Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 21-ին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է․ «Այսօր Հայաստանը Ադրբեջանից ստանում է և՛ դիզելային վառելիք, և՛ բենզին։ Սա նշանակալի ներդրում է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում»։
Նա նաև նշել է, որ մատակարարումները նշանակալի ներդրում են հատկապես «նավթամթերքի արտահանման և ներմուծման ներկայիս դժվարությունների պայմաններում»։
Երախտագիտություն հայտնելով Գերմանիային՝ խաղաղության գործընթացին աջակցելու համար՝ Ալիևը նշել է, որ ադրբեջանա-հայկական հարաբերությունները կարգավորվում են, իսկ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու Վաշինգտոնում համատեղ հռչակագրի ստորագրումը վերջ են դրել ավելի քան 30-ամյա հակամարտությանը։

«Փաստերի ստուգման հարթակն» Ալիևի հայտարարության հետքերով ուսումնասիրել է Ադրբեջանից Հայաստան ներմուծվող բենզինի և դիզելային վառելիքի ծավալները։
Ըստ այդմ, հասանելի պաշտոնական տվյալներով՝ 2026 թվականի առաջին եռամսյակում Ադրբեջանի մասնաբաժինը բենզինի ընդհանուր ներմուծման մեջ կազմել է շուրջ 5%, իսկ դիզելային վառելիքի դեպքում՝ շուրջ 16%։
Ադրբեջանից Հայաստան բենզինի և դիզելային վառելիքի մատակարարումները սկսվել են 2025 թվականի տարեվերջին։ Ուստի ուսումնասիրության համար հիմք ենք ընդունել 2025 թվականի տարեկան և 2026 թվականի հասանելի ամենաթարմ՝ առաջին եռամսյակի պաշտոնական վիճակագրական տվյալները։
Որքա՞ն է կազմել ադրբեջանական բենզինի մասնաբաժինը 2025-ին
Հայաստանի պետական եկամուտների պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ 2025 թվականին հանրապետություն է ներմուծվել շուրջ 220 հազար տոննա ավտոմոբիլային բենզին՝ 207 մլն 838 հզր ԱՄՆ դոլար արժողությամբ։
Ադրբեջանից Հայաստան ներմուծման ծավալը կազմել է 1215 տոննա՝ արժեքը՝ 873.4 հզր ԱՄՆ դոլար:
Նախորդ տարի Հայաստանի համար բենզինի հիմնական մատակարարները եղել են Ռումինիան, Եգիպտոսը և Ռուսաստանի Դաշնությունը, որոնք միասին ապահովել են ներկրվող բենզինի շուրջ 82%-ը:
Մատակարարման պատկերն ըստ երկրների․
- Ռումինիա — 62.8 հազար տոննա (28.5%)
- Եգիպտոս — 60.4 հազար տոննա (27.4%)
- Ռուսաստանի Դաշնություն — 56.7 հազար տոննա (25.8%):
Փոքր չափաբաժիններ ունեն նաև Բուլղարիան (7.7%), Կիպրոսը (5.4%), Հունաստանը ( 4.3%), Իրանը (0.4%)։
Ադրբեջանը ներմուծման ծավալով մատակարար 8 երկրների շարքում նախավերջին՝ 7-րդ տեղում է․ այն կազմել է ընդհանուր բենզինի մոտ 0.6%-ը:
Պատկերը փոխվում է․ 2026 թվականի առաջին եռամսյակ
2026 թվականի առաջին եռամսյակի օպերատիվ տվյալներով՝ Հայաստան է ներմուծվել ընդհանուր առմամբ 69.2 մլն լիտր ավտոմոբիլային բենզին, որի մաքսային արժեքը կազմել է 45 մլն 266 հազար ԱՄՆ դոլար։
Այս ժամանակահատվածում մատակարարումների աշխարհագրությունը նկատելիորեն փոխվել է։ Բենզինի ներմուծման ծավալով առաջատար երեք երկրներն են Բուլղարիան, Ռումինիան և Բելգիան, որոնք միասին ապահովել են ընդհանուր ծավալի շուրջ 73.5%-ը։
Մատակարարումների պատկերն ըստ երկրների․
- Բուլղարիա — 23.5 մլն լիտր (34%)
- Ռումինիա — 19.9 մլն լիտր (28.8%)
- Բելգիա — 7.4 մլն լիտր (10.7%)։
Ավելի փոքր մասնաբաժիններ ունեն Կիպրոսը՝ (9.1%), Ռուսաստանի Դաշնությունը՝ (7.4%), Թուրքիան (2.7%), Հունաստանը (1.9%) և Եգիպտոսը (0.3%)։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա 2026 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է ներմուծվել 3.6 մլն լիտր բենզին՝ շուրջ 2 մլն 45 հազար դոլար մաքսային արժեքով։ Դա կազմել է Հայաստան ներմուծված բենզինի ընդհանուր ծավալի 5.2%-ը։
Այսպիսով, Ադրբեջանը բենզին մատակարարող ինը երկրների շարքում զբաղեցրել է վեցերորդ տեղը։
2025-ին դիզելային վառելիքի ներմուծումը՝ Ռուսաստանի բացարձակ գերիշխանությամբ
2025 թվականին Հայաստան է ներմուծվել ընդհանուր առմամբ 179 հազար տոննա դիզելային վառելիք, որի մաքսային արժեքը կազմել է շուրջ 155 մլն ԱՄՆ դոլար։
Այս շուկայում անվիճելի առաջատարը եղել է Ռուսաստանի Դաշնությունը։ Ռուսաստանից ներմուծվել է 150.3 հազար տոննա դիզելային վառելիք, որը կազմել է ընդհանուր ծավալի շուրջ 84%-ը։
Հաջորդիվ մատակարարների թվում են Իրանը՝ 13 հազար տոննա (7.3%), Վրաստանը՝ 5.7 հազար տոննա (3.2%), Իսրայելը՝ 5.2 հազար տոննա (2.9%), Ռումինիան՝ 4.2 հազար տոննա (2.4%), Թուրքմենստանը՝ 506.7 տոննա (0.3%) և Բուլղարիան՝ 24.9 տոննա (0.01%) բաղադրիչով։
Հատկանշական է, որ, ի տարբերություն բենզինի, 2025 թվականի պաշտոնական վիճակագրության մեջ Ադրբեջանից դիզելային վառելիքի ներմուծում արձանագրված չէ։
2026 թվականի առաջին եռամսյակ․ Ադրբեջանի մասնաբաժինը՝ 15.6%
2026 թվականի առաջին եռամսյակի օպերատիվ տվյալներով՝ Հայաստան է ներմուծվել ընդհանուր առմամբ 34.7 հազար տոննա դիզելային վառելիք, որի մաքսային արժեքը կազմել է շուրջ 29.6 մլն ԱՄՆ դոլար։
Ադրբեջանից ներմուծվել է 5.4 հազար տոննա՝ շուրջ 4.3 մլն դոլար մաքսային արժեքով։ Դա կազմել է Հայաստան ներմուծված դիզելային վառելիքի ընդհանուր ծավալի 15.6%-ը։
Այս ցուցանիշով Ադրբեջանը մատակարար վեց երկրների շարքում զբաղեցրել է երրորդ տեղը՝ զիջելով Ռուսաստանին և Իսրայելին։
Այսպիսով, 2025 թվականին ադրբեջանական բենզինի մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր ներմուծման մեջ կազմել է ընդամենը 0.6%, իսկ դիզելային վառելիքի ներմուծում չի արձանագրվել։ 2026 թվականի առաջին եռամսյակում Ադրբեջանի մասնաբաժինը մեծացել է՝ բենզինի դեպքում հասնելով 5.2%-ի, իսկ դիզելային վառելիքի դեպքում՝ 15.6%-ի։
Այս տվյալները ցույց են տալիս, որ Ադրբեջանը դարձել է Հայաստանի վառելիքի մատակարարներից մեկը, ընդ որում՝ դիզելային վառելիքի մատակարարումների մեջ նրա մասնաբաժինն արդեն իսկ ակնհայտ է։
Սակայն միայն ներմուծման այս տվյալները բավարար չեն գնահատել, թե որքանով է ան «նշանակալի» մեր երկրի էներգետիկ անվտանգության համար։
Գայանե Մարկոսյան




Leave a Reply