3 հարց ու պատասխան Euronews-ի «ԵՄ ընդլայնման գագաթնաժողովի» մասին

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Բրյուսելում մասնակցելու է Euronews հեռուստաընկերության «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին:

Ներկայացնում ենք երեք հարց ու պատասխան գագաթնաժողովի մասին:
1. Ո՞ր թեմաներն են քննարկվելու
ԵՄ անդամակցության թեկնածու երկրների առաջընթացը, պահանջվող բարեփոխումները, պարտավորություններն ու ինստիտուցիոնալ փոփոխությունները, ԵՄ ընդլայնման տնտեսական հնարավորություններն ու հետեւանքները։
Մասնակիցները կքննարկեն նաեւ, թե ինչպես կարող է ընդլայնումը վերաձեւել եվրոպական անվտանգությունը, ժողովրդավարությունը, մրցունակությունը եւ ռազմավարական ինքնավարությունը։
Կազմակերպիչների ընտրած կարգախոսն է. «Ավելի մեծ Միությունը մի հարց է, իսկ թե ինչպիսին կլինի հաջորդ Միությունը՝ մեկ ուրիշ»։
2. Ովքե՞ր են մասնակիցները
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման, Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը, Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանը, Մոնտենեգրոյի վարչապետ Միլոյկո Սպայիչը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Հոկտեմբերի 15-ին կայացած Եվրոպական խորհրդի նիստը անկարող եղավ ԵՄ ընդլայնման հստակ քաղաքական ուղենիշներ սահմանել, իսկ Խորվաթիան արգելափակեց Մոնտենեգրոյի անդամակցության թիրախային ժամկետի սահմանումը, ինչը որոշակի ինտրիգ է հաղորդում Պլենկովիչի եւ Սպայիչի մասնակցությանը:
3. Արդյո՞ք սա առաջին գագաթնաժողովն է:
Ոչ, երկրորդն է։ Առաջինը տեղի էր ունեցել 2025 թվականի նոյեմբերի 4-ին։ Դրան մասնակցել էին Ալբանիայի, Մոլդովայի, Մոնտենեգրոյի, Հյուսիսային Մակեդոնիայի, Սերբիայի եւ Ուկրաինայի ղեկավարները, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդի նախագահը եւ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը։ Առաջին գագաթնաժողովը համընկել էր ընդլայնման վերաբերյալ Եվրահանձնաժողովի տարեկան զեկույցի հրապարակման հետ։
Այս տարի Եվրահանձնաժողովի զեկույցը կհրապարակվի գագաթնաժողովից մեկ օր անց՝ նոյեմբերի 4-ին:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *