Մոդուլայինից մինչև ՎՎԷՌ-1000 տիպի ռեակտոր․ ինչպես փոփոխվեց Փաշինյանի «ռազմավարական որոշումը»

Written by

in

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները տարիների ընթացքում էական փոփոխություն են կրել։ 

Եթե 2024 թվականին Փաշինյանը փոքր մոդուլային ատոմակայանի կառուցումը ներկայացնում էր որպես արդեն կայացված ռազմավարական որոշում, ապա 2026 թվականի հոկտեմբերին նա հայտարարեց, որ այդպիսի կայանը, մեծ հավանականությամբ, այլևս չի բավարարի Հայաստանի էլեկտրաէներգետիկ պահանջարկը։

Ընդ որում, խոսույթի փոփոխությունը վերաբերում է ոչ միայն ապագա ատոմակայանի մոդելին ու հզորությանը, այլ նաև կառավարության ներկայացրած հիմնավորումներին։

Եթե սկզբում առաջնային էին անվտանգությունը, փոքր հզորությունը և Հայաստանի էներգետիկ համակարգին համապատասխանությունը, ապա այժմ քննարկման կենտրոնում էլեկտրական էներգիայի աճող պահանջարկն է և մինչև 1000 մեգավատ հզորությամբ կայան ունենալու հնարավորությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը Հայաստանի ատոմային էլեկտրական կայանի շահագործման ժամկետը երկարաձգել է մինչև 2036 թվականը․ փաստացի, ՀՀ-ն ունի ընդամենը տասը տարի նոր ատոմակայանի կառուցման համար։ 

Փոքր մոդուլային ատոմակայանը՝ «ռազմավարական որոշում»

2024 թվականի սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Կառավարությունն արդեն որոշել է, թե ինչ տիպի ատոմակայան պետք է կառուցվի Հայաստանում։

«Մենք ռազմավարական որոշում ենք կայացրել, որ պետք է ունենանք փոքր տիպի մոդուլյար ատոմակայան»,- հայտարարել էր Փաշինյանը։  

Փաշինյանը այդպիսի ընտրությունը հիմնավորում էր առաջին հերթին անվտանգության նկատառումներով․ նրա խոսքով՝ ոլորտի մասնագետներն իրեն բացատրել էին՝ մոդուլային ատոմակայանում «հնարավոր վթարը կունենա տեղային նշանակություն, և հարակից բնակավայրերի բնակչությանը տարհանելու անհրաժեշտություն չի առաջանա»։

Այսպիսով, կառավարության խոսույթում փոքր մոդուլային ատոմակայանը ներկայացվում էր ոչ թե որպես ուսումնասիրվող մի քանի հավասարազոր տարբերակներից մեկը, այլ որպես արդեն ընտրված ռազմավարական ուղղություն։

Մոդուլային տարբերակն ու գործընկերների փնտրտուքը 

2025 թվականին կառավարությունը շարունակեց առաջ մղել փոքր մոդուլային ատոմակայանի գաղափարը՝ ավելի մեծ տեղ հատկացնելով միջազգային գործընկերների հետ բանակցությունների և տեխնոլոգիական առաջարկների ուսումնասիրության մասին հայտարարություններին։

Նույն տարվա սեպտեմբերի 25-ին Ռուսաստան կատարած այցի ընթացքում Փաշինյանը վերահաստատել էր, որ Հայաստանը փնտրում է երկրի համար հարմար փոքր մոդուլային ատոմային լուծումներ և այդ հարցով ակտիվ երկխոսություն է վարում նաև Ռուսաստանի հետ․ նա նաև ընդգծել էր «Ռոսատոմի» հետ համագործակցության կարևորությունը գործող հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու գործընթացում։

Այս փուլում կառավարության դիրքորոշման առանցքը դեռևս չէր փոխվել․ նոր կայանը պետք է լիներ փոքր մոդուլային, իսկ բաց հարցը վերաբերում էր դրա կոնկրետ տեխնոլոգիային և գործընկեր երկրի ընտրությանը։

2026 թվականի փետրվարի 3-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ևս հայտարարել էր, որ կառավարությունը որոշել է նոր ատոմակայանի տիպը՝ այն լինելու է մոդուլային։

Նախարարը հստակ տարանջատել էր ատոմակայանի տիպի և կոնկրետ մոդելի ընտրությունը։ 

Նրա խոսքով՝ առաջին հարցն արդեն որոշված էր, իսկ երկրորդի վերաբերյալ ուսումնասիրությունները շարունակվում էին․ քննարկվում էին Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հարավային Կորեայի և Ֆրանսիայի առաջարկները։ Նախարարի ներկայացմամբ՝ կոնկրետ մոդելի ընտրությունը նախատեսվում էր կատարել 2026 կամ 2027 թվականին։

Մարտի 10-ին Փարիզում կայացած Միջուկային էներգիայի գագաթնաժողովում Փաշինյանը կրկին հայտարարում է՝ Հայաստանը որոշում ունի կիրառել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիա։

Այսինքն՝ դեռևս 2026 թվականի գարնանը փոքր մոդուլային ատոմակայանի ընտրությունը ներկայացվում էր որպես պետության հաստատված քաղաքականություն, այլ ոչ թե նախնական մտադրություն։

1000 մեգավատանոց կայանը «Հայաստանին պետք չէ»

2026 թվականի մայիսի 14-ին Փաշինյանը նոր ատոմակայանի վերաբերյալ արեց իր ամենահստակ հայտարարություններից մեկը՝ բացատրելով, թե ինչու Հայաստանը մեծ հզորության կայանի կարիք չունի։

Նրա խոսքով, 600 կամ 1000 մեգավատ հզորությամբ ատոմակայանի կառուցումը նպատակահարմար չէ, քանի որ Հայաստանում արագ զարգանում է արևային էներգետիկան։

Փաշինյանը նաև ընդգծել էր մոդուլային կայանների առավելությունը․ հնարավոր է սկզբում կառուցել մեկ մոդուլ, ապա անհրաժեշտության դեպքում ավելացնել հաջորդները։

Նույն հայտարարության մեջ Փաշինյանը շեշտել էր, որ նոր ատոմակայանի գործընկերոջ ընտրությունը քաղաքական որոշում չի լինելու։ Ըստ նրա՝ պետք է համեմատվեն տեխնոլոգիաները, գները և տնտեսական շահավետությունը։

Այսպիսով, դեռևս մայիսին Փաշինյանը մեծ հզորության ատոմակայանը ներկայացնում էր որպես Հայաստանի համար ոչ անհրաժեշտ լուծում, սակայն ընդամենը մի քանի ամիս անց այդ գնահատականը փոխվեց։

Մոդուլային ատոմակայանը «կարող է այլևս չբավարարել»

Օրերս՝ կառավարության հոկտեմբերի 1-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, Փաշինյանն արդեն այլ գնահատական ներկայացրեց Հայաստանի նոր ատոմակայանի ապագայի վերաբերյալ՝ հայտարարելով, որ երկրում էլեկտրաէներգիայի պահանջարկն աճել է, և նախկինում նախատեսված մոդուլային ատոմակայանը կարող է չբավարարել եղած կարիքները։

«Նախկինում տասնյակ անգամ ասել եմ, որ մեզ մոդուլային ատոմակայանից ավելի ոչինչ պետք չէ։ Սա է եղել մեր դիրքորոշումը։ Բայց հիմա, այս փոփոխության բերումով, մենք պիտի հասկանանք, որ մոդուլայինը մեզ, մեծ հավանականությամբ, չի հերիքելու»,- հայտարարել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ եթե մեկ տարի չորս ամիս առաջ Հայաստանը էլեկտրաէներգիայի ավելցուկ ունեցող երկիր էր, ապա այժմ հաստատված ներդրումային ծրագրերի արդյունքում ձևավորվել է էլեկտրաէներգիայի պակասուրդ․ Փաշինյանն այդ փոփոխությունը կապել է  նաև նոր ներդրումային ծրագրերի հետ՝ նշելով, որ դրանց նախատեսվող պահանջարկը սպառում է երկրի էլեկտրաէներգետիկ ավելցուկը։

Արդյունքում, վարչապետը չբացառեց 1000 մեգավատ հզորությամբ ատոմակայանի կառուցումը։

Սա նախորդ հայտարարությունների համեմատ էական փոփոխություն է, քանի որ դեռ ամիսներ առաջ մեծ հզորության կայանը համարվում էր ոչ անհրաժեշտ, իսկ այժմ արդեն այդպիսի կայանը դիտարկվում է որպես լուծում։

Դիրքորոշման փոփոխությանը նախորդել էր «Ռոսատոմի» ղեկավարի այցը 

Ուշագրավ է, որ նոր ատոմակայանի հզորության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունից ընդամենը երկու օր առաջ՝ սեպտեմբերի 29-ին, Հայաստան էր այցելել ռուսաստանյան «Ռոսատոմ» պետական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը, ով, հանդիպելով Փաշինյանի հետ, քննարկել էր Հայկական ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները և Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման ռուսական առաջարկները։

Հանդիպման վերաբերյալ կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը շարունակում է ուսումնասիրել միջազգային գործընկերների առաջարկները, իսկ վերջնական որոշումը կկայացվի առաջիկայում՝ բացառապես տնտեսական չափանիշների հիման վրա։ Որոշման համար պետք է հաշվի առնվեն գինը, որակը, անվտանգությունը, ժամկետները և երաշխիքները։

Սակայն այցի ամենաուշագրավ դրվագը ռուսական կողմի ներկայացրած առաջարկն էր․ սեպտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում Լիխաչովը հայտնել էր, որ «Ռոսատոմը» Հայաստանին պաշտոնապես առաջարկել է կառուցել 1000 ՄՎտ հզորությամբ ՎՎԷՌ-1000 (ջրաջրային) տիպի ատոմային էներգաբլոկ։

Եզրակացություն

Այսպիսով, 2024 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի հոկտեմբեր Նիկոլ Փաշինյանի խոսույթը նոր ատոմակայանի վերաբերյալ կրել է էական փոփոխություններ։ 

Սկզբում նա հայտարարում էր, որ Հայաստանը պետք է ունենա փոքր մոդուլային ատոմակայան, այնուհետև պնդում էր, որ մեծ հզորության կայանի կարիք չկա, քանի որ զարգանում է արևային էներգետիկան։ Այժմ էլ, վարչապետը հայտարարում է, որ մոդուլային կայանը, մեծ հավանականությամբ, չի բավարարի երկրի աճող պահանջարկը։

Փաստացի, փոփոխվել են հզորության անհրաժեշտության գնահատականը, որոշման առանցքային հիմնավորումները, ինչպես նաև ռազմավարական որոշման մասին վստահ հայտարարությունները փոխարինվել են նոր հաշվարկների անհրաժեշտության մասին խոսույթով։ 

Նանե Մանասյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *