Շուշիից Մուսալեռ գաղթած Տեր Մեսրոպը եւ հասունացող նոր «սառը պատերազմը»

Written by

in

Literary Hub հարթակը հրապարակել է մի հատված Հաննա Լյուսինդա Սմիթի «Հինթերլենդս. Արեւմուտքի ծայրամասերում հասունացող նոր սառը պատերազմը» (Hinterlands: The New Cold War Brewing at the Peripheries of the West) գրքից, որի թարգմանությունը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

 

Հաննա Լյուսինդա Սմիթը The Times-ի եւ The Economist-ի հեղինակ է: Նա համագործակցել է The Atlantic-ի, Wired-ի, The Times Literary Supplement-ի եւ այլ պարբերականների հետ։ Բնակվում է Ստամբուլում։

 

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու խաչը սեւ ուրվագծով առանձնանում է գունատ ձմեռային երկնքի ֆոնին։ Ներսում, վարդագույն քարե պատերի միջեւ, երիտասարդ քահանան արծաթե բուրվառով խունկ է ճոճում։ Բուրավետ ծուխը գալարվում է՝ բարձրանալով արեւի լույսի շողերի միջով, մինչ Տեր Մեսրոպն իր հարուստ բարիտոնով պատարագ է մատուցում տասնմեկ հավատացյալի՝ ութ մեծահասակի եւ երեք փոքր երեխայի ներկայությամբ։ Պատերին ամրացված սրբապատկերները համեստ են։ 2000 թվականին կառուցվելուց հետո, զբաղեցնելով Մուսալեռ գյուղի ամենաբարձր կետը, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին մեծ մասամբ փակ է մնացել։ Միայն 2023 թվականի վերջին, երբ Տեր Մեսրոպը եւ նրա փոքրիկ համայնքը հաստատվեցին այստեղ, եկեղեցու դռները կրկին բացվեցին, եւ սրբազան երգեցողությունը լցվեց մինչեւ նրա բարձր գմբեթները։

Լուսանկարը` Մուսալեռի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ֆեյսբուքյան էջ

Մինչ այդ նրանք հավաքվում էին Արցախում (միջազգայնորեն հայտնի որպես Լեռնային Ղարաբաղ)՝ Կովկասի այն հատվածում, որը դարեր շարունակ եղել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վեճի առարկա։ Քսաներորդ դարի մեծ մասի ընթացքում այն կառավարվում էր Մոսկվայից՝ գտնվելով Խորհրդային Ադրբեջանի Հանրապետության կազմում։

 

Լեռնային Ղարաբաղն ուներ խառը բնակչություն՝ քրիստոնյա հայեր եւ մուսուլման ադրբեջանցիներ, որոնց հերթով բնակեցնում կամ դուրս էին մղում տարածաշրջանից, քանի որ կայսրության ղեկավարությունը փորձարկում էր իր ծայրամասերի ժողովրդագրական պատկերը։ Խորհրդային Միության փլուզումից հետո երկու համայնքները միմյանց դեմ դուրս եկան, եւ երկար տարիներ կուտակված էթնիկ ու կրոնական թշնամանքը վերածվեց բաց հակամարտության։ Լեռնային Ղարաբաղում պատերազմը սկսվեց 1980-ականների վերջին, իսկ ամենաթեժ փուլը 1992-1994 թվականներին էր։ Պատերազմի ավարտին զոհվել էր ավելի քան 25 հազար մարդ, շուրջ մեկ միլիոնը ստիպված էր լքել իր տունը, իսկ ամբողջ տարածքն անցել էր էթնիկ հայերի վարչակազմի վերահսկողության տակ։

Լուսանկարը` Մուսալեռի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ֆեյսբուքյան էջ

Տարածաշրջանի բերրի ցածրադիր հատվածների քաղաքները, որտեղ ժամանակին ապրում էին ադրբեջանցի գյուղացիներ եւ առեւտրականներ, դատարկվեցին, ապա թալանվեցին, ականապատվեցին եւ վերածվեցին ռազմական բուֆերային գոտիների։ Լեռնային հատվածում արցախահայերը ստեղծեցին քվազի-պետություն, որը Հայաստանի հետ կապվում էր լեռնային ճանապարհով եւ բոլոր կողմերից շրջապատված էր թշնամական Ադրբեջանի հետ շփման գծով։ Արցախի բնակչությունը կազմում էր շուրջ 150 հազար մարդ, որոնց մեծ մասն ապրում էր Ստեփանակերտում, Շուշիում եւ այդ քաղաքների միջեւ ու շրջակայքում գտնվող գյուղերում։

 

Այն որպես ինքնիշխան պետություն չէր ճանաչվել ոչ մի երկրի կողմից, անգամ Հայաստանի, թեեւ հենց Հայաստանն էր արտաքին աշխարհի հետ այն կապող հիմնական օղակը, իսկ Արցախի բնակիչներն իրավունք ունեին ստանալու Հայաստանի քաղաքացիություն։ Միավորված ազգերի կազմակերպության եւ միջազգային հանրության մեծ մասի տեսանկյունից Արցախը Լեռնային Ղարաբաղն էր՝ Ադրբեջանի օկուպացված տարածքը։

 

Եվրոպայի ծայրամասերում գտնվող փոքր երկրները կրկին դաշինքներ են կազմում մեծ տերությունների հետ… Պատմությունը մեզ սովորեցնում է, որ այս տարածաշրջաններում տեղի ունեցող փոքր ցնցումները հաճախ շատ ավելի լայնածավալ իրադարձությունների առաջին նախանշաններն են։

Լուսանկարը` Մուսալեռի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ֆեյսբուքյան էջ

Սակայն Տեր Մեսրոպի համար սա պարզապես տուն էր։ Նա ծնվել էր 1964 թվականին՝ հարթավայրային Աստղաշեն գյուղում, երբ տարածաշրջանը գտնվում էր Խորհրդային Միության կազմում, իսկ կրոնն արգելված էր։ Այդուհանդերձ, նա ամեն երեկո տեսնում էր, թե ինչպես է մայրը գաղտնի աղոթում, եւ հարցնում, թե ում հետ է խոսում։ 

 

«Մի՛ խանգարիր ինձ», – ասաց նա երիտասարդ տղային։

 

Երբ մայրը սրտի հետ խնդիրներ ունեցավ, Մեսրոպը որոշեց, որ ինքն էլ պետք է խոսի այդ անտեսանելի անձի հետ։

 

«Չգիտեմ՝ ով ես դու, բայց խնդրում եմ՝ օգնիր»,– ասաց նա՝ հայացքը երկնքին։

 

Աղոթքը պատասխան ստացավ, եւ մայրը ողջ մնաց։ Դրանից հետո Մեսրոպը սկսեց վառ երազներ տեսնել հրեշտակների մասին, իսկ տարիներ անց մի երազում հայելու մեջ նայեց եւ իրեն տեսավ որպես քահանա։ Նրա խոսքով՝ մինչ այդ երբեք քահանա չէր տեսել։ Այդ ժամանակ հասկացավ, թե որն է իր կոչումը։

 

Խորհրդային Միության փլուզումից հետո կրոնական վերածնունդ սկսվեց։ Հայ Առաքելական եկեղեցին հիմնեց Արցախի թեմը եւ իր առաջին պատարագը մատուցեց 13-րդ դարի Գանձասարի վանքում, որը կառուցված է Հայաստանին բնորոշ վարդագույն տուֆից եւ վեր է խոյանում կանաչապատ բլրի գագաթին։ Վերջին անգամ այդ վանքի պատերի ներսում պատարագ էր մատուցվել 1930 թվականին՝ նախքան Իոսիֆ Ստալինի հրամանով Խորհրդային Միությունում եկեղեցիների փակումը։ Այժմ դրանք կրկին բացվում էին, նույնիսկ այն ժամանակ, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմը սաստկանում էր։

Լուսանկարը` Մուսալեռի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ֆեյսբուքյան էջ

1992 թվականին Տեր Մեսրոպին ուղարկեցին Շուշի, որը հայկական ուժերը նոր էին գրավել։ Հին լեռնային քաղաքը սրբազան նշանակություն ունի թե՛ հայերի, թե՛ ադրբեջանցիների համար, եւ կողմերից ոչ մեկը չի ընդունում մյուսի հավակնությունները նրա հողի ու քարերի նկատմամբ։ Խորհրդային ժամանակաշրջանի վերջին Շուշիի բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներ էին, սակայն այդ ժամանակ նրանք բոլորն արդեն լքել էին քաղաքը։ Նրա մզկիթները դատարկվել էին, մինչդեռ եկեղեցիները վերականգնվում էին։ 

 

Տեր Մեսրոպը ստանձնեց 18-րդ դարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խնամքը, որը հայտնի էր որպես Կանաչ եկեղեցի՝ ժամանակին նրա տանիքը զարդարող կանաչավուն գմբեթների պատճառով։

 

Նրա համայնքին միացած առաջին մարդկանցից մեկը Գայանա Ալբայանն էր, որն Աստծո մասին իմացավ սեփական մտորումների ու պատահաբար լսած աղոթքների շնորհիվ։ Նրա տատիկը Սուրբ Մարիամի պատկերակը պահում էր զգեստապահարանի վերեւում եւ ամեն կիրակի այն իջեցնում էր՝ աղոթելու համար։ 

 

Սակայն շաբաթվա ընթացքում դպրոցում ուսուցիչը Գայանային ասում էր, որ Աստված գոյություն չունի։ Նա վազում էր տատիկի մոտ՝ բացատրություն խնդրելու։

 

«Քո ուսուցիչն էլ է հավատացյալ,– ասում էր տատիկը,– պարզապես համակարգը ստիպում է նրան հակառակը խոսել»։ Եվ իսկապես, երբ եկեղեցիները վերաբացվեցին, Գայանայի նախկին ուսուցիչը առաջիններից էր, ով կանգնեց ծխական համայնքի առաջին շարքերում։

 

1990-ականների պատերազմի ընթացքում Գայանայի գյուղը հայտնվեց ռազմաճակատի գծում։ Երբ սկսեցին տեղալ «Գրադ» հրթիռների հարվածները, նա նախ տեղափոխվեց Ստեփանակերտ, ապա՝ Շուշի։

 

«Ամեն ինչ փլուզվում էր։ Բայց նաեւ հոգեւոր վերածնունդ էր տեղի ունենում», – ասաց նա։ Երբ 1994 թվականին պատերազմն ավարտվեց հայկական կողմի հաղթանակով, սկսվեց այն, ինչ Գայանան անվանեց «մեծ ժամանակաշրջան»։

 

Քարտեզի վրա այն անհույս տեսք ուներ։ Արցախը մոխրագույն գոտի էր՝ չճանաչված մի տարածք, որն ավելի հայտնի էր միջանկյալ կարգավիճակով, քան իր հուշարձաններով, բնական գեղեցկությամբ կամ պատմությամբ։ Այդ ստատուս քվոյի պայմաններում մեծացավ մի ամբողջ սերունդ, որի ներկայացուցիչներն իրենց հպարտությամբ անվանում էին «ազատության մեջ ծնված սերունդ»։

Լուսանկարը` Մուսալեռի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ֆեյսբուքյան էջ

Դավիթ Սարգսյանը՝ Մուսալեռ գյուղում Տեր Մեսրոպի կողքին խունկ ծխող երիտասարդ քահանան, ծնվել է 1997 թվականին՝ պատերազմի ավարտից երեք տարի անց։ Նա երբեք չի ապրել այն ժամանակաշրջանում, երբ կրոնն արգելված էր, իսկ Արցախը գոյություն չուներ։ Տասնութ տարեկանում նա երկու տարով զորակոչվեց Արցախի բանակ, ինչը յուրաքանչյուր երիտասարդի պարտականությունն էր։ Այնտեղ նա պահպանում էր սահմանները՝ երբեմն փոխհրաձգությունների մեջ մտնելով ադրբեջանական ուժերի հետ։ Գրեթե ամեն օր կրակոցներ էին հնչում, իսկ չեզոք գոտին ծածկված էր ականներով։ 

 

Գայանայի ամուսինը՝ Նորիկը, զոհվել էր 2014 թվականին՝ ականի պայթյունի հետեւանքով: Դա տեղի էր ունեցել գյուղական արահետի վրա, որով նա բազմիցս անցել էր նախկինում։ 

 

«Բայց այդ օրը նա ձիով էր իջնում»,– ասաց նա։ «Հավանաբար, լրացուցիչ ծանրությունն էր պատճառը, որ ականը գործեց»։

 

2020 թվականին Արցախի ստատուս քվոն սկսեց փոխվել։ Նավթով հարուստ Ադրբեջանը 1990-ականներին Կասպից ծովի հատակում գազի պաշարներ հայտնաբերեց, եւ նավթային եկամուտները լցրեցին երկրի գանձարանը։ Բաքվի՝ երկրի ծովափնյա մայրաքաղաքի, երբեմնի խարխուլ բուլվարները վերափոխվեցին, իսկ շքեղ ապրանքանիշները փոխարինեցին ափամերձ տարածքների մռայլ, կիսադատարկ խորհրդային շուկաներին։

Լուսանկարը` Մուսալեռի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ֆեյսբուքյան էջ

Նավթային ոլորտի աշխատողները իրենց բարձր աշխատավարձերը ծախսում էին այն ուղեկցուհիների վրա, որոնք Բաքու էին գալիս առավել աղքատ հետխորհրդային երկրներից։ Նավթային եկամուտները հենասյուն դարձան Հեյդար Ալիեւի ռեժիմի համար։ Ալիեւը՝ նախկին խորհրդային պաշտոնյան, 1993 թվականին Ադրբեջանի նախագահ դարձավ, երբ հեղաշրջման հետեւանքով տապալվեց երկրի առաջին եւ մինչ օրս միակ ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդ Աբուլֆազ Էլչիբեյի իշխանությունը։

 

Ալիեւը վերակազմավորեց խորհրդային ոճի ոստիկանական պետությունը, եւ երբ մեկ տասնամյակ անց մահացավ, իշխանությունը փոխանցվեց նրա որդուն՝ Իլհամին։ Արցախի կորուստը դարձավ Ադրբեջանի հետխորհրդային ազգային պատմության հիմքերից մեկը՝ այն խոստման հետ մեկտեղ, որ մի օր այն կվերադարձվի։ 

 

Տարածաշրջանից հեռացած փախստականներից շատերը սեփական ուժերով գոյատեւում էին Բաքվի շրջակայքի տնակային թաղամասերում՝ արժանանալով քաղաքաբնակների արհամարհանքին, նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց ծանր դրությունը օգտագործվում էր որպես քաղաքական գործիք։ Իլհամ Ալիեւը շարունակեց հոր ավտորիտար ժառանգությունը՝ բանտարկելով իր քննադատներին եւ հարստացնելով իր ընտանիքն ու մերձավոր շրջապատը, միաժամանակ փորձելով բարելավել երկրի միջազգային կերպարը՝ հյուրընկալելով «Ֆորմուլա 1»-ի մրցարշավներ եւ «Եվրատեսիլ» երգի մրցույթը։

 

2020 թվականի սեպտեմբերի 27-ին իր զինանոցը ժամանակակից սպառազինությամբ համալրած Ադրբեջանը սկսեց լայնածավալ հարձակումը Արցախի դեմ։ Դավիթ Սարգսյանը, ինչպես եւ մարտական տարիքի մյուս բոլոր տղամարդիկ, առաջնագիծ կանչվեց։ Շուշին հայտնվեց ռմբակոծությունների տակ։ Տեր Մեսրոպն իր ծխականներին տեղափոխեց Կանաչ եկեղեցու նկուղներ, որոնք նշանակվել էին որպես պաշտոնական ապաստարան։ Քաղաքից դուրս գալն անհնար էր։ Ադրբեջանական ուժերն օգտագործում էին նոր հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը՝ առավոտից երեկո հարվածներ հասցնելով քաղաքին։ Երբ հարձակումների միջեւ դադարներ էին լինում, նրանք, ովքեր կարող էին տեղաշարժվել, դուրս էին գալիս սնունդ փնտրելու։ Պաշարները սպառվում էին։ Քանի որ բոլոր երիտասարդները գտնվում էին առաջնագծում, հացատների մեծ մասը դադարեց աշխատել։ Շուշիի Ղազանչեցոց տաճարը, որը հայտնի է նաեւ որպես Սպիտակ եկեղեցի՝ իր բաց գույնի կրաքարե պատերի պատճառով, խոցվեց ադրբեջանական հրթիռային հարվածներից։

 

Քառասունչորս օր անց Արցախի քաղաքական ղեկավարները ստորագրեցին հրադադարի համաձայնագիր, որով Շուշին հանձնվեց Ադրբեջանին։ Մնացած քաղաքացիական բնակչությանը հրամայվեց անհապաղ լքել քաղաքը։ Նրանք վերցրին այն ամենը, ինչ կարող էին, եւ հեռացան՝ ոմանք Ստեփանակերտ, մյուսները՝ Հայաստան։ Տեր Մեսրոպը ժամանակ չուներ որեւէ բան վերցնելու այն եկեղեցուց, որտեղ գրեթե երեսուն տարի ծառայել էր։ Երբ զորացրվեց առաջնագծից, նա այլեւս չուներ հայրենի քաղաք, ուր կարող էր վերադառնալ։

Լուսանկարը` Մուսալեռի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ֆեյսբուքյան էջ

Շուշիից բացի, Ադրբեջանը վերականգնեց վերահսկողությունը նաեւ ամբողջ հարթավայրի նկատմամբ՝ յոթ շրջանների, որոնք երեք տասնամյակ շարունակ աստիճանաբար քայքայվել էին։ Տարածքը պատված էր ականներով, որոնց մաքրման համար տարիներ էին պահանջվելու, սակայն Ալիեւի համար սա նշանակալից հաղթանակ էր։

 

Արցախի բնակիչների համար դա աղետ էր։ Եկեղեցին լքելուց հետո Տեր Մեսրոպը մեկնեց Ստեփանակերտ, որտեղ ժամանակավորապես բնակվեց որդու տանը։ Այնուհետեւ նրան տեղափոխեցին Ասկերանի եկեղեցի՝ Ադրբեջանի հետ սահմանին մոտ գտնվող լեռնային գյուղում։ Ռուս խաղաղապահները ժամանեցին՝ հրադադարի համաձայնագրի պահպանմանը հետեւելու համար, եւ Տեր Մեսրոպը վստահ էր, որ Ադրբեջանն այլեւս առաջ չի շարժվի։ Նա սխալվում էր։ 

 

2022 թվականի դեկտեմբերին Բաքուն սկսեց ուժեղացնել ճնշումը՝ շրջափակելով Ստեփանակերտը, փակելով դեպի Հայաստան տանող նրա միակ ճանապարհը եւ միաժամանակ ընդհատելով գազամատակարարումն ու էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Հաջորդ ամիսների ընթացքում քաղաքը սկսեց սովի մատնվել։

 

Ասկերանում Տեր Մեսրոպը եկեղեցու բակում բանջարեղեն էր աճեցնում՝ շնորհակալություն հայտնելով Աստծուն, որ քաղաքից դուրս է գտնվում։ Սակայն 2023 թվականի սեպտեմբերի 18-ին Ադրբեջանը հարձակում սկսեց Արցախի մնացած տարածքների դեմ, իսկ ռուս խաղաղապահները ոչինչ չարեցին դա կանխելու համար։ 

 

Այս անգամ պատերազմը տեւեց ընդամենը երկու օր, մինչեւ Արցախի իշխանությունները հանձնեցին իրենց վերահսկողության տակ մնացած տարածքը եւ հայտարարեցին ինքնալուծարման մասին։ Արցախի երեք նախկին նախագահներ եւ մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվեցին եւ շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում։ Ավելի քան 100 հազար մարդ՝ ամբողջ բնակչությունը, փախուստի դիմեց։

Լուսանկարը` Մուսալեռի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ֆեյսբուքյան էջ

Այժմ, որպես փախստական, Տեր Մեսրոպը վերակազմավորում է իր համայնքը Մուսալեռի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում՝ մայրաքաղաք Երեւանից կես ժամվա ճանապարհի վրա գտնվող խաղաղ գյուղում, որտեղից հեռվում երեւում են սրբազան Արարատ լեռան եռանկյունաձեւ ու ձյունածածկ գագաթը։

 

Ամեն կիրակի Տեր Մեսրոպի պատարագներին եկող հավատացյալները նույն մարդիկ են, որոնց նա ծառայել էր Շուշիում եւ Ասկերանում։ Գյուղի տեղացիները, նրա խոսքով, առանձնապես հետաքրքրված չեն։ Նրա կողքին է Դավիթ Սարգսյանը, իսկ Գայանա Ալբայանի ձայնը լցնում է այս փոքրիկ տարածքը, այլ ոչ Շուշին, որտեղ նա այլեւս չի կարող վերադառնալ։ Այլեւս չկա նաեւ Կանաչ եկեղեցին, որտեղ կարելի էր պատարագ մատուցել. արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ այն ավերվել է իր նոր տերերի կողմից՝ քարտեզից ջնջվելով այնպես, ինչպես Արցախը։

 

***

 

Սա գիրք է աշխարհաքաղաքականության մասին, բայց միաժամանակ նաեւ մարդկանց. այն մասին, թե ինչպես են համաշխարհային իրադարձությունները ձեւավորում նրանց կյանքը։ 2020-2023 թվականներին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը առաջին հայացքից երկու փոքր երկրների միջեւ երկարատեւ հակամարտության վերջին գլուխն էր՝ բախում, որի արմատները ձգվում էին դեպի էթնիկ եւ կրոնական տարաձայնություններ, եւ որը տեղի էր ունենում մի վայրում, որը քչերն էին կարողանում գտնել քարտեզի վրա։ Սակայն այդ պատերազմի հիմքում ընկած էին ավելի լայն գլոբալ ուժային տեղաշարժեր, որոնք Եվրոպային ներքաշել են մայրցամաքային դիմակայության մեջ։ 

 

Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմները միաժամանակ եւ՛ Խորհրդային Միության փլուզման հետցնցումներն էին, եւ՛ ժամանակակից Եվրոպայի երկու առանցքային ուժային դերակատարների՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աճող հավակնությունների դրսեւորումը։

 

Նրանց միջեւ նմանությունները ապշեցուցիչ են։ Նրանք, թերեւս, քսանմեկերորդ դարի ավտորիտար առաջնորդների ամենաբնորոշ օրինակներն են՝ ղեկավարներ, ովքեր իշխանությունը պահպանում են իրական ժողովրդականության, ընտրական եւ ինստիտուցիոնալ միջամտությունների, ինչպես նաեւ բացահայտ ճնշումների համադրությամբ։ Երկու տղամարդիկ էլ իշխանության եկան դարի սկզբին: Պուտինի դեպքում դա տեղի ունեցավ բառացիորեն. 1999 թվականի դեկտեմբերի 31-ին նա նշանակվեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնակատար, իսկ հինգ ամիս անց պաշտոնապես ստանձնեց նախագահի պաշտոնը։ Էրդողանը Թուրքիայի վարչապետ դարձավ 2003 թվականի մարտի 15-ին: Մինչ այդ նա մի քանի տարի Ստամբուլի խարիզմատիկ եւ հակասական քաղաքապետն էր։ Այսօր նրանք աշխարհի ամենաերկար պաշտոնավարող պետությունների ղեկավարների թվում են։ 2024 թվականի դեկտեմբերին, Ասադի՝ Սիրիայից փախուստից հետո, ինքնավստահությամբ լցված Էրդողանը հայտարարեց, որ ինքն ու Պուտինը «աշխարհի միակ երկու առաջնորդներն» են։

Լուսանկարը` REUTERS

Երկու տղամարդիկ էլ ժառանգեցին տնտեսական ճգնաժամերի հետեւանքները։ Թուրքիայում տասնամյակների ընթացքում կուտակված ֆինանսական վատ կառավարման հետեւանքը գագաթնակետին հասավ 2001 թվականին՝ ֆոնդային շուկայի փլուզմամբ եւ արժույթի կտրուկ արժեզրկմամբ։ Ռուսաստանը, կոմունիզմի փլուզումից հետո, ապրեց գրեթե լիակատար տնտեսական քայքայում, երբ պետական ընկերությունները հայտնվեցին այն մարդկանց վերահսկողության տակ, ովքեր հետագայում օլիգարխներ դարձան։ Այդ ընկերությունների միջոցով ժամանակին ապահովվող աշխատատեղերը անհետացան։

 

Ռուսաստանը, ինչպես եև Թուրքիան,1990-ականներին տուժեց հիպերինֆլյացիայից, եւ բնակչության մեծ մասը հայտնվեց աղքատության մեջ։ Սակայն նոր դարի առաջին տասնամյակում այս երկու առաջնորդները վերահսկեցին նախ վերականգնման, ապա՝ տնտեսական աճի փուլը։ Երկու տղամարդիկ էլ, չնայած իրենց երկրներում առկա կասկածներին՝ կապված կոռուպցիայի եւ ավտորիտար միտումների հետ, Արեւմուտքում մեծ մասամբ ընդունվեցին որպես բարեփոխիչներ եւ խոստումնալից տնտեսական գործընկերներ:

 

Պուտինն ու Էրդողանը եւս մեկ ընդհանրություն ունեն. երկուսն էլ ձգտում են իրենց երկրները վերածել խոշոր տերությունների, որոնք կարող են ազդել համաշխարհային իրադարձությունների ընթացքի վրա եւ վերջ դնել ամերիկյան գերիշխանության դարաշրջանին։ Դոնալդ Թրամփը նրանց համար լայն հնարավորություններ է ստեղծում։ 2025 թվականի փետրվարի վերջին ես մասնակցեցի եվրոպացի դիվանագետի կազմակերպած ընթրիքին։ Նա անկեղծորեն խոսեց Եվրոպայի առջեւ ծառացած նոր իրականության մասին։

 

«Եթե Ռուսաստանը վաղը ներխուժի Բալթյան երկրներ, Եվրոպան ոչինչ չի կարողանա անել։ 5-րդ հոդվածն (ՆԱՏՕ-ի երկրների հավաքական պաշտպանության մասին-Մեդիամաքս) այլեւս գոյություն չունի»,– ասաց նա։

 

Մենք ապշած լսում էինք նրան։

 

«Ուրեմն ի՞նչ է մնացել ՆԱՏՕ-ից»,– հարցրի ես։

 

«Ոչինչ։ Ոչինչ չի մնացել»,– պատասխանեց նա։ 

 

Դիվանագետի խոսքերը հաստատում էին այն, ինչ արդեն որոշ ժամանակ ակնհայտ էր. Թրամփի վերընտրությունից հետո մայրցամաքում լայնածավալ պատերազմի տարածման վտանգն ավելի էր մեծացել։ ԱՄՆ նախագահի կողմից 2026 թվականի առաջին օրերին Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի պաշտոնանկությունը, որին կարճ ժամանակ անց հաջորդեցին Իրանի գործերին միջամտելու եւ Գրենլանդիան բռնակցելու սպառնալիքները, միայն ամրապնդեցին այդ ընկալումը։ Սակայն իրականում նոր համաշխարհային պատերազմը սկսվել էր ձեւավորվել դեռ տարիներ առաջ։

Լուսանկարը` REUTERS

Եթե Պուտինի Ռուսաստանը Եվրոպայի համար ակնհայտ հակառակորդ է, Էրդողանի Թուրքիան շատ ավելի երկիմաստ դիրք է զբաղեցնում։ Այն ՆԱՏՕ-ի անդամ է եւ Եվրամիության թեկնածու երկիր, իսկ Եվրոպայի արեւելյան սահմանագծին գտնվելու եւ Բոսֆորի ու Դարդանելի նեղուցների վերահսկման շնորհիվ ունի զգալի ազդեցություն երկու կառույցներում էլ։ Էրդողանը, անկասկած, վերածվել է լիարժեք ավտորիտար առաջնորդի՝ ներսում ճնշելով ընդդիմությանը եւ միաժամանակ դրսում վարելով վիճահարույց ռազմական գործողություններ։

 

Այնուամենայնիվ, նա նաեւ կատարելագործել է պրագմատիկ, գործարքային քաղաքականության այն տեսակը, որը դարձել է նոր Արեւմուտքի բնորոշ գիծը։ Նա առանց ամաչելու օգտագործում է Թուրքիայի կարգավիճակը՝ որպես աշխարհում ամենամեծ թվով փախստականներ ընդունող երկիր, Եվրոպայից ֆինանսական աջակցություն եւ քաղաքական զիջումներ ստանալու համար։ Միաժամանակ, նա իր երկրի ներսում ամենաաղմկահարույց քայլերը հաճախ ժամանակավորում է տարածաշրջանային ճգնաժամերի հետ, երբ Եվրոպան նրա աջակցության կարիքն ունի։ Ավելին, նա վայելում է հմուտ դիվանագետների աջակցությունը, ովքեր նրա երկաթե բռունցքը քողարկում են քաղաքավարի, անգլախոս թավշյա ձեռնոցներով։

 

Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *