Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի (ում լիազորությունները կասեցված են) տնային կալանքի ժամկետը երկարացվել է։ Լուրը «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ հակակոռուպցիոն դատարանից։
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Խաչիկ Ղազարյանի նախագահությամբ, բավարարել է հանրային մեղադրողի միջնորդությունները։ Դատարանի որոշմամբ՝ Արտուշ Գաբրիելյանի և գործով մյուս մեղադրյալ Գալուստ Խուրշուդյանի տնային կալանքի ժամկետները երկարացվել են ևս 3 ամսով։
Դատալսումների փուլում մեղադրյալ Ա. Գաբրիելյանի կողմից ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու, քրեական վարույթին խոչընդոտելու և իր վրա դրված պարտականությունները չկատարելու հավանականությունը չի նվազել այն աստիճանի, որ հնարավոր լինի կիրառել ավելի մեղմ խափանման միջոց։
Որոշումը կայացվել է մեկ ամիս առաջ։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում դեռևս առկա չէ որևէ տվյալ դատական ակտի բողոքարկման վերաբերյալ։
Քրեական վարույթը վերաբերում է խոշոր չափերով կաշառք ստանալուն։
Ըստ քրեական գործի նյութերի՝ դատավորը պահանջել և ստացել է 10,000 ԱՄՆ դոլար կաշառք՝ հօգուտ մեղադրյալի դատավարությունը ձգձգելու և հետագայում վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով գործ կարճելու համար։
Դատարանում քննվող գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն ևս երկու անձ՝
Գալուստ Խուրշուդյան — մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ,
Զոհրաբ Սիխարուլիձե (Յեզգատյան) — մեղադրվում է կաշառք տալու մեջ։
Leave a Reply