Մոսկվայում Փաշինյանի հայտարարությունները «խճճված» են որակել

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «խճճված» է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ:

«Հայաստանի եվրոպական ձգտումների վերաբերյալ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի նախագահների մայիսի 29-ի համատեղ հայտարարության մեջ նշվում է սեղմ ժամկետներում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում հետագա մնալու վերաբերյալ այդ երկրում համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին:

 

Ընդ որում, նշվել է, որ այդ հարցը վերստին քննարկվելու է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի դեկտեմբերին կայանալիք նիստի ընթացքում, երբ պետությունների ղեկավարներին պետք է ներկայացվի զեկույց՝ Հայաստանի նկատմամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետեւանքների մասին: 

 

Ակնհայտ է, որ եթե մինչ այդ պահը հանրաքվեի մասին կոչին ականջալուր չլինեն, ղեկավարները հաշվի կառնեն այդ փաստը համապատասխան հետագա համատեղ քայլերը որոշելիս:

 

Իմ կողմից ավելացնեմ, որ Հայաստանի Սահմանադրության 205-րդ հոդվածը ենթադրում է, որ նման հանրաքվեն պետք է նախաձեռնվի հենց Հայաստանի կառավարության կողմից: Միեւնույն ժամանակ, 2025 թվականին «Եվրոպական միությանը միանալու գործընթաց սկսելու մասին» ապագա օրենքի քննարկման ժամանակ մեզ ասում էին, որ, չնայած սահմանադրության դրույթներին, դրա ընդունումը հանրաքվեի անցկացում չի պահանջում, քանի որ տվյալ փաստաթուղթն ընդամենը ոչինչ չնշանակող քաղաքական հռչակագիր է: Հիմա էլ լսում ենք, թե Հայաստանում հունիսյան ընտրությունների արդյունքներն իբրեւ արդեն իսկ եվրոպամետ կուրսին համազգային աջակցության, երկրում եվրոպական նորմերի ու կանոնների հետագա ներդրման ապացույց են, ուստի՝ դարձյալ հանրաքվեի կարիք չկա: Հիշեցնեմ, որ նախընտրական արշավի ընթացքում Փաշինյանն անում էր երբեմն տրամագծորեն հակասական եւ խճճված հայտարարություններ: Ընդ որում, երբեմն նաեւ բավականին բացահայտ ընդունում էր, որ Հայաստանին ԵՄ դեռ ոչ ոք չի հրավիրել, եւ որ դրա անդամ նա ընդհանրապես կարող է երբեք էլ չդառնալ:

 

Իսկապես, արդեն շատ բան է ասվել, սակայն դա ամենեւին հստակություն չի ավելացնում: Հենց այդ պատճառով էլ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ղեկավարները հայտարարեցին անհրաժեշտության մասին՝ պարզելու, թե ի վերջո ինչ են մտածում Հայաստանի բնակիչները տվյալ հարցի շուրջ: Ընդ որում՝ ոչ թե վերացական-տեսական հարթության մեջ («ցանկանո՞ւմ եք արդյոք ԵՄ-ին միանալ»), այլ կոնկրետ-գործնական. պատրա՞ստ եք արդյոք հրաժարվել ԵԱՏՄ-ին անդամակցությունից հանուն ապագայում ԵՄ-ին միանալու՝ ոչ ամբողջությամբ ակնհայտ հեռանկարի: Հարցի հենց նման ձեւակերպումը կլինի առավել ազնիվ Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաեւ ԵԱՏՄ մյուս անդամների նկատմամբ», – ասել է Միխայիլ Գալուզինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *