Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 400 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ Կալուգայի մարզում վնասվել է դպրոցի շենք

Written by

in

Հոկտեմբերի լույս 13-ի գիշերը Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է ուկրաինական 417 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, գրում է Meduza-ն։ Նրա խոսքով՝ դրանց մեծ մասը «չեզոքացվել է ՀՕՊ ուժերի կողմից՝ հեռավոր մատույցներում»։

Եվս 65 անօդաչու ոչնչացվել է Մոսկվային մոտենալիս։ Անօդաչուների հարձակման հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը նշում է, որ Մոսկվայի վրա հարձակման այս փորձը տարվա սկզբից ի վեր խոշորագույններից մեկն է եղել։ Գիշերը Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ Դոմոդեդովոյում, Վնուկովոյում և Ժուկովսկիում, ժամանակավորապես սահմանափակվել են չվերթները։

Կալուգայի մարզում էլ, նահանգապետ Վլադիսլավ Շապշայի խոսքով, ոչնչացվել է 73 անօդաչու թռչող սարք։ Հարձակման հետևանքով Մոսալսկի շրջանում վնասվել են դպրոցի շենքը, երկու մասնավոր տուն  և մեկ ավտոմեքենա։ Տուժածներ չկան։ Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը հայտնել է, որ գիշերը ՀՕՊ ուժերը հետ են մղել «Ստավրոպոլի վրա զանգվածային օդային հարձակումը»։

«Նևիննոմիսկի արդյունաբերական գոտում արձանագրվել են անօդաչու թռչող սարքերի ընկած բեկորների պատճառած վնասներ։ Անօդաչուների ընկնելու վայրերի զննումը և հետևանքների գնահատումը շարունակվում են, սկսվել են վնասները վերացնելու աշխատանքները»,- գրել է նա՝ առանց մանրամասներ ներկայացնելու։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *