Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված խաղաղությունը վտանգված է

Written by

in

Ներկայացնում ենք American Enterprise Institute վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինի Will the Armenia-Azerbaijan Peace Be the Latest to Come Undone? hոդվածի հայերեն թարգմանությունը:

 

Մայքլ Ռուբին

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Նա ներգրավված է եղել Գազայի եւ Իրանի շուրջ զարգացումներում եւ պնդում է, թե վերջ է դրել Հնդկաստանի ու Պակիստանի միջեւ «հազարամյա վեճին»՝ անտեսելով այն փաստը, որ Հնդկաստանի բաժանումից դեռ 80 տարի էլ չի անցել։ Նա նաեւ հայտարարել է Ռուանդայի եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջեւ խաղաղության հաստատման մասին։ Մինչդեռ Գազայում «Համաս»-ը շարունակում է հրաժարվել զինաթափվելուց։ Նույնը վերաբերում է նաեւ Լիբանանում գործող «Հեզբոլլահ»-ին։ Իրանի հետ ձեռք բերված փոխըմբռնման հուշագիրը տասը օր անգամ չգործեց։ Իսկ Կոնգոյի նախագահ Ֆելիքս Չիսեկեդին, կարծես, ավելի շահագրգռված է իր երկրի ինքնիշխանության հաշվին Չինաստանին զիջումների գնալ՝ սահմանադրությանը հակասող երրորդ ժամկետն ապահովելու նպատակով, քան Թրամփին տված խոստումները կատարելու կամ այն ահաբեկչական խմբավորումներին զսպելու մեջ, որոնց գործունեության հետեւանքով տարածաշրջանում անվտանգության իրավիճակը կտրուկ վատթարացել է։

 

Այժմ թվում է, թե Թրամփի խաղաղարար ջանքերի գլխավոր ձեռքբերումը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված համաձայնությունը, փլուզման եզրին է։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Առաջնորդները համատեղ հայտարարություն ստորագրեցին, որի նպատակն էր վերջ դնել տասնամյակներ շարունակվող ռազմական հակամարտությանը։ «Մենք վերջապես հասանք խաղաղության հաստատմանը։ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են ընդմիշտ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, բացել առեւտրային, տրանսպորտային եւ դիվանագիտական կապերը, ինչպես նաեւ հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», – հայտարարեց Թրամփը։

 

Հրադադարից հետո Թրամփն որդեգրեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «միջանցքի» վերաբերյալ առաջարկը՝ այն վերանվանելով «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP): Խոսքը ԱՄՆ-ի կողմից կառավարվող տրանսպորտային միջանցքի մասին է, որը նախատեսված է Թուրքիայի եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի միջեւ կապն ապահովելու, ինչպես նաեւ Նախիջեւանը Հայաստանի տարածքով բուն Ադրբեջանին կապելու համար։

 

Միջանցքի վերաբերյալ Թրամփի վարչակազմի պատկերացումը ի սկզբանե թերի էր երկու պատճառով։ Նախ՝ եթե Թուրքիան եւ Ադրբեջանը վերացնեին Հայաստանի շրջափակումը, նման միջանցքի անհրաժեշտությունը կվերանար։ Երկրորդ՝ Ադրբեջանի համագործակցությունը Իրանի հետ հարկադրված չէ. 2022 թվականին Ադրբեջանը գործարկեց Իրանի տարածքով անցնող միջանցք։

 

Մինչ Փաշինյանը վերահաստատում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու իր հանձնառությունը՝ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո Հայաստանն այլընտրանք չունի, նրա քննադատները շարունակաբար կասկածի տակ են դնում Ալիեւի անկեղծությունը։ Ադրբեջանի պահանջներն աճում են հայկական զիջումներին զուգահեռ եւ գնալով ավելի հաճախ անհեթեթության հասնում։ Արարատ լեռը Հայաստանի խորհրդանիշն է եղել դեռեւս Հայոց ցեղասպանությունից առաջ եւ պարզ եղանակին ծառայում է որպես Երեւանի ֆոն։ Այդուհանդերձ, Ալիեւն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջում են, իսկ Փաշինյանը համաձայնում է Հայաստանի խորհրդանիշների շարքից հեռացնել Արարատը՝ պատճառաբանելով, որ այն այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում։

Լուսանկարը` Սպիտակ տուն

Ալիեւը հասկացնել է տալիս, որ, չնայած Փաշինյանի զիջումներին, հաշտեցումն Ադրբեջանի օրակարգում չկա։ 2026 թվականի հոկտեմբերի 2-ին իր կուսակցության համագումարում ելույթ ունենալիս Ալիեւը հայտարարել է. «Ճիշտ է, Հայաստանի նախկին ղեկավարները պատերազմական հանցագործներ են եւ պետք է կրեն իրենց պատիժը, սակայն հենց Հայաստանի գործող իշխանություններն էին, որ տարածքային պահանջներ ներկայացրին մեզ եւ վիրավորեցին ադրբեջանական ժողովրդի արժանապատվությունը՝ անպատշաճ ու անքաղաքակիրթ հայտարարություններով։ Մենք դա երբեք չպետք է մոռանանք»։

 

Տարբեր վարչակազմերի օրոք խաղաղության հաստատման գործընթացի հիմնական խոչընդոտներից մեկն այն է, որ Սպիտակ տունն ու Պետդեպարտամենտը թերագնահատում են գաղափարախոսության դերը։ Դիվանագետների համար հարմար է այն պատկերացումը, թե բոլոր հակամարտությունների հիմքում ընկած են սովորական, կենցաղային բնույթի դժգոհություններ։ Այս տրամաբանության շրջանակում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է գտնել զիջումների եւ փոխզիջումների այն «կախարդական բանաձեւը», որը թույլ կտա հանգուցալուծել իրավիճակը։ Սակայն, երբ որոշումների կայացումը պայմանավորված է գաղափարախոսությամբ, տնտեսական պայմանների բարելավումն այլեւս չի կարող ծառայել որպես համաձայնության հասնելու խթան։ Երբ գաղափարախոսությունը կապված է կրոնի հետ, Պետդեպարտամենտը հատկապես հակված է թերագնահատելու դրա դերը։ Քանի որ Միացյալ Նահանգներում եկեղեցին անջատված է պետությունից, չափազանց շատ դիվանագետներ կրոնին վերաբերվում են որպես երկրորդական գործոնի։ 

 

Պատմության չիմացությունը նույնպես կարեւոր դեր է խաղում։ Երբ դիվանագետները երկու-երեք տարին մեկ փոխում են իրենց պատասխանատվության ոլորտը կամ նշանակման վայրը, նրանք աստիճանաբար կորցնում են պատկերացումը հակամարտությունների ակունքների եւ նախկինում տրված խոստումների մասին։ Ալիեւի իշխանության գալուց ի վեր Բաքվում պաշտոնավարել է ԱՄՆ-ի ինը տարբեր դեսպան՝ չհաշված գործերի ժամանակավոր հավատարմատարներին, որոնցից ոմանք պաշտոնավարել են նույնքան երկար, որքան լիիրավ դեսպանները։

 

Արդյունքում՝ թե՛ Բայդենի, թե՛ Թրամփի վարչակազմերի օրոք Հարավային Կովկասի հարցերով զբաղվող պաշտոնյաները չեն ըմբռնում հակամարտության արմատական պատճառները եւ չեն տարբերակում իրական վայրագությունները, օրինակ՝ Բաքվի ջարդերը, մեծ մասամբ կեղծ պնդումներից, ինչպիսին է, օրինակ, այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» մասին պնդումը։ Նրանք նաեւ թերի պատկերացում ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմքում ընկած սահմանադրական խնդիրների մասին։

 

Սակայն Ալիեւի հայտարարությունները ցույց են տալիս, որ խաղաղությունը նրա նպատակը չէ։ Ինչպես Պաղեստինի ազատագրման կազմակերպության հանգուցյալ նախագահ Յասեր Արաֆաթը, Ալիեւը բանակցությունները կօգտագործի զիջումներ կորզելու համար, ապա պարզապես կհեռանա բանակցությունների սեղանից՝ շարունակելով իր գլխավոր նպատակի իրագործումը՝ վերացնել այն պետական կազմավորումը, որի գոյությունը նա երբեք չի կարող ընդունել։ Մինչ Թրամփը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը ներկայացնում է որպես գործարքի արվեստի օրինակ, Ալիեւի կողմից Հայաստանի՝ որպես «Արեւմտյան Ադրբեջանի» մասին հռետորաբանության սաստկացումը հուշում է, որ նա Թրամփին ընկալում է ոչ թե որպես դաշնակցի, այլ որպես մի հիմարի, որի հետ կարելի է կոպիտ վարվել։

Լուսանկարը` Սպիտակ տուն

Եթե Թրամփը հրաժարվի ընդունել, որ իր միջնորդությամբ ձեռք բերված խաղաղությունը վտանգված է, իսկ Փաշինյանը շարունակի գործել մոլի խաղացողի պես՝ հույս ունենալով, որ եւս մեկ խաղադրույքով կկարողանա փոխհատուցել դիվանագիտական անհաջողությունների շարքը, ապա երկու առաջնորդների իրական ժառանգությունը կլինի Հայաստանում քրիստոնեության վախճանին նպաստելը։

 

Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *