Ազգային ժողովի նիստում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վիլեն Գաբրիելյանին հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գարիկ Սարգսյանը.
«Դուք ծնվել եք Խորհրդային Ադրբեջանի Բաքու քաղաքում, ադրբեջանցի տեսե՞լ եք։ Հարցը խորքային է, խնդրում եմ պատասխանեք՝ կարո՞ղ է պատահի, որ 5-6 տարեկանում հավաքագրված լինեք Խորհրդային Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից»,- հարցրեց Սարգսյանը։
Անդրադառնալով հարցին՝ Վիլեն Գաբրիելյանը նշեց, որ դրանում որոշակի սարկազմ է տեսնում, ինչի մեջ վատ բան չկա. «Չեմ կարծում, որ այդ տարիքում հետաքրքրություն եմ ներկայացրել, իսկ ադրբեջանցի երեխաների հետ շփվել, խաղացել եմ»։
Գաբրիելյանը հավելեց, որ հասուն տարիքում ևս շփումներ ունեցել է. «Ինչ վերաբերում է հասուն տարիքում շփվելուն, շփվել եմ ադրբեջանցիների, թուրքերի հետ. մինչ պատգամավոր լինելն էլ Ռուսաստանի Դաշնությունում եմ շփվել, այլ երկրներում եմ շփվել։ Ինչ վերաբերում է հավաքագրված լինելուն, ապա միանշանակ և աներկբա՝ ո՛չ, չի՛ կարող նման բան լինել»։
Leave a Reply