Պաշտոնական Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ անհիմն ու կեղծ տարածքային պահանջների ներկայացման քաղաքականությունը։ Մասնավորապես, նախօրեին, տեղի է ունեցել «Իրևանի (նկատի ունի ՀՀ մայրաքաղաք) ղազիության պատմությունը» (Ղազիությունը մուսուլմանական կրոնական վարչատարածքային կառույց է, որը ղեկավարում է ղազին՝ տվյալ տարածքի մուսուլմանական համայնքների հոգևոր առաջնորդը-խմբ) գրքի շնորհանդեսը, որը պատրաստվել է Կովկասի մուսուլմանների վարչության (ԿՄՎ) և այսպես, կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի համատեղ ջանքերով։
Մասնավորապես, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, թե «Կովկասի մուսուլմանների վարչությունը մշտապես առանձնահատուկ ուշադրություն է դարձնում «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ տեղեկատվական և լուսավորչական գործունեությանը՝ այն համարելով իր աշխատանքի առաջնահերթ և անբաժանելի ուղղություններից մեկը և աջակցում է Հայաստանից արտաքսված հայրենակիցներին իրենց պատմական բնակության վայրեր վերադարձնելու քաղաքականությանը՝ պետության և ժողովրդի շահերին համապատասխան»։
Փաշազադեն նշել է, թե «Արևմտյան Ադրբեջանում» ղազիության գործունեության հարկադիր դադարեցումը ադրբեջանցիների՝ իրենց պատմական հողերից էթնիկ զտումների և նպատակային տեղահանության անմիջական հետևանքն էր»։
Նրա խոսքով՝ «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ստեղծումը նախագահ Իլհամ Ալիևի պատմական նշանակություն ունեցող որոշումներից մեկն էր։ «Այս համատեքստում Իրևանի պատմական ղազիության գործունեության վերականգնումը դարձել է պատմական անհրաժեշտություն և ժամանակի պահանջ»,- նշել է Փաշազադեն։
Հիշեցնենք, որ Կովկասի մահմեդականների վարչությունը նիստ էր հրավիրել ու Երևանում մահմեդական համայնքի հետ կապված «մասնաճյուղ»՝ ղազիյաթ (համարժեք են քրիտոնեական թեմերին) ստեղծել, ինչպես նաև ղեկավար նշանակել։
Միաժամանակ, Բաքուն, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեզն է առաջ մղում, որով փաթեթավորում է իր անհիմն ու կեղծ տարածքային պահանջները ՀՀ-ի նկատմամբ։ «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ Ադրբեջանում ներկայացնում են ՀՀ տարածքը։ OC Media-ն էլ ավելի վաղ հայտնել էր, որ իր ուսումնասիրած արտահոսած փաստաթղթերը բացահայտում են, թե ինչպես է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համակարգել և ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի միջազգային տարածումը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Leave a Reply