Հայաստանի մասին նոր չհաստատված պնդումներ՝ ռուսական եթերում․ փաստերի ստուգում (Մաս 2)

Written by

in

ՄԱՍ 1

Ռուսաստանի Առաջին ալիքի «Վովանի և Լեքսուսի շոուի» 2026 թվականի հուլիսի 8-ի թողարկման ընթացքում Հայաստանի վերաբերյալ հնչել էին նաև մի շարք թվային պնդումներ՝ այս անգամ արդեն ՀՀ-ում, Ռուսաստանում և աշխարհում բնակվող հայերի թվի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության մասին։

«Փաստերի ստուգման հարթակը» շարունակում է ստուգել հաղորդման ընթացքում ներկայացված պնդումները։ Այս հոդվածում ուսումնասիրել ենք, թե որքանով են իրականությանը համապատասխանում հաղորդման մասնակիցների հայտարարությունները հայ բնակչության թվաքանակի, ՀՀ–Ադրբեջան առևտրաշրջանառության, ինչպես նաև Ռուսաստանից Հայաստան ֆինանսական փոխանցումների վերաբերյալ։

Նախորդ հրապարակումը — Հայաստանի մասին հնացած թվեր, սխալ ձևակերպումներ և չհաստատված տվյալներ՝ ռուսական եթերում

Պնդում 5

Հաղորդման ընթացքում (46:20-46։45րոպե) մասնակիցները պնդում են, որ Ռուսաստանում ապրում է 2.5–3 մլն հայ, Հայաստանում՝ 3.1 մլն, իսկ հայկական սփյուռքի թվաքանակը կազմում է 15–20 մլն։

Փաստերի ստուգումը․ Ռուսաստանում ապրող հայերի պաշտոնական թիվը 947 հազար է

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Ռուսաստանում բնակվող հայերի թվաքանակի վերաբերյալ պնդումը և արձանագրել, որ այն պաշտոնական վիճակագրությամբ չի հաստատվում։ Միաժամանակ հարկ է նշել, որ Ռուսաստանի իշխանությունները բնակչության ազգային կազմի վերաբերյալ ընթացիկ վիճակագրություն չեն հրապարակում, ուստի այս հարցի պաշտոնական աղբյուրը մարդահամարի տվյալներն են։
Ռուսաստանում բնակվող քաղաքացիների ազգային պատկանելիությանը վերաբերող հիմնական վիճակագրությունը հիմնված է մարդահամարների արդյունքների վրա։ Վերջին և ամենաթարմ մարդահամարն այդ երկրում անցկացվել է 2020–2021 թվականներին, իսկ արդյունքները հրապարակվել են 2022 թվականին։ «Բնակչության ազգային կազմը» բաժնում ներկայացված են այդ երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների տվյալները։

Ըստ այդ տվյալների՝ ՌԴ-ում ապրող հայերի թիվը 2021 թվականին կազմել է շուրջ 947 հազար մարդ (մոտ 510 հազար տղամարդ և 435 հազար կին)։

Հետևաբար, պնդումը, թե Ռուսաստանում ապրում է 2.5–3 մլն հայ, պաշտոնական վիճակագրությամբ չի հաստատվում։ 

Այս թեմային FIP-ն անդրադաձել էր նաև այս տարվա մայիսին։

ՀՀ մշտական բնակչության թիվը

ՀՀ մշտական բնակչության վերաբերյալ հնչած՝ 3.1 մլն բնակչության մասին պնդումը համապատասխանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալներին։

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 3 100.1 հազար մարդ։ Հետևաբար, ՀՀ-ում 3.1 մլն մշտական բնակչության մասին պնդումը համապատասխանում է պաշտոնական վիճակագրությանը։

Աշխարհում ապրող հայերի թիվը

Հաղորդման մասնակիցների պնդմամբ՝ աշխարհում հայկական սփյուռքի թվաքանակը կազմում է 15–20 միլիոն։

Փաստերի ստուգումը․ պնդման մեջ ներկայացված թվերը չեն համապատասխանում հասանելի պաշտոնական և հեղինակավոր աղբյուրների գնահատականներին

ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կայքի 2023 թվականի հունիսի 5-ի արխիվացված տարբերակում նշվում է, որ, ըստ գնահատականների, աշխարհի ավելի քան 100 երկրներում բնակվում է շուրջ 7 միլիոն հայ։

Սա հայկական սփյուռքի թվաքանակի վերաբերյալ հասանելի վերջին պաշտոնական գնահատականներից է։

Միաժամանակ, վերջին տարիներին  տարբեր   աղբյուրներ, այդ թվում՝ «ՍիվիլՆեթը», ներկայացրել  են առավել բարձր  ցուցանիշ՝ նշելով, որ աշխարհի ավելի քան 100 երկրներում բնակվում է շուրջ 8–10 միլիոն հայ։

Հետևաբար, հաղորդման մեջ հնչած՝ 15–20 միլիոն հայի մասին պնդումը չի հաստատվում  պաշտոնական վիճակագրությամբ և չի համապատասխանում հեղինակավոր աղբյուրներում ներկայացված գնահատականներին։

 Պնդում 6

 

Հաղորդման մասնակից լրագրող Արկադի Խուդաբաշևը նշել է. «Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ Սյունիքով անցնող այս միջանցքի դիմաց կստանա ադրբեջանական գազ։ Եթե հիշողությունս չի դավաճանում, վերջերս հրապարակել էին վիճակագրություն Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սկսված ապրանքաշրջանառության վերաբերյալ։ Ըստ դրա՝ Ադրբեջանը Հայաստան է արտահանել մոտ 11 կամ 12 միլիոն դոլարի ապրանք, իսկ Հայաստանը Ադրբեջան՝ մոտ 9–10 հազար դոլարի ապրանք»։ (17։15-17։35 րոպե–խմբ․)

Փաստերի ստուգումը․ ներկայացված թվերը ՀՀ պաշտոնական մաքսային վիճակագրությամբ չեն հաստատվում

Ըստ ՀՀ մաքսային վիճակագրության՝ 2025 թվականին Ադրբեջանից Հայաստան ներմուծվել է 1 215.1 տոննա նավթամթերք (ԱՏԳ ԱԱ 2710)՝ 873.4 հազար ԱՄՆ դոլար արժեքով։ 2024 թվականին նույն ապրանքախմբով ներմուծում չի արձանագրվել։

2026 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանից Հայաստան ներմուծվել է 3.6 մլն լիտր նավթամթերք՝ 2 մլն 45.3 հազար ԱՄՆ դոլար արժեքով, ինչպես նաև 5 398.1 տոննա նավթամթերք՝ 4 մլն 302.3 հազար ԱՄՆ դոլար արժեքով։

Այսպիսով, 2025 թվականի և 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ մաքսային վիճակագրությամբ Ադրբեջանից Հայաստան ներմուծված նավթամթերքի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 7.2 մլն ԱՄՆ դոլար, ինչը զգալիորեն պակաս է Խուդաբաշևի նշած 11–12 մլն ԱՄՆ դոլարից։

Միաժամանակ,  մաքսային վիճակագրության 2024 և 2025 թվականների տարեկան տվյալներում, ինչպես նաև 2026 թվականի առաջին եռամսյակի տվյալներում Հայաստանից Ադրբեջան արտահանման ցուցանիշներ առկա չեն։

Հետևաբար, Խուդաբաշևի ներկայացրած թվերը չեն համապատասխանում ՀՀ պաշտոնական մաքսային վիճակագրությանը։ Միաժամանակ, հարկ է նշել, որ հաղորդման ընթացքում չի նշվում, թե որ աղբյուրի կամ որ երկրի վիճակագրության հիման վրա են ներկայացվել այդ տվյալները։

Պնդում 7

Հասարակական գործիչ Միկա Բադալյանը նշել է. «Ինչ վերաբերում է փոխանցումներին, միայն Ռուսաստանից ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կազմել են Հայաստանի  ՀՆԱ-ի գրեթե 8%-ը»։ (31:20–31:35)

Փաստերի ստուգումը․ պնդման մեջ ներկայացված ցուցանիշը պաշտոնական տվյալներով չի հաստատվում

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2025 թվականին ՀՀ բանկերի միջոցով Ռուսաստանից ֆիզիկական անձանց անունով Հայաստան մուտք է եղել 3 մլրդ 878.3 մլն ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանից Ռուսաստան փոխանցվել է 749.9 մլն ԱՄՆ դոլար։ Զուտ ներհոսքը կազմել է 3 մլրդ 128.4 մլն ԱՄՆ դոլար։

Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2025 թ․ կազմել է 11 տրլն 317 մլրդ 508.7 մլն ՀՀ դրամ կամ ավելի քան 29,2 մլրդ դոլար։ 

Այսպիսով՝ Ռուսաստանից Հայաստան մուտք եղած փոխանցումները կազմել են ՀՆԱ-ի շուրջ 13.3%-ը, այլ ոչ թե հաղորդման ընթացքում նշված՝ «գրեթե 8%-ը»։

Միաժամանակ, եթե դիտարկվի զուտ ներհոսքը՝ հաշվի առնելով նաև Հայաստանից Ռուսաստան կատարված փոխանցումները, ապա այն կազմել է 3 մլրդ 128.4 մլն ԱՄՆ դոլար, կամ ՀՆԱ-ի շուրջ 10.7%-ը, ինչը նույնպես չի համապատասխանում հաղորդման ընթացքում նշված գնահատականին։

Այսպիսով, «Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հաղորդման ընթացքում Հայաստանի վերաբերյալ հնչած վերոնշյալ թվային և փաստական պնդումների մեծ մասը չի  համապատասխանում  պաշտոնական տվյալներին։

 Մասնավորապես, պաշտոնական վիճակագրությամբ չեն հաստատվում Ռուսաստանում բնակվող հայերի թվաքանակի, աշխարհում հայկական սփյուռքի ընդհանուր թվի, Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության, ինչպես նաև Ռուսաստանից Հայաստան կատարված դրամական փոխանցումների՝ ՀՆԱ-ում ունեցած մասնաբաժնի վերաբերյալ ներկայացված գնահատականները։ 

 

Գայանե Մարկոսյան

 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *