Screenshot
Screenshot
Գիշերը կեսարյան հատմամբ զույգ երեխաներ ծնած 25-ամյա կնոջը հայտնել էին,որ տղան ծնվել է ծանր ասֆիքսիայով, և չնայած վերակենդանացման բաժանմունքում բժիշկների գործադրած բոլոր ջանքերին`մահացել է…
Ծննդկանը ասես կորցրած լիներ խոսելու ունակությունը, և երբ նորածին դստրիկին բերեցին,որ կերակրի, չուզեց անգամ երեխայի դեմքին նայել:
Փոքրիկ որդու մահվան լուրը նրան շանթահարել էր…Սպասում էր,որ շուտով դուռը կբացվի և երկու նորածին բալիկներին գրկած բուժքույրը ներս կմտնի, բայց նա ներս բերեց միայն մեկին…
-Սիմա´, երեխային վերցրու և կերակրիր,-ասաց բուժքույրը`բարուրը պարզելով ծննդկանին:
Սակայն Սիման լուռ ու անշարժ նստած մի կետի էր նայում`առանց լսելու նրա ասածը:
Բուժքույրը`Լիդան, Սիմայի տեգոր կինն էր և երկհարկանի մեծ առանձնատանը նույն հարկի տակ էին ապրում:
Նրանց ամուսինները դեռ մանկուց լինելով իրարից միշտ անբաժան,ամուսնությունից հետո էլ որոշեցին ապրել միասին,իրենց ծնողների հետ:
Երկու եղբայրն էլ կարող էին գնել առանձին բնակարան,սակայն նախընտրեցին ապրել նույն հարկի տակ:
Նրանք իսկապես նախանձելի եղբայրներ էին և ծնողների սիրտը միշտ երանությամբ էր լցվում`տեսնելով իրենց զավակների փոխադարձ սերն ու նվիրվածությունը:
Մեծ եղբայրը`բուժքրոջ ամուսինը,արդեն տասը տարուց ավելի ամուսնացած էր, բայց զավակ չունեին,քանզի կինը`Լիդան,ամուլ էր:
Բուժքույրը մեծ թեթևություն էր զգացել սկեսուր- սկեսրայրի մահից հետո, քանի որ զգացել էր,որ իրեն չեն սիրում:Սակայն պատճառը բնավ էլ այն չէր,որ չէր կարող երեխա ունենալ, այլ որ հասկացել էին նրա ողջ էությունը, բայց լռել էին` որդուն ցավ չպատճառելու համար…
Լիդան տեգոր կնոջ հարս գալուց հետո նախանձով էր լցվել նրա հանդեպ, քանզի սկեսուր- սկեսրայրի աչքի լույսն էր, նրանց սիրելի հարսը…
Հետագայում այդ նախանձը փոխվեց ատելության, երբ իմացավ Սիմայի հղիության մասին.առավել ևս, որ զույգերի էր սպասում:
Լիդան աշխատում էր հիվանդանոցի մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժանմունքում`որպես ավագ բուժքույր:Նույն բաժանմունքի վարիչը նրա եղբոր կինն էր`Լաուրան:
Լիդայի եղբայրը նույնպես անպտղության խնդիր ուներ:Եվ բժշկուհի կինը անչափ սիրելով ամուսնուն ու չցանկանալով բաժանվել` համոզել էր նրան երեխա որդեգրել :Իսկ Լիդան,ով սատանայից յոթ օր առաջ էր ծնվել, որոշել էր բաց չթողնել հարմար պահը…
Եղբոր կնոջ ուղեղը որդի նման ուտելով` կարողացել էր համոզել նրան,որ ամուսնու եղբոր զույգ երեխաներից տղային մահացած ներկայացնի և իր որդեգիր զավակը դարձնի:
Այսպիսով ցանկանում էր մեկ կրակոցով երկու նապաստակ խփել…Վերջապես մասամբ հագուրդ կտա վրեժխնդրությանը…իսկ եղբայրը զավակ կունենա:Սակայն նրա գլխավոր նպատակը Սիմային ցավ ու տառապանք պատճառելն էր…
Բժշկուհին ի վերջո տրվել էր գայթակղությանը, քանզի շատ լավ գիտեր ինչ բարեկիրթ ու խելացի ծնողների զավակ է լինելու դեռևս չծնված փոքրիկը…
-Սիմա´,չե՞ս լսում,երեխային գրկիր:Լաուրան ասել է,որ օգնեմ կերակրես աղջնակիդ:
Սիման վերջապես սթափվեց և աչքերը բարկացած ոլորեց Լիդայի վրա:
-Դու´րս տար դրան, չեմ ուզում երեսը տեսնել,- և սկսեց բարձրաձայն ու հիստերիկ լաց լինել:
Լիդայի կանաչ աչքերը մի պահ փայլատակեցին չարախինդ փայլով և նորածնին գրկած դիմեց դեպի դուռը:
Բայց այդ պահին ետևից լսեց Սիմայի խեղդված ձայնը.
-Լիդա´,երեխայիս ետ բեր,ուզում եմ գրկել նրան…
Բուժքույրը կեղծ կարեկցական հայացքով ,շինծու տրտմություն դեմքին նկարած մոտեցավ Սիմային և երեխային նրան տվեց:
Խեղճ մայրը սպիտակ խանձարուրի մեջ փաթաթած նորածին դստրիկին ամուր սեղմեց կրծքին և հեկեկաց անզուսպ,անմխիթար:
Լիդան հեգնական հայացքով ոտքից գլուխ չափեց Սիմային և դուրս եկավ`քթի տակ մրթմրթալով .«Այս մեկը քեզ շատ էլ է…Գոհ եղիր,որ այն մյուսին մանկատուն չեմ նետում,այլ ուղարկում եմ եղբորս տուն,որտեղ հաստատ քեզնից լավ են պահելու»…
Թե ինչպես երկու հանցակից կանայք կարողացան իրագործել իրենց ծրագիրը,գողանալ ուրիշի զավակին և ապօրինաբար կեղծ փաստաթղթեր ձևակերպելով նրան իրենց որդին ներկայացնել,միայն սատանային է հայտնի…
Բնականաբար նրանք իրենց հանցագործության մեջ ներքաշեցին նաև այլ մարդկանց, որոնց տարբեր պատճառներով ստիպեցին լռել:
Խեղճ Սիման նույնիսկ պատկերացնել չէր կարող, որ նույն հարկի տակ ապրում է մի կնոջ հետ, ով առանց աչք թարթելու ,առանց մազաչափ խղճի խայթ զգալու նրանից խլել էր նորածին զավակին և հանձնել օտար կնոջը…
Նա այդպես էլ չկարողացավ գոնե մեկ անգամ գրկել իր զավակին,շնչել նրա բույրը,տեսնել,թե ինչպիսին է նա,կամ ում է նման…
Ու որքան էլ սիրեր,պաշտեր դստերը,միևնույն է,որդու բացը սրտում ոչ ոք չէր լրացնում,ցավը երբեք չէր մեղմանում,այլ մխում էր, անվերջ մխում…
Քույր ու եղբայր մեծացան տարբեր ընտանիքներում`ստանալով տարբեր դաստիարակություն և ապրելով տարբեր միջավայրերում:Սակայն քանի որ նրանց ընտանիքների միջև բարեկամական կապ կար,երբեմն հանդիպում էին առիթների ժամանակ:
Երբ ընտանիքներով հանդիպում էին,Սիման անբացատրելի մի ձգողականությամբ մղվում էր դեպի բժշկուհու զավակը`ինքն էլ չհասկանալով պատճառը:
«Գուցե այն պատճառով է,որ նա իմ կորցրած որդու տարիքին է և ես այսպիսի սեր ու ջերմություն եմ զգում նրա հանդեպ »
,-մտածում էր կինը խորին տրտմությամբ:
Լաուրան մի քանի անգամ նկատել էր ,թե ինչպես է Սիման նայում իր որդուն և սիրտը դող էր ընկել.«Երևի մայրական սիրտը զգում է ինչ -որ բան»,- և աշխատում էր այնպես անել,որ այդ հանդիպումներին իրենք ներկա չգտնվեն:
Մի քանի անգամ ամուսնուն ու որդուն առաջարկեց գնալ ուրիշ երկիր`պատճառաբանելով,որ իր մասնագիտությամբ կարող է ավելի մեծ գումար վաստակել, սակայն հայր ու որդի երկուսն էլ հրաժարվեցին լքել Հայաստանը:
Բժշկուհու ամուսինը`Սարգիսը,անտեղյակ էր, թե ում որդին է իրենց որդեգիր զավակը:Իրականությունը նրանից թաքցրել էին կինն ու քույրը,քանի որ վստահ էին`իմանալու դեպքում երբեք թույլ չէր տա նման հանցագործություն…
Լաուրան ամուսնուն ասել էր,որ երեխայի մայրը նրան թողել ու գիշերով փախել է ծննդատնից ,իսկ ինքը օգտվելով իր կապերից, ձևակերպել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը`որպեսզի կարողանան որդեգրել տղային:
Մեծանալով այդ ընտանուքում`Արմանը չգիտեր,որ նրանք իր հարազատ ծնողները չեն, ու երբ մի անգամ հարցրել էր ,թե ինչու՞ էլ զավակ չեն ունեցել, մայրը պատասխանել էր, որ առողջական խնդիրներ է ունեցել, իսկ հայրը լռել ու գլուխը կախել էր…
Իրականում բժշկուհին ոչ մի խնդիր էլ չուներ`կապված մայրանալու հետ:Պարզապես չէր ցանկացել լքել ամուսնուն,ում շատ էր սիրում,ում կյանքով էր պարտական…
Շարունակելի
29.07.2026
Անահիտ Ավագյան
Leave a Reply