Միգրանտներին Հայաստան տեղափոխելու ծրագիր չկա․ ինչի՞ց է ծագել տարածվող պնդումը

Written by

in

Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածվում է տեղեկություն, թե Եվրոպական Միությունը քննարկում է ԵՄ սահմանների ներսում գտնվող անօրինական միգրանտներին  Հայաստան տեղափոխելու հարցը։ Մասնավորապես, Քաղաքագետների միության նախագահ, ՀՀ խորհրդարանական ընտրություններում պատգամավորության թեկնածու Հմայակ Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «Եվրոպացիները մտմտում են Հայաստանում պարտակել Իտալիա (ամենայն հավանականությամբ նկատի ունի Իսպանիա-Մարրոկո միգրացիոն ճգնաժամի խնդիրը–խմբ․) ներխուժող միգրանտներին»։ Որպես իր ասածի ապացույց նա տեղադրել է մի տեսանյութ, որով հաղորդվում է, թե «Իտալիան առաջարկում է Հայաստանում և ևս մի քանի երկրներում բացել կենտրոն միգրանտներին տեղավորելու համար»։ Այդ հարցը, ըստ նույն աղբյուրի, պլանավորում են օգոստոսի 4-ին քննարկել ԵՄ խորհրդում։

Տեսանյութերը, որ տարածվել են սոցցանցերում` facebook, TikTok (1, 2, 3), ռուսերենով են։ Սոցիալական ցանցերից բացի․ լուրը տարածել են նաև կայքերը, օրինակ, «Սպուտնիկ Արմենիա» ռուսական պետական լրատվամիջոցը այսօր առավոտյան, վկայակոչելով Corriere della Sera իտալական պարբերականին, գրում է, թե «Իտալիան կառաջարկի ստեղծել միգրանտների համար ապրելու կենտրոններ Հայաստանում և մի շարք այլ երկրներում։ Երկրի ներքին գործերի նախարարը օգոստոսի 4-ին կայանալիք Եվրոպական խորհրդի նիստում ներկայացնելու է առաջարկ՝ բացելու նոր կենտրոններ անօրինական միգրանտներին այդտեղ տեղափոխելու համար»։ Ըստ աղբյուրի, այդ երկրների ցանկում նշվում է նաև Հայաստանը։ 

Հատկանշական է, որ «Սպուտնիկ Արմենիա»-ից առաջ,  օգոստոսի 2-ին, գիշերը տեղեկությունը տարածել է ռուսական մեկ այլ քարոզչամիջոց՝ «ՌԻԱ-նովոստի» գործակալությունը։ Նույն տեղեկությունը տարածել է նաև «Вестник Кавказа» ռուսալեզու լրատվամիջոցը։ Վերջինը նկատենք, գործունեությունը ծավալում է Մոսկվայում, խմբագրական բովանդակությամբ մոտ է ռուսական և ադրբեջանական պաշտոնական դիրքավորումներին։ 

Ի դեպ, ուղիղ իտալական պարբերականի հոդվածից այս լրատվամիջոցները ակտիվ հղում չեն ներկայացրել։

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է այս տեղեկության տարածման մեխանիզմները և պարզել՝ արդյոք այն իրականության հետ աղերս ունի։

Նախ պարզել ենք, որ օգոստոսի 4-ին իսկապես կայանալու է ԵՄ ներքին գործերի նախարարների արտահերթ, ոչ պաշտոնական տեսակոնֆերանս։ Սակայն հրապարակված պաշտոնական օրակարգում նշված է միայն Սեուտայում (Իսպանիա-Մարրոկո միգրացիոն ճգնաժամ-խմբ․) ստեղծված իրավիճակի քննարկումը։ Իտալիայի առաջարկի, կենտրոնների կամ Հայաստանի մասին օրակարգում որևէ հիշատակում չկա։ 

Ի՞նչ է իրականում գրել Corriere della Sera-ն

«Փաստերի ստուգման հարթակը» գտել է ռուսական լրատվամիջոցների վկայակոչած՝ օգոստոսի 2-ին Corriere della Sera-ում հրապարակված հոդվածը (այն վճարովի էր-խմբ․)։ Հոդվածի հեղինակը Սիմոնե Կանետիերին է։

Պարբերականը գրում է, որ Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Պիանտեդոզին օգոստոսի 4-ի քննարկմանը պատրաստվում է ներկայացնել ԵՄ միջոցներով ֆինանսավորվող՝ «Ալբանական մոդելով» վերադարձի նոր կենտրոններ ստեղծելու առաջարկ։ Ըստ հրապարակման՝ կենտրոնների մեծ մասը նախատեսվում է տեղակայել աֆրիկյան երկրներում։

Այնուհետև հոդվածում նշվում է, որ արդեն կա այն երկրների նախնական ցանկը, որոնք «կարող են ներգրավվել» նախաձեռնության մեջ։ Դրանք են Ռուանդան, Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, Ուգանդան, Ուզբեկստանը, Հայաստանը, Չեռնոգորիան և Եթովպիան։

Սակայն պարբերականը չի հայտնում, թե ով և ինչ սկզբունքով է կազմել այդ ցանկը, ինչ փաստաթղթում է այն ամրագրված և արդյոք Իտալիայի կամ ԵՄ ներկայացուցիչները կապ են հաստատել թվարկված երկրների իշխանությունների հետ։

Նույն հոդվածում Հայաստանի վերաբերյալ այլ տեղեկություն չկա։ Մասնավորապես, չի ասվում, որ Հայաստանին պաշտոնական առաջարկ է ներկայացվել, բանակցություններ են ընթացել կամ հայկական կողմը համաձայնություն է տվել իր տարածքում նման կենտրոն հիմնելու վերաբերյալ։

FIP.am-ը պարզաբանում է խնդրել ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը տեղեկացրել է, որ Հայաստանի մասով նման տեղեկություն հայտնի չէ։ Այսինքն՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը տեղեկություն չունի երկիրը միգրանտների վերադարձի կենտրոնների ստեղծման նախաձեռնության մեջ ներգրավելու, Հայաստանին նման առաջարկ ներկայացնելու կամ այդ հարցով քննարկումներ անցկացնելու վերաբերյալ։ 

Հայաստանի անունով ցանկը նոր չէ

Հայաստանը հնարավոր երրորդ երկրների ցանկում առաջին անգամ չէ, որ հայտնվում է։ Նույն 12 երկրների ցանկը շրջանառվել է դեռևս 2026 թվականի ապրիլի սկզբին։

Ապրիլի 1-ին AFP գործակալությունը, հղում անելով դիվանագիտական անանուն աղբյուրներին, գրել էր, որ Դանիան, Ավստրիան, Հունաստանը, Գերմանիան և Նիդեռլանդները երրորդ երկրներում վերադարձի կենտրոններ ստեղծելու հնարավորություններ են ուսումնասիրում։

AFP-ն հրապարակել էր ճիշտ նույն ցանկը՝ Ռուանդա, Գանա, Սենեգալ, Թունիս, Լիբիա, Մավրիտանիա, Եգիպտոս, Ուգանդա, Ուզբեկստան, Հայաստան, Չեռնոգորիա և Եթովպիա։

Միաժամանակ գործակալության աղբյուրը հատուկ ընդգծել էր, որ ցանկը վերջնական ու ամբողջական չէ, իսկ քննարկումները խիստ նախնական փուլում են և առայժմ ուղղված են հնարավոր գործընկեր երկրների դիրքորոշումը պարզելուն։

Հետևաբար, Corriere della Sera-ի հոդվածում հիշատակված ցանկը, ըստ ամենայնի, օգոստոսին Իտալիայի կողմից նոր կազմված՝ Հայաստանին ուղղված առաջարկ չէ։ Այն դեռ ապրիլից եվրոպական մի քանի պետությունների քննարկումների համատեքստում շրջանառվող նախնական ցանկն է։

Ովքե՞ր կարող են հայտնվել «վերադարձի կենտրոններում»

Տարածվող հրապարակումներում օգտագործվում են «անօրինական միգրանտների պահման» կամ «տեղավորման կենտրոններ» ձևակերպումները։ ԵՄ փաստաթղթերում, սակայն, դրանք կոչվում են return hubs՝ վերադարձի կենտրոններ։

Դրանք նախատեսված չեն առհասարակ ԵՄ տարածքում գտնվող բոլոր միգրանտների համար։ Այլ նախատեսված են ԵՄ անդամ պետություններում մնալու իրավունք չունեցող երրորդ երկրների քաղաքացիների համար։ Կենտրոնները կարող են ծառայել որպես վերջնական ընդունման վայր կամ որպես տարանցիկ կենտրոն՝ մինչև անձանց իրենց ծագման կամ այլ երկիր վերադարձնելը։

ԵՄ մշակած կանոնների համաձայն՝ նման կենտրոն երրորդ երկրում կարող է ստեղծվել միայն այդ երկրի հետ համաձայնագրի կամ պայմանավորվածության հիման վրա։ Համագործակցող երկիրը պետք է պահպանի մարդու իրավունքների միջազգային չափանիշները և չվերադարձնելու՝ non-refoulement սկզբունքը։ Առանց ուղեկցության անչափահասները նման մեխանիզմներից բացառված են։

Այսինքն, նույնիսկ ԵՄ-ում վերադարձի կենտրոնների իրավական հնարավորության առկայությունը դեռ չի նշանակում, որ կենտրոն կարող է բացվել Հայաստանում առանց Հայաստանի իշխանությունների համաձայնության։

Այսպիսով, չի հաստատվում սոցիալական ցանցերում, կրեմլամերձ քարոզչամիջոցներում տարածվող պնդումը, թե Եվրամիությունը քննարկում է անօրինական միգրանտներին Հայաստան տեղափոխելու կամ այստեղ նրանց համար կենտրոն բացելու հարցը։ Իտալական Corriere della Sera-ն Հայաստանը միայն հիշատակել է հնարավոր ներգրավման ենթակա երկրների նախնական ցանկում՝ չներկայացնելով որևէ տեղեկություն Հայաստանի հետ առաջարկի, բանակցության կամ պայմանավորվածության մասին։ ՀՀ ԱԳՆ-ն ևս հայտնել է, որ Հայաստանի մասով նման տեղեկություն հայտնի չէ։

Հետևաբար, նախնական և չմանրամասնված ցանկում Հայաստանի հիշատակումն անհիմն կերպով ներկայացվել է որպես երկրում միգրանտների կենտրոն բացելու ծրագիր։

Հասմիկ Համբարձումյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *