Կոտայքի մարզպետական «կարուսելը». ինչո՞ւ է անիմաստ նոր էքսպերիմենտներ անելը, երբ լուծումն աչքի առաջ է

Written by

in

Վերջին շրջանում Կոտայքի մարզպետարանի շուրջ ստեղծված իրավիճակը դարձել է քաղաքական քննարկումների և մամուլի հրապարակումների ամենաթեժ թեմաներից մեկը։ Ահարոն Սահակյանի՝ պատգամավորական մանդատը վերցնելու և մարզպետի պաշտոնից հրաժարվելու որոշումից հետո մարզպետական աթոռի համար սկսվեց իսկական «անունների շքերթ»։

Ազգային ժողովի միջանցքներում լրագրողները պարբերաբար փորձում են պատասխաններ կորզել հնարավոր հավակնորդներից ու նախկին պաշտոնյաներից։ Լիլիթ Ստեփանյանն անընդհատ հերքում է իր նշանակման մասին լուրերը,արդեն պատգամավոր դարձած Ահարոն Սահակյանն էլ, թեև ուղղակիորեն չի բարձրաձայնում, սակայն ակնհայտ է, որ վստահում է իր տեղակալին և ընդունում, որ մարզը կարող է լավ ղեկավարել հենց Վասակ Վարդանյանը։

Չնայած սրան՝ մամուլում շարունակում են շրջանառվել տարբեր ծանոթ ու անծանոթ անուններ, քննարկվում են կուսակցական նիստեր, հնարավոր քվեարկություններ ու սցենարներ։ Սակայն, եթե հարցին նայենք պրագմատիկ, կառավարչական և պետական արդյունավետության տեսանկյունից, անունների այս «որոնողական աշխատանքները» դառնում են ավելորդ ու անարդյունավետ։

Ինչո՞ւ է անիմաստ նոր թեկնածուների փնտրտուքը

1. Մարզպետարանների ինստիտուտի ապագան. Հանրային քննարկումների օրակարգում է մարզպետարանների կառուցվածքային փոփոխությունների և հետագայում դրանց հնարավոր տրանսֆորմացիայի/վերացման հարցը։ Ստեղծված իրավիճակում համակարգից դուրս մարդ բերելը, ով ամիսներ է ծախսելու մարզի խնդիրներին ծանոթանալու վրա, պարզապես ռեսուրսի և ժամանակի կորուստ է։

2. Կառավարման անընդհատություն. Մարզն այսօր ունի անխափան աշխատող համակարգի կարիք։ Փոխմարզպետ Վասակ Վարդանյանը, ով երկար տարիներ աշխատում է համակարգում, ոչ միայն տիրապետում է Կոտայքի մարզի ամենամեծ ու ամենափոքր խնդիրներին, այլև այս պահին փաստացի իրականացնում է մարզպետի պարտականությունները՝ ապահովելով մարզի կայուն կառավարումը։

Վասակ Վարդանյան. կադրային տրամաբանական լուծումը

Վասակ Վարդանյանի թեկնածությունը զուտ անհատական նախապատվություն չէ, այլ տրամաբանական ու օբյեկտիվ ընտրություն․

 Քաղաքական և գաղափարական ճանապարհ. Նա դեռևս 2018 թվականի հեղափոխության օրերից եղել է թիմի կողքին, անցել է այդ ճանապարհը, ինչը նշանակում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ լավ ճանաչում է նրա անցած ուղին, նվիրվածությունը և կազմակերպչական կարողությունները։

 Պրոֆեսիոնալիզմ և կերպար. Լինելով կրթված, երիտասարդ, համեստ, նա տարիների փորձով ապացուցել է, որ տիրապետում է պետական ապարատի աշխատանքային նրբություններին։

 Մարզի լիարժեք տիրապետում. Նա «դրսից եկած» պաշտոնյա չէ, ով պետք է նորից ծանոթանա համայնքների ղեկավարներին կամ մարզային խնդիրներին։ Նա ներսից գիտի յուրաքանչյուր ծրագիր ու բացթողում։

Կոտայքի մարզպետի նշանակումը երկարաշունչ քննարկումների կամ կուսակցական ներքին վեճերի թեմա չպետք է դառնա։ Օրենսդրական և քաղաքական տրամաբանությամբ՝ որոշում կայացնողը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։

Վաղը նախատեսված է Կառավարության հերթական նիստը, և հնարավոր է, որ հենց վաղը վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջակետ դնի այս անվերջանալի քննարկումներին ու հայտարարի, թե ով է ստանձնելու Կոտայքի մարզի ղեկավարումը։ Ամենաօբյեկտիվ և պետական տրամաբանությանը համահունչ որոշումը կլինի այն, որ մարզպետի պաշտոնակատար Վասակ Վարդանյանը շարունակի ղեկավարել մարզը՝ արդեն որպես մարզպետ։

Մարգարիտա Դավթյան

«Մեգանյուզ»լրատվական 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *