«Ամբիոն Նյուզ»-ի հետևողական հետաքննությունը և ՀՀ Գլխավոր դատախազություն ուղարկված դիմում-բողոքը տվեցին իրենց առաջին իրավական արդյունքը։ Գլխավոր դատախազությունից գործն ուղարկվել է Շիրակի մարզի դատախազություն և մակագրվել անձամբ մարզի դատախազ Արմեն Չիչոյանին։
Սա այն նույն աղմկահարույց պատմությունն է, որի վերաբերյալ «Ամբիոն Նյուզ»-ի խմբագրությունն արդեն տևական ժամանակ է, ինչ ստանում է ահազանգեր Գյումրիից։ Քաղաքում ծավալված բացահայտ բնակարանային ռեկետի և ապօրինի վաշխառության կենտրոնում Գյումրիի բնակիչ Մելադա Անդրանիկի Սարգսյանն է ու նրա եղբայրը՝ Ռաֆիկ Սարգսյանը։
Հիշեցնենք՝ մեր ձեռքի տակ են հայտնվել էքսկլյուզիվ ապացույցներ ու փաստաթղթեր, որոնք բացահայտում են քաղաքացիներին բարձր տոկոսներով գումարներ տալու, ապա տներ ներխուժելու, ֆիզիկական ու հոգեբանական ահաբեկման միջոցով սեփականությունները խլելու հանցավոր սխեման։ Ավելին՝ ՀՀ Կենտրոնական բանկն արդեն պաշտոնապես հաստատել է, որ Մելադա Սարգսյանը չունի որևէ լիցենզիա ֆինանսական գործունեություն ծավալելու համար, ինչը նշանակում է, որ նրա ամբողջ «բիզնեսը» բացարձակ անօրինական է։
Չնայած լրատվամիջոցի դեմ կիրառված ճնշումներին, քննիչների ու իրավապահ լծակների միջոցով լռեցնելու փորձերին և հովանավորյալների մասին հոխորտանքներին՝ «Ամբիոն Նյուզ»-ի հրապարակումներից և դիմումից հետո գործն արդեն պաշտոնական ընթացք է ստացել։
Այժմ գործը Շիրակի մարզի դատախազությունում է։ Հանրությունը սպասում է կոնկրետ գործողությունների․ արդյո՞ք Արմեն Չիչոյանի գլխավորած կառույցը կապահովի գործի լրիվ, օբյեկտիվ քննությունն ու կբացահայտի քաղաքացիներին տնանկ անողների իրական հովանավորներին, թե՞ ականատես կլինենք հերթական ապօրինության կոծկմանը։
«Ամբիոն Նյուզ»-ը հետևողականորեն հետամուտ է լինելու գործի ընթացքին։
Leave a Reply