Ռուսական պետական Առաջին ալիքով հեռարձակվող «Шоу Вована и Лексуса» հաղորդման հերթական թողարկումն այս անգամ նվիրված էր Հայաստանին։
Հաղորդման հյուրերի թվում էին ռուսական պետական մեդիայի ներկայացուցիչներ, ռուս փորձագետներ և Հայաստանի ներքաղաքական թեմաներով հայտնի մեկնաբաններ, որոնք բազմիցս հանդես են եկել Կրեմլի քաղաքականությանը համահունչ հայտարարություններով։
Հաղորդման ընթացքում ներկայացվել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ պրանկ-զրույցը, հիշել են 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 20 տարվա վաղեմության մի հոդված և անդրադարձել Հայաստանի ներքաղաքական թեմաներին։
«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է հաղորդման ընթացքում հնչած հիմնական պնդումները և համեմատել դրանք փաստերի հետ։ Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանցից մի քանիսը համընկնում են Հայաստանի վերաբերյալ ռուսական պետական տեղեկատվական միջավայրում տարածված նարատիվների հետ՝ սկսած 2018 թվականի հեղափոխության լեգիտիմությունը կասկածի տակ դնելուց մինչև արտաքին դերակատարների ազդեցության մասին պնդումները։
Ընդգծենք՝ FIP.am-ը առանձին հոդվածով նաև անդրադարձել է այդ հաղորդման ընթացքում հնչած տնտեսական ոլորտի վերաբերյալ որոշ պնդումների և պարզել, որ դրանց մեծ մասը չի համապատասխանում իրականությանը։
Կարդացեք նաև Հայաստանի մասին հնացած թվեր, սխալ ձևակերպումներ և չհաստատված տվյալներ՝ ռուսական եթերում
Սխալ 1․ «Հսկայական թվով մարդ դուրս է եկել փողոց միայն ապրիլի 23-ից հետո»
Ռուսական թիվ մեկ քարոզչամիջոցով եթեր հեռարձակված հաղորդման հյուրերից մեկը ազգությամբ հայ Միկա Բադալյանն էր, որի նկատմամբ Հայաստանի իրավապահները քրեական վարույթ են հարուցել։
Կարդացեք նաև Ընտրակաշառք՝ բարեգործության քողի տակ․ Կրեմլից սնվող «Եվրազիա» ՀԿ-ի գործունեությունը Մոլդովայից մինչև Հայաստան
«2018-ին տեղի ունեցածը իշխանության փոխանցում էր։ Այդ հանրահավաքները լավ մտածված բեմականացում էին, որոնց վրա մեծ գումարներ են ծախսվել։ ․․․Հսկայական թվով մարդ դուրս էր եկել փողոց միայն 2018-ի ապրիլի 23-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին։ Մինչ այդ, այդ հանրահավաքները ցրելու և բողոքի ակցիաները վերացնել հնարավոր էր մեկ ժամվա ընթացքում», — ասել է Բադալյանը։
Ի դեպ, հաղորդավարներից մեկին Բադալյանի խոսքերը հիշեցրել են Ուկրաինայում տեղի ունեցածը․ «Մայդանը հիշեք, երբ այնտեղ էլ հնարավոր էր ցրել այդ միտինգները ու հիմա այնպիսի հետևանքներ չէին լինի, ինչպիսին հիմա կան․․․»։
2018-ին մինչև ապրիլի 23-ը հանրահավաքների սակավության մասին Բադալյանի պնդումը սխալ է․ մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ ապրիլի 16-23-ը, արդեն եղել էին զանգվածային ակցիաներ, փողոցների փակումներ, բախումներ ու հարյուրավոր բերման ենթարկվածներ։ Օրինակ ապրիլի 17-ին Հանրապետության Հրապարակում արդեն իսկ շուրջ 30 հազար մարդ է եղել։ Մինչև ապրիլի 23-ը բերման է ենթարկվել մոտ 1000 քաղաքացի, նրանցից առնվազն 55-ը՝ անչափահաս, ձերբակալվել է 58 քաղաքացի, այդ թվում մեկ անչափահաս, որոնք բոլորն էլ ազատ են արձակվել ապրիլի 23-ին:
Human Rights Watch-ը ապրիլի 19-ին գրել էր, որ ցուցարարները փակել են կառավարական շենքեր, փողոցներ ու կամուրջներ, իսկ ապրիլի 16-ի բախումների հետևանքով 46 մարդ էր տուժել։ ԱՄՆ Պետքարտուղարության 2018-ի զեկույցում նշվում է, որ ապրիլի 16-23-ը ոստիկանությունը բերման է ենթարկել 1,236 քաղաքացու։ Ապրիլի 17-ին երբ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովում ընտրվեց ՀՀ վարչապետ, հավաքներն ու բողոքի ակցիաները դարձան մասսայական, փակվեցին փողոցներ ու մայրուղիներ։ Այսինքն՝ այս փաստական տվյալները ցույց են տալիս, որ շարժումը մինչև ապրիլի 23-ը զանգվածային էր։
Եզրակացություն. Բադալյանի պնդումը, թե մինչև ապրիլի 23-ը շարժումը զանգվածային չէր, չի համապատասխանում փաստերին։ Իսկ այն գնահատականը, թե հանրահավաքները հնարավոր էր «մեկ ժամում ցրել», փաստացի տվյալներով չի հիմնավորվում։
Սխալ 2․ Փաշինյանի 20 տարվա վաղեմության հոդվածը ներկայացվել է առանց համատեքստի
Երբ հաղորդման մասնակիցները փորձում են բնութագրել Փաշինյանին, Միկա Բադալյանը հիշում է Փաշինյանի՝ 20 տարվա վաղեմության մի հոդված․ «Փաշինյանն այն մարդն է, որն ասել է՝ անիծում եմ մեր նախնիներին։ ու այդ մասին գրում իր հոդվածում, որովհետև մեր նախնիները թողել են միայն ոչինչ։ Նաև ասել է, որ կենդանիները իրենց կենդանական բնազդով սերունդներ են թողնում ավելի շատ, քան արել են մեր նախնիները մեզ համար։ Նրանք մեզ միայն խնդիրներ են ժառանգել»։
Խոսքը «Մոռանալ «հերոսական անցյալը»» վերնագրով հոդվածի մասին է, որը հրապարակվել է 2005 թվականին, Փաշինյանի ղեկավարած «Հայկական ժամանակ» թերթում։
«Փաստերի ստուգման հարթակը» գտել է հոդվածի բնօրինակը։ Այն իսկապես պարունակում է «նզովում եմ մեր նախնիներին» արտահայտությունը, սակայն հաղորդման ընթացքում մեջբերվել են միայն առանձին հատվածներ՝ առանց ներկայացնելու հոդվածի ընդհանուր գաղափարը, որը վերաբերում է «հերոսական անցյալի» իդեալականացման քննադատությանը։
Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի այս հոդվածը ռուսական պետական տեղեկատվական միջավայրում առաջին անգամ չէ, որ օգտագործվում է նրա հասցեին քննադատություն ձևավորելու նպատակով։ 2020 թվականին RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ևս իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր նույն հոդվածից հատվածներ՝ դրանք ներկայացնելով առանց ամբողջական համատեքստի։ Վեց տարի անց նույն հոդվածը կրկին հիշատակվում է ռուսական պետական Առաջին ալիքով հեռարձակվող «Шоу Вована и Лեքսуса» հաղորդման ընթացքում։
Ռուսահայ համայնքի ներկայացուցիչների կարծիքը՝ որպես «հայերի» դիրքորոշում
Հաղորդման ընթացքում պրանկ-զրույցներից և տաղավարային քննարկումներից բացի ցուցադրվել են նաև Ռուսաստանում բնակվող հայկական համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ կարճ հարցազրույցներ (վոքս-փոփ)։ Դրանք ներկայացնելուց առաջ հաղորդավարն ասում է. «Կուզեի լսել, թե ինչ են մտածում հենց իրենք՝ հայերը Փաշինյանի, նրա ծրագրերի, ԵՄ—ի մասին»։
Ստեղծվում է տպավորություն, թե ներկայացվող կարծիքներն արտացոլում են «հայերի» վերաբերմունքը։ Սակայն ցուցադրված բոլոր հարցազրույցներում ընդգրկված անձինք քննադատում են Նիկոլ Փաշինյանին, դեմ են արտահայտվում Հայաստանի եվրոպական ինտեգրմանը և հանդես են գալիս Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների օգտին։
Հաղորդման մեջ չեն ներկայացվում այլ տեսակետներ ունեցող հայերի կարծիքները, ինչի հետևանքով ձևավորվում է միակողմանի պատկերացում, թե ներկայացված դիրքորոշումները բնորոշ են հայ հասարակությանը կամ հայկական համայնքին ընդհանրապես։
Այսպիսով, «Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հաղորդման ընթացքում Հայաստանի վերաբերյալ հնչած մի շարք պնդումներ չեն դիմանում փաստերի ստուգմանը։ Դրանց մի մասը հիմնված է փաստական սխալների վրա, մի մասը՝ ներկայացված է առանց անհրաժեշտ համատեքստի, իսկ որոշ պնդումներ ընդհանրապես ներկայացվում են առանց որևէ ապացույցի։
Միևնույն ժամանակ, հաղորդման ընթացքում վերարտադրվում են Հայաստանի վերաբերյալ վաղուց շրջանառվող նարատիվներ՝ 2018 թվականի Թավշյա հեղափոխության լեգիտիմությունը կասկածի տակ դնելու, Հայաստանի եվրոպական ինտեգրումը քննադատելու և Ռուսաստանը որպես Հայաստանի հիմնական ռազմավարական հենարան ներկայացնելու վերաբերյալ։
Նման նարատիվները նախկինում ևս բազմիցս շրջանառվել են ռուսական պետական տեղեկատվական հարթակներում և համարվում են FIMI-ի* շրջանակում ուսումնասիրվող տեղեկատվական ազդեցության հայտնի օրինակներ։
*FIMI-օտարերկրյա դերակատարների կողմից իրականացվող դիտավորյալ, համակարգված և ռազմավարական գործողությունների ամբողջություն, որի նպատակն է մանիպուլացնել փաստերը, շփոթություն առաջացնել, խորացնել հանրային բևեռացումը, անվստահություն առաջացնել ինստիտուտների նկատմամբ ու ազդել քաղաքական գործընթացների վրա։
Հասմիկ Համբարձումյան

Leave a Reply