Միլթաուն. Հուղարկավորություն կրակոցների ներքո

Written by

in

1988 թվականի մարտի 16-ին Reuters-ի լուսանկարիչ Դենիս Պակվինը պատկերել էր Միլթաունի գերեզմանատան վրա կատարված հարձակումը: 
Լուսանկարը
Մարդկանց մի խումբ փորձում է ապաստան գտնել տապանաքարի հետեւում: Ձախ կողմում մարդիկ կուչ են եկել ցածր քարե եզրաքարի մոտ: 
Reuters-ի հրապարակման մեջ հարձակվողը բնորոշվում էր որպես «անհայտ զինված անձ»։ Շուտով նրա ինքնությունը հայտնի դարձավ. դա Մայքլ Սթոունն էր՝ «Օլսթերի պաշտպանության ասոցիացիա» (UDA) լոյալիստական ռազմականացված խմբավորման անդամը:
Դեպքից 10 օր առաջ
Պատմությունը սկսվել էր 1988 թվականի մարտի 6-ին՝ Բելֆասթից ավելի քան երկու հազար կիլոմետր հեռավորության վրա:
«Ֆլավիուս» գործողության շրջանակներում բրիտանական Հատուկ ավիացիոն ծառայության (SAS) մարտիկները Ջիբրալթարում սպանել էին Իռլանդական հանրապետական բանակի (ԻՀԲ-IRA) անդամներ Դանիել Մակքենին, Շոն Սեւիջին եւ Մեյրիդ Ֆարելին: Նրանց կասկածում էին մեքենայի պայթյուն նախապատրաստելու մեջ, որի թիրախը բրիտանացի զինվորականներն էին:
Սպանվելու պահին երեքն էլ անզեն էին, եւ նրանց մահվան հանգամանքները զայրույթի ալիք բարձրացրին իռլանդացի հանրապետականների շրջանում: Մարտի 14-ին նրանց մարմինները տեղափոխեցին Բելֆասթ, իսկ հուղարկավորությունը նշանակվեց մարտի 16-ին:
Հանրապետականները տարիներ ի վեր բողոքում էին, որ ԻՀԲ անդամների հուղարկավորությունների ժամանակ ոստիկանության կոշտ միջոցները բռնություն են հրահրում: Այս անգամ Օլսթերի թագավորական ոստիկանությունը համաձայնել էր հեռու մնալ գերեզմանատնից:
Հարձակումը
Հազարավոր մարդիկ գնում էին դագաղների հետեւից՝ Սուրբ Ագնեսայի եկեղեցուց մինչեւ Միլթաունի գերեզմանատուն:
Մայքլ Սթոունը եկել էր զինված. 9 մմ տրամաչափի Browning ատրճանակ, Ruger ատրճանակ եւ խորհրդային արտադրության յոթ ՌԳԴ-5 նռնակ: Երբ փոսն էին իջեցնում երրորդ դագաղը, նա նետեց նռնակներն ու կրակ բացեց: Խուճապը համակեց ողջ գերեզմանատունը: Մարդիկ գետնին էին ընկնում եւ փորձում էին պատսպարվել տապանաքարերի հետեւում: 
Այնուհետեւ Սթոունը վազեց դեպի մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող ավտոմայրուղին: Տասնյակ տղամարդիկ եւ դեռահասներ նետվեցին նրա ետեւից: Սթոունը ժամանակ առ ժամանակ կանգ էր առնում, կրակում եւ նռնակներ նետում իրեն հետապնդողների վրա:
Նույնիսկ այն հեղինակները, ովքեր ամենեւին չէին համակրում ԻՀԲ-ին, ապշած էին անզեն մարդկանց խիզախությամբ, որոնք շարունակում էին վազել հանցագործի հետեւից: Irish Times-ի մեկնաբան Քեւին Մայերսը գրում էր, որ այլ հանգամանքներում նրանց բարձր պետական պարգեւների կարժանացնեին:
Մայրուղու վրա Սթոունի փամփուշտները վերջացան: Նա փորձում էր կանգնեցնել անցնող մեքենաները, սակայն մարդիկ հասան նրան եւ դաժան ծեծի ենթարկեցին: Այնուհետեւ հասան ոստիկանները եւ ձերբակալեցին նրան:
Զոհերն ու վիրավորները
Ոճրագործին հետապնդելիս զոհվեց երեք հոգի.
20 տարեկան խաղաղ բնակիչ Թոմաս Մաքէրլին: Նրա կինը՝ Աննան, 19 տարեկան էր եւ երեխայի էր սպասում։ 
26 տարեկան խաղաղ բնակիչ Ջոն Մյուրեյը:
30 տարեկան ԻՀԲ-ի անդամ Քեւին Բրեյդին:
Մոտ 60 մարդ վիրավորվեց փամփուշտներից, նռնակների եւ տապանաքարերի բեկորներից։ Նրանց թվում էին չորս երեխաների հղի մայրը, 72-ամյա մի կին եւ տասնամյա մի տղա։
Զինյալը
Մայքլ Սթոունն ինքն իրեն անվանում էր «ազատ» լոյալիստ զինյալ: Նախքան Միլթաունի վրա հարձակումը նա արդեն հասցրել էր սպանություններ գործել: Ավելի ուշ նա ասում էր, որ նպատակ ուներ ոչնչացնել ԻՀԲ եւ վերջինիս քաղաքական թեւ հանդիսացող «Շին Ֆեյնի» ղեկավարությանը գերեզմանների մոտ: Հարձակումը նա վրեժ էր անվանել ՝ 1987 թվականի նոյեմբերին Էնիսքիլենում ԻՀԲ-ի իրականացրած ահաբեկչության համար, որը տասնմեկ մարդու կյանք էր խլել:
Հարձակումից անմիջապես հետո լոյալիստական երկու խոշորագույն խմբավորումները՝ UDA-ն եւ «Օլսթերի կամավորական ուժերը» (UVF), հայտարարեցին, որ որեւէ կապ չունեն հանցագործության հետ: 1989 թվականին Սթոունը դատապարտվեց վեց սպանության եւ սպանության հինգ փորձի համար: Սպանություններից երեքը նա կատարել էր Միլթաունում, իսկ մյուս երեքը ավելի վաղ կրոնական հողի վրա կատարված սպանություններ էին: Նա դատապարտվեց ցմահ ազատազրկման՝ 30 տարվա նվազագույն առաջարկվող ժամկետով:
2000 թվականի հուլիսի 24-ին Սթոունը պայմանական ազատ արձակվեց ՝ վաղաժամկետ ազատ արձակման ծրագրի շրջանակներում: None Shall Divide Us («Ոչ ոք մեզ չի բաժանի») ինքնակենսագրականում նա գրել էր, որ ցավում է իր զոհերի ընտանիքներին պատճառած ցավի համար:
6 տարի անց՝ 2006 թվականի նոյեմբերին, Սթոունը փորձեց ներխուժել Հյուսիսային Իռլանդիայի խորհրդարանի շենք՝ իր մոտ ունենալով պայթուցիկ նյութեր, դանակներ եւ կացին: 2008 թվականի դեկտեմբերին նա դատապարտվեց 16 տարվա ազատազրկման, սակայն 2021 թվականին նորից պայմանական-վաղաժամկետ ազատ արձակվեց:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *