Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պատմել է իր արմատների մասին:
«Մայրս ու հայրս բաժանվեցին, երբ մի քանի ամսական էի: Երկուսն էլ ավարտել էին Արտաքին առեւտրի ինստիտուտը, որն այժմ ՄԳԻՄՈ-ի մաս է: Ավարտելուց հետո ծնողներիս գործուղեցին Բրեստ՝ մաքսատանն աշխատելու համար:
Ճակատագրի կամոք, հետո ապրում էի միայն մորս հետ: Տատիկս Նոգինսկում էր, ավագ բուժքույր էր աշխատում: Պապիկս Նոգինսկի երկաթուղային կայարանի պետն էր:
Նրանց շատ էի սիրում: Նրանք ինձ համար իսկական ընկերներ էին: Պաշտպանում էին ինձ, երբ զգում էին, որ արել եմ մի բան, որը կարող էր մորս դուր չգալ», – ասել է Լավրովը ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենին տված հարցազրույցում, որի ամբողջական տեքստը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում:
«Արմատներն անտեսանելի դեր են խաղում: Դու չես մտածում, որ հետեւում սերունդների մի ողջ շարք կա: Հարցը դա չէ: Հարցն այն է, որ արդեն ապրում ես նրանց փոխարեն: Ճիշտ այնպես, ինչպես մենք հիմա կռվում ենք հանուն նրանց, ովքեր հաղթեցին գերմանացիներին եւ նրանց հետ՝ ամբողջ Եվրոպային», – նշել է Լավրովը:
Մեդիամաքսը նշում է, որ 2005 թվականի փետրվարի 17-ին Երեւանի Ռուս-հայկական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք իրեն աշխատանքում օգնում են հայկական արմատները, Սերգեյ Լավրովն ասել էր.
«Արմատներս իրականում վրացական են՝ հայրս Թբիլիսիից էր, իսկ ահա արյունս իսկապես հայկական է»:
Leave a Reply