայաստանն ամբողջությամբ էներգետիկ ճգնաժամի մեջ կհայտնվի։ Ուստի լրացուցիչ աղբյուրի առկայությունը կարող է միայն օգուտ բերել։

 

Վերջին հինգ տարիների ընթացքում մենք Քելբաջարի լեռներում, 3500 մետր բարձրության վրա, ձյան մեջ սյուներ ենք տեղադրել։ Այսինքն՝ եթե մեզ հարկ լինի իրականացնել այս նախագիծը, դա առավելագույնը վեց ամիս կպահանջի։ Բայց Հայաստանն, իհարկե, պետք է դա անի ինքնուրույն։ Ուստի կարծում եմ, որ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ հստակություն մտցնել այս հարցում։ Սա կլինի Զանգեզուրի միջանցքի, TRIPP-ի անբաժանելի մասը։ Քանի որ այս նախագիծը միայն երկաթուղի, ավտոմայրուղի չէ։ Այստեղով կարող են անցնել օպտիկամանրաթելային մալուխ, էլեկտրահաղորդման գծեր, իսկ ապագայում, անհրաժեշտության դեպքում, նաեւ նավթա- եւ գազատարներ։

 

Որքան շուտ Հայաստանի տարածքում ստեղծվի էներգետիկ միջանցք, այնքան լավ կլինի TRIPP-ի եւ ողջ տարածաշրջանի համար»։ 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *