Գարեգին Երկրորդ. «Աննկուն պիտի լինենք եւ պաշտպանենք մեր իրավունքները»

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորն ասել է, որ «մենք լի ենք հավատով եւ վճռականությամբ պաշտպանելու մեր արդար իրավունքները՝ երաշխավորված ինչպես մեր պետության սահմանադրությամբ, այնպես եւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով»։

Այդ մասին նա ասել է օգոստոսի 7-ին՝ Մայր Տաճարում տեղի ունեցած երեկոյան ժամերգության ժամանակ: Այն կայացել էր Գարեգին Երկրորդի եւ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործով դատական առաջին նիստից ժամեր անց։

Լուսանկարը` Մայր Աթոռ

«Հայոց Եկեղեցին յուրաքանչյուր հայի հոգեւոր օրրանն ու սրբությունն է։ Մեր Սուրբ Եկեղեցին մեր ժողովրդի հավատքի անսասան ամրոցն է, առաջնորդողը դեպի Աստված ու փրկություն եւ աննահանջ պահապանը հայոց ինքնության ու ազգային-հոգեւոր ժառանգության։ 

 

Մեր օրերում իշխանությունների եւ իշխանական կառույցների կողմից քայլեր են ձեռնարկվում Եկեղեցու հեղինակությունը վնասելու, ինքնավարությունը սահմանափակելու եւ Եկեղեցին իրենց կամքին հպատակեցնելու, ինչպես եւ քաղաքական ժամանակավոր նպատակահարմարությունների առջեւ ազգային ինքնության ընկալումը, նվիրական ու սրբազան խորհրդանիշներն ու հիշատակները ձեւափոխելու։ Արդարեւ, Եկեղեցու ինքնավարությունը ազգի բարօրության, պետության հզորացման կարեւոր գրավականներից մեկն է եղել բոլոր ժամանակներում։

Լուսանկարը` Մայր Աթոռ

Ցավով ենք անդրադառնում, որ մեր Սուրբ Եկեղեցին ու հոգեւորականները իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդումների։ Ապօրինի եւ շինծու քրեական գործերով կալանք ու ազատության սահմանափակումներ են կիրառվել մի շարք եկեղեցականների, ազգային բարերարի եւ ազգանվեր ու եկեղեցասեր այլ անձանց նկատմամբ։ Քիչ առաջ վերադարձանք անհիմն եւ հանիրավի մեղադրանքներով նաեւ Մեր եւ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ երկու արքեպիսկոպոսի ու չորս եպիսկոպոսի դեմ հարուցված դատավարության առաջին նիստից, որը չկայացավ դատավորի կողմից ինքաբացարկ հայտնելու պատճառով։

 

Մենք լի ենք հավատով եւ վճռականությամբ պաշտպանելու մեր արդար իրավունքները՝ երաշխավորված ինչպես մեր պետության սահմանադրությամբ, այնպես եւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով։

Լուսանկարը` Մայր Աթոռ

Այս գիտակցությամբ եւ պատասխանատվությամբ, առ ազգն ու հայրենին սիրով Մենք շարունակելու ենք Մեր տերունապատվեր առաքելությունը՝ հակառակ բոլոր դժվարությունների եւ արգելքների:

 

Աննկուն պիտի լինենք եւ միասնաբար համառ ու տեւական ջանքեր ներդնենք, որ դադարեն անիրավությունները մեր երկրում, խտրականությունն ու անհանդուրժողականությունը, տարածում չգտնեն չարակամության ու ատելության խոսույթները։ Մենք պիտի համառ ու տեւական ջանքեր ներդնենք, որպեսզի հայրենական ու ազգային մեր անդաստանը նորոգվի եղբայրասիրությամբ ու համերաշխությամբ, եւ մեր կյանքում գերակայեն ճշմարտությունը, օրինականությունն ու արդարությունը, հարգվեն Եկեղեցու դարավոր կարգերն ու ավանդույթները, որ չվիրավորվեն հավատացյալների բարեպաշտական զգացումները», – ասել է Վեհափառ Հայրապետը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *