Խոսք օրհնության․ Կապանա տան մեր պատվական, սիրելի և օրհնյալ երախտավորներ

Written by

in

Ողջունում ենք  ձեզ հայրական սիրով և առաջնորդական մեր օրհնությունը բերում ձեզ՝ Կապանա տան ավագ և բազմավաստակ զավակներիդ։

Ձեր կյանքի անցած ճանապարհը եղել է առ Աստված և առ հայրենիք անմնացորդ նվիրումի ու հավատարմության հաստատուն ապացույց։

Ձեր արդար վաստակով շենացել է Սյունյաց աշխարհը, ամրացել են մեր ընտանիքները, զորացել է հայրենի հողը։

Ինչպես Սուրբ Գիրքն է վկայում. «Պսակ պարծանաց ծերութիւն, եւ ի ճանապարհս արդարութեան գտանի» (Առակաց 16:31)։

Ձեր ծերությունը մեզ համար պարծանքի պսակ է, քանզի դա արդարության ճանապարհին հաստատ մնալու մասին է խոսում։

Սաղմոսերգուի աղոթքը մեր աղոթքն է ձեզ համար. «Դու ես համբերութիւն իմ, Տէր, Տէր, յոյս իմ ի մանկութենէ իմմէ… Մի՛ ընկենուր զիս, Տէր, ի ժամանակի ծերութեան, ի պակասել զօրութեան իմոյ մի՛ թողուր զիս» (Սաղմոս 70:5,9)։

Թող Տերը, որն առաջնորդել է ձեզ կյանքի բոլոր հանգրվաններում, այսօր ևս Իր ամենազոր աջով պահպանի ու զորացնի ձեզ։

Սիրելի՛ ավագներ, ձեր ներկայությունն օրհնություն է մեր թեմի համար, իմաստության աղբյուր, ձեր խոսքը՝ ուղղություն և խրատ, ձեր լուռ հավատարմությունը՝ օրինակ ու պատգամ։

Դուք այն արմատներն եք, որով  սնվում և զորանում են մեր զավակներն ու թոռները։

Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը խաղաղություն պարգևի ձեր հոգիներին, առողջություն և զորություն՝ ձեր մարմիններին, մխիթարություն՝ ձեր սրտերին։

Թող Քրիստոսի շնորհը բնակվի ձեր մեջ, և Սուրբ Հոգու մխիթարությունը լիացնի ձեր օրերը հույսով ու լույսով։

Շնորհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանդ: Ամեն

 

Մակար եպիսկոպոս Հակոբյան

Սյունյաց թեմի առաջնորդ

 

 

 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts