1993 թ․ հուլիսի 16-ին՝ ժամը 23․40-ին, երկրային կյանքին հրաժեշտ տվեց Համո Սահյանը

Written by

in

ԿԳԱՄ

 

Եթե մինչեւ անգամ

Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,

Միեւնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,

Ուր էլ լինեմ, կգամ:

Եթե մինչեւ անգամ ես կուրացած լինեմ,

Եթե մինչեւ անգամ լույսդ մարած լինի,

Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,

Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ

Մենության մեջ լացող երգիդ վրա:

 

Եթե մինչեւ անգամ

Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես

Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ,

Եթե մինչեւ անգամ հողս մաղած լինես,

Եթե մինչեւ անգամ մտքով թաղած լինես

Եթե մինչեւ անգամ ինձ վտարած լինես

Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից,

Միեւնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,

Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից…

Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք,

Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա:

 

Եթե մինչեւ անգամ հազար սարի ետեւ

Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ,

Տքնած-տանջված լինեմ, միեւնույն է, կգամ:

Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ,

Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ

Անակնկալ դարձիս իրողությամբ

Քո տան ու քո հոգու տարողությամբ,

Երազներիդ, կյանքիդ տեւողությամբ:

Կգամ եւ կդառնամ գտած բախտի ժպիտ

Եվ հավատի ժպիտ` տառապանքից մաշված,

Արտասուքից խաշված դեմքիդ վրա:

 

Եթե մինչեւ անգամ մեջքս ծալված լինի,

Եթե մինչեւ անգամ ոտքս վառված լինի,

Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի,

Միեւնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ:

Գետնի տակից կգամ,

Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ:

Կգամ ու թափ կտամ

Հարդագողի փոշին շեմքիդ վրա:

Համո  Սահյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *