Iravaban.net–ի փոխանցմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ եթե քաղաքացին իր անշարժ գույքը վարձակալությամբ է հանձնել մեկ այլ ֆիզիկական անձի և այդ մասին հարկային մարմին հայտարարություն է ներկայացրել, դա դեռևս չի նշանակում, որ վարձակալությունից ստացած եկամուտը տարեկան հայտարարագրում կլրացվի ինքնաշխատ։ Վարձակալությունից ստացած եկամտի չափը քաղաքացին պետք է լրացնի ինքնուրույն։
Հիշե՛ք, որ տարեկան հայտարարագրի նախալրացված տվյալները ձևավորվում են հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա։ Իսկ վարձակալությունից ստացված եկամտի չափը այդ բազայում չի արտացոլվում, հետևաբար այդ տվյալներն ինքնաշխատ չեն լրացվում տարեկան հայտարարագրում։
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ վարձակալությունից ստացված եկամտի վերաբերյալ տվյալները լրացնում եք ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում, որտեղ մուտք գործելու համար նախ անհրաժեշտ է էլեկտրոնային ստորագրությամբ նույնականացվել «Ես եմ» ազգային հարթակի միջոցով։
Ի դեպ, եթե գտնվում եք արտերկրում կամ չունեք նույնականացման քարտ, ապա այս ամբողջ գործընթացը կկարողանաք կատարել լիազորված անձի միջոցով։
Կարևոր է իմանալ, որ 2025 թվականի հաշվետու տարվա համար անշարժ գույքի վարձակալությունից ստացած եկամտի չափը համապատասխան հարթակում պետք է լրացնեք մինչև այս տարվա նոյեմբերի 1-ը։
Leave a Reply