«Seaside Startup Summit Armenia 2026»-ի շրջանակում հուլիսի 30-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հանդիպել է Չեռնոգորիայի կրթության, գիտության և նորարարության նախարար Անջելա Յակշիչ Ստոյանովիչի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը, իրականացվող բարեփոխումները, ստարտափ էկոհամակարգի զարգացման նախաձեռնությունները, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Անջելա Յակշիչ Ստոյանովիչն իր հերթին անդրադարձել է Չեռնոգորիայում բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջնահերթություններին, թվային ենթակառուցվածքների կատարելագործմանը և կրթական համակարգում թվային հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրերին։
Կողմերը քննարկել են Seaside Startup Summit-ի ձևաչափը հետագայում Չեռնոգորիայում կազմակերպելու հնարավորությունը, ինչպես նաև համատեղ միջոցառումների իրականացման հեռանկարները՝ երկկողմ համագործակցությունը խթանելու նպատակով։
Հանդիպմանը կարևորվել է երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումը՝ անդրադառնալով մասնավորապես ստարտափ էկոհամակարգի, կիբեռանվտանգության, արհեստական բանականության, ինչպես նաև «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության հեռանկարներին։
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունը, կազմակերպել փոխադարձ այցեր և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։
Leave a Reply