Երեւան: Մեդիամաքս: «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը Երեւանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակից չի հանվի, պնդում են պաշտոնյաները:
Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը Հանրային հեռուստաընկերության Լուրերին ասել է, որ օդանավակայանի նոր տերմինալը կինտեգրվի հուշարձան հանդիսացող հին մասնաշենքին, որը «որոշակի վերափոխման կենթարկվի»:
«Աշտարակը պահպանվելու է, կողքի շենքն է որոշակիորեն փոխվելու, բայց բուն հուշարձանի կարգավիճակը կպահպանվի»,- ասել է նա՝ վստահեցնելով, որ «Մաստեր պլանը» առաջիկայում կդրվի հանրային քննարկման եւ բոլոր դիտողությունները հաշվի կառնվեն:
«Հայնախագիծ» ինստիտուտի արվեստանոցի ղեկավար Մհեր Չերքեզյանի խոսքով՝ փոփոխությունը չպետք է ազդի կառույցի ճարտարապետական տեսքի վրա:
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ օդանավակայանն ընդլայնման հնարավորություն ունի եւ կարող է բավարարել ժամանակակից պահանջներին՝ առանց հին շենքը քանդելու»,- ասել է նա:
2026 թվականի հունվարին վերանայվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոն պայմանագիրը, որը երկարաձգվել է մինչեւ 2067 թվականը։
Փոփոխություններով նախատեսվում է մինչեւ 2033 թվականը շուրջ 425 միլիոն դոլարի ներդրում՝ «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանների ենթակառուցվածքների ընդլայնման եւ արդիականացման նպատակով։ Ծրագիրը ներառում է նոր ուղեւորային տերմինալի կառուցում, գործող ենթակառուցվածքների ընդլայնում, բեռնափոխադրումների հնարավորությունների զարգացում եւ օդանավակայանի սպասարկման որակի բարելավում։
Օգոստոսի 5-ին »Մոդեռն» շարժման փաստագրման ու պահպանության միջազգային կոմիտե Docomomo-ի Հայստանյան մասնաճյուղը հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, ասված էր.
«Դատապարտում ենք հայկական մոդեռնիզմի հուշարձանների նկատմամբ պետական մարմինների և դրանց ղեկավարների որդեգրած վերաբերմունքն ու մոտեցումները։ Ժառանգությունը, մասնավորապես մոդեռնիստական հուշարձանները, որպես մեր պետության արդի դեմքը ներկայացնող ժառանգության մաս, պետք է զերծ մնա րոպեական, կարճաժամկետ արդյունք ակնկալող տնտեսական և քաղաքական գործընթացներից։ Այն հայ ժողովրդի հավաքական ժառանգության անքակտելի մասն է՝ անկախ կառուցման թվականից։
Այս հայտարարությամբ կոչ ենք անում կառավարությանն ու նրա մարմիններին հրաժարվել Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքն ամբողջությամբ կամ մասնակիորեն պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակից հանելու որոշումից։ Միևնույն ժամանակ առաջարկում ենք Զվարթնոց օդանավակայանի կառավարումը ստանձնած ընկերությանը վերանայել օդանավակայանի ուղևորատար մասնաշենքի ընդլայնումը՝ պահպանելով համաշխարհային նշանակության բարձրարժեք մոդեռնիստական կառույցն ամբողջությամբ»։
Leave a Reply