Ռազմավարական գործընկերության փաստաթղթի շրջանակում հայ-իրանական գործընկերության ինստիտուցիոնալացման ուղղությամբ մեր ցանկությունը և կամքը շատ լուրջ են ու վճռական: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին:
«Անցյալ շաբաթ, երբ մեծարգո Նիկոլ Փաշինյանն Իրանում հանդիպեց ԻԻՀ մեծարգո նախագահ պարոն Փեզեշքիանիի հետ, այս հանդիպման շրջանակում պարոն Փեզեշքիանը ևս մեկ անգամ ընդգծեց կարևորությունը և հնարավորինս արագ արդյունքի հասնելու անհրաժեշտությունը: Ուստի կարող ենք ասել, որ ԻԻՀ-ն իր կողմից շարունակ և հետամուտ կերպով աշխատում և քայլեր է ձեռնարկում ռազմավարական գործընկերության համապարփակ փաստաթղթի ստորագրման համար և վճռական կերպով շարունակում է այս ճանապարհին քայլեր ձեռնարկել:
Ռազմավարական գործընկերության փաստաթղթի տեքստի վրա այս պահին աշխատում ենք, և տեքստը ուսումնասիրության և կազմման փուլում է: Հուսով եմ՝ հնարավորինս արագ այս փուլը կավարտենք և կսկսենք աշխատանքները ստորագրման ուղղությամբ:
Կարծում եմ՝ այս փաստաթղթով նոր մթնոլորտ կստեղծվի հայ-իրանական հարաբերություններում և նոր պատուհան կբացվի հետագա համագործակցության համար»,- նշել է դեսպանը:
Leave a Reply