Հայաստանը բացահայտում է ԵՄ ընդլայնման հակասությունները

Written by

in

Ներկայացնում ենք Brussels Signal պարբերականում հրապարակված Armenia exposes the contradictions in EU enlargement հոդվածի հայերեն թարգմանությունը: Հեղինակը ուկրաինացի քաղաքագետ, Կիև-Մոգիլայի ակադեմիա ազգային համալսարանի պրոֆեսոր Տարաս Կուզիոն է:

 

Տարաս Կուզիո

 

Հայաստանը գտնվում է Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացման բուռն փուլում։ Բրյուսելն, իր հերթին, ավելի է խթանում անդամակցության հեռանկարը. Երեւանն ընտրվել էր մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյուրընկալելու համար, իսկ հաջորդ օրը տեղի էր ունեցել ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը։ Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ի ընտրություններից առաջ ցուցաբերված աջակցության ակնհայտ դրսեւորում էր։ Այնուամենայնիվ, երկիրը կարող է կիսել Արեւմտյան Բալկանների՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտող երկրների ճակատագիրը. նրանց խոստացվել է միությանն անդամակցելու ճանապարհ, սակայն նրանք հայտնվել են ոչ մի տեղ չտանող փակուղում։

 

2019 թվականին Հյուսիսային Մակեդոնիան կատարել էր բանակցությունների մեկնարկի համար անհրաժեշտ բարեփոխումների պայմանները, ինչը հաստատել էր նաեւ Եվրոպական խորհրդարանը։ Երկիրը նույնիսկ 2018 թվականի Պրեսպայի համաձայնագրի շրջանակում իր անվանմանը ավելացրել էր «Հյուսիսային» բառը՝ կարգավորելով Հունաստանի հետ երկարատեւ վեճը (Հունաստանի հյուսիսային շրջանը նույնպես կրում է Մակեդոնիա անվանումը) եւ համոզելով Աթենքին հրաժարվել վետոյի կիրառումից։ 

 

Սակայն նոր խոչընդոտներ առաջացան։ Ֆրանսիան արգելափակեց բանակցությունների մեկնարկը՝ ձգտելով փոփոխություններ մտցնել անդամակցության ընդհանուր գործընթացում։ Այնուհետեւ Հյուսիսային Մակեդոնիան ստացավ վերանայված գործընթացի համաձայնությունը, սակայն բախվեց Բուլղարիայի արգելափակմանը՝ մակեդոնական պատմության եւ լեզվի շուրջ տարաձայնությունների պատճառով։ Դրան հաջորդեց սահմանադրությունը փոփոխելու պահանջը՝ բուլղարական փոքրամասնությունը ճանաչելու նպատակով։ Թեկնածուի կարգավիճակ ստանալուց ավելի քան երկու տասնամյակ անց անդամակցության գործընթացը շարունակում է մնալ փակուղում, իսկ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հոկտեմբերին կրկին կոչ է արել Սկոպյեին փոփոխել սահմանադրությունը։

Լուսանկարը` REUTERS

Դեպի Արեւելք ԵՄ-ի խոշոր ընդլայնումը տեղի ունեցավ 2004 թվականին, երբ միությանն անդամակցեց 10 երկիր, որոնց 2007 թվականին հաջորդեցին Ռումինիան եւ Բուլղարիան։ Դրանից հետո՝ 2013 թվականին, անդամակցեց միայն Խորվաթիան։

 

Սառը պատերազմից հետո ընդլայնման հանդեպ տածած ոգեւորությանը փոխարինել է հոգնածությունը։ Արեւմտյան Եվրոպան հիասթափված է Ռումինիայից եւ Բուլղարիայից, որտեղ կոռուպցիայի եւ դատական համակարգի թուլության խնդիրները պահպանվում են մինչ օրս։

 

Ոչ մի տեղ ընդլայնման հոգնածությունն այնքան արմատացած չէ, որքան Ֆրանսիայում։ 2000-ականների կեսերին Թուրքիայի անդամակցությունից մտահոգված՝ Ֆրանսիան 2005 թվականին փոփոխություններ մտցրեց իր սահմանադրության մեջ՝ պահանջելով, որ ցանկացած նոր անդամակցության հարց ազգային հանրաքվեի դրվի։ Այս պահանջից հնարավոր է խուսափել միայն այն դեպքում, եթե խորհրդարանի երկու պալատների երեք հինգերորդի մեծամասնությունը կողմ քվեարկի անդամակցությանը։ Սակայն, քանի որ խորհրդարանի երկու պալատներում էլ ներկայացված են եվրասկեպտիկ խոշոր ուժեր՝ Ժան-Լյուկ Մելանշոնի ձախակողմյան «Անսասան Ֆրանսիան» (La France Insoumise) եւ Մարին Լը Պենի աջակողմյան «Ազգային միավորումը», թեկնածու երկրներից քչերը կարող են ակնկալել հաղթահարել այս խոչընդոտը։

Լուսանկարը` REUTERS

Սա ստեղծում է փակուղային իրավիճակ. անդամակցությունը կախված է բարեփոխումներից, սակայն կառավարությունները քիչ խթաններ ունեն դժվարին բարեփոխումներ ձեռնարկելու, եթե անդամակցության հեռանկարն ինքնին այլեւս վստահելի չի թվում։ Երկու կողմերում էլ ոգեւորության նվազմանը զուգընթաց՝ հոգնածությունից ծնված թերահավատությունն արտահայտվում է Բալկաններում տարածված ծաղրական արտահայտությամբ. «Մենք ձեւացնում ենք, թե բարեփոխումներ ենք իրականացնում, իսկ դուք ձեւացնում եք, թե ցանկանում եք մեզ տեսնել ձեր շարքերում»։

 

Հանձնաժողովի՝ ընդլայնման հավակնությունների եւ անդամ պետությունների՝ նոր անդամներ ընդունելու պատրաստակամության միջեւ մեծացող անջրպետը անդամակցության հեռանկարները դարձնում է ոչ հավաստի։ Հայաստանը դրա վերջին եւ, թերեւս, ամենավառ օրինակն է։

 

Դժվարությունները սկսվում են աշխարհագրությունից։

 

Ի տարբերություն Մոլդովայի կամ Ուկրաինայի՝ Հայաստանը Եվրոպայի հետ ցամաքային սահման չունի։ Ինքնին սա խոչընդոտ չէ։ Սակայն երկիրը չունի նաեւ դեպի ԵՄ անմիջական ծովային ելք, ուստի աշխարհագրական հեռավորությունն ու ԵՄ անդամ չհանդիսացող տարանցիկ երկրներից կախվածությունը կարող են բարդացնել ինտեգրումը՝ Հայաստանը դարձնելով ոչ թե ԵՄ-ի բնական շարունակությունը, այլ դրա հեռավոր ծայրամասը։

 

Նախքան Հայաստանի՝ բարեփոխումների ոլորտում գրանցած արդյունքներին անդրադառնալը, հարկ է նշել երկու հիմնարար խոչընդոտ։ Առաջինը Ռուսաստանի հետ Հայաստանի սերտ կապերն են։ Երկրի աշխարհագրական դիրքը մասամբ բացատրում է Մոսկվայի հետ ձեւավորված տնտեսական, անվտանգային եւ ռազմական կապերը։ 1990-ականներին Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմից հետո փակվեցին Հայաստանի սահմանները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ (դրանք փակ են մնում 1993 թվականից), ինչն ավելի խորացրեց Հայաստանի մեկուսացումն ու կախվածությունը Ռուսաստանից։

 

Սա Հայաստանի՝ միջազգային դաշինքներին ներկայիս անդամակցությունը ուղղակի հակասության մեջ է դնում ԵՄ-ին անդամակցելու հետ։ Հայաստանը Կրեմլի գլխավորած Եվրասիական տնտեսական միության անդամ է։ ԵՄ-ին անդամակցելու համար նախ պետք է դուրս գալ այդ միությունից: Մինչդեռ 2015 թվականին, երբ միությունը ստացավ իր ներկայիս տեսքը, դրանից ոչ մի անդամ երկիր դուրս չի եկել, իսկ Ռուսաստանի արձագանքը նման որոշմանը բացասական կլինի։

 

Երբ 2013 թվականին Ուկրաինան պատրաստվում էր ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, որը նախատեսում էր տնտեսական եւ քաղաքական ինտեգրում, այն Ռուսաստանի գլխավորած Մաքսային միության անդամ չէր։ Այդուհանդերձ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրեց, որ Ռուսաստանը ստիպված կլինի «պաշտպանիչ միջոցներ» ձեռնարկել։

 

Հայաստանը նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է՝ մի դաշինքի, որի հետ ԵՄ անդամակցությունը անհամատեղելի է։ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը եւ հայտարարել դուրս գալու մտադրության մասին, սակայն դեռեւս շարունակում է մնալ կազմակերպության պաշտոնական անդամ։ Թե ինչպես կարող է Հայաստանը դուրս գալ անվտանգության այս համակարգից՝ առանց Մոսկվայի հետ հարաբերություններն ավելի սրելու, հատկապես դեպի Եվրոպա տանող երկար ճանապարհին, դեռեւս հստակ չէ։ ԵՄ-ն նույնպես չի պարզաբանել, թե ինչպես է պատկերացնում այս խնդրի լուծումը։

 

Նույնիսկ եթե նման տարանջատումը հնարավոր լիներ, դրա հետեւանքները կարող էին շատ ծանր լինել։ Հայաստանի տնտեսությունն ու էներգամատակարարումը շարունակում են մեծապես կախված մնալ Մոսկվայից, մինչդեռ ԵՄ-ին անդամակցությանը դեռ տարիների բարեփոխումներ են անհրաժեշտ։ Հետեւաբար, Հայաստանը ստիպված կլիներ հրաժարվել Ռուսաստանի հետ ներկայիս կապերից ստացվող առավելություններից եւ, ամենայն հավանականությամբ, բախվել պատժամիջոցների՝ շատ ավելի վաղ, քան Եվրոպան կկարողանար փոխարինել այդ կապերը։

Լուսանկարը` Ֆոտոլուր

Երկրորդ խոչընդոտը հենց Հայաստանի ներսում է. դեպի Եվրոպա վերակողմնորոշվելու հարցում կայուն ազգային կոնսենսուս չկա։ Հունիսի 7-ի ընտրություններում ռուսամետ ընդդիմադիր ուժերը միասին ստացան ձայների մոտ մեկ երրորդը՝ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը»՝ 23,3 տոկոս, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 9,9 տոկոս։ Սա քաղաքական իրողություն է, որը չի կարելի անտեսել։ Այն նաեւ պարտադիր չէ, որ ժամանակի ընթացքում անհետանա՝ չնայած Բրյուսելում երբեմն նկատվող միակողմանի մոտեցմանը։ ԵՄ-ին անդամակցելու հարցում աջակցությունը նույնպես կարող է փոխվել, ինչպես ցույց է տալիս Սերբիայի օրինակը։

 

Ավելին, թեեւ շատերը գիտակցում են, որ Ռուսաստանից կախվածությունը երկրին օգուտ չի բերել, քչերն են ցանկանում հյուսիսում գտնվող այդ գերտերությանը հակառակորդ համարել։ 2026 թվականի մայիսին անցկացված հարցման համաձայն՝ հայերի 57 տոկոսը պաշտպանում էր Եվրասիայում սովորաբար «բազմավեկտոր» կոչվող արտաքին քաղաքականությունը, որը ենթադրում է լավ հարաբերությունների պահպանում թե՛ Ռուսաստանի, թե՛ Արեւմուտքի հետ։ Ռուսաստանի նկատմամբ լայնածավալ պատժամիջոցներ կիրառող Եվրամիությանը միանալը, ի վերջո, կդժվարացներ նման դիրքորոշման պահպանումը։

 

Բրյուսելը վտանգում է վնասել այն փխրուն ժողովրդավարությանը, որի հետ ցանկանում է սերտացնել կապերը։ Խրախուսելով Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումները եւ ընտրություններից առաջ աջակցություն ցուցաբերելով Փաշինյանին՝ Բրյուսելը չի քննադատել այն գործելակերպը, որը հակասում է իր հռչակած ժողովրդավարական արժեքներին։

 

Ընտրություններին նախորդել էին Հայ Առաքելական եկեղեցու՝ մոսկվայամետ համարվող հոգեւորականների ձերբակալությունները, ինչպես նաեւ ընդդիմության գլխավոր առաջնորդ Կարապետյանի նկատմամբ տնային կալանքի կիրառումը։ Ճնշումները շարունակվեցին նաեւ ընտրություններից հետո, երբ ռուսամետ ընդդիմադիր առաջնորդներ ձերբակալվեցին կամ տեղափոխվեցին տնային կալանքի։ Այդուհանդերձ, Բրյուսելը շարունակում է լռել այն պայմաններում, երբ Փաշինյանը քայլեր է ձեռնարկում ընդդիմության դեմ, որը միասին վերցրած ստացել էր ձայների մոտ մեկ երրորդը։

 

Հայաստանում քաղաքական իշխանությունը շարունակում է խիստ անձնավորված մնալ, իսկ ինստիտուտները՝ թույլ։ Փաշինյանը իրեն ներկայացնում է որպես եվրոպական ուղղության առաջնորդ։ Սակայն Բրյուսելի զգուշավորությունը թույլ չի տալիս հստակ տարանջատել Հայաստանի եվրոպական ապագային աջակցությունը Փաշինյանին աջակցելուց։ Չարաշահումների ֆոնին նրա կողքին բացահայտորեն կանգնելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում եվրոպական նախագծի ապագան կապել նրա հետ. եթե ընտրողները երես թեքեն Փաշինյանից, նրանք կարող են երես թեքել նաեւ Եվրոպայից։

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ոմանք պնդում են, որ սա ընդամենը «ռեալպոլիտիկ» է՝ Ռուսաստանի անմիջական հարեւանությամբ գտնվող եւ Եվրոպայի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող կառավարությանը սատարելու փորձ։ Մինչդեռ ԵՄ-ն հանդուրժում է այնպիսի գործելակերպ, որը թուլացնում է Հայաստանի ժողովրդավարությունը, թեեւ ունի դրան հակազդելու անհրաժեշտ գործիքները։ Այդպիսով Բրյուսելը թույլ է տալիս, որ Հայաստանը ավելի հեռանա այն չափանիշներից, որոնց պետք է համապատասխանի՝ միությանն անդամակցելու համար։ Միաժամանակ, նման մոտեցումը հայ հասարակության աչքում կարող է վարկաբեկել ԵՄ-ի հռչակած արժեքները եւ ուժեղացնել ընդդիմության՝ երկակի ստանդարտների կիրառման վերաբերյալ մեղադրանքները։

 

Այսօր Բրյուսելը հանդուրժում է Հայաստանում ժողովրդավարական սկզբունքների խախտումները՝ միաժամանակ հիմք ստեղծելով ապագա հիասթափության համար։ Եվրահանձնաժողովը պետք է համադրի ընդլայնման իր հավակնությունները անդամ պետությունների՝ նոր անդամներ ընդունելու պատրաստակամության հետ։ Հակառակ դեպքում Հայաստանը կարող է հայտնվել թուլացած ինստիտուտներով եւ Մոսկվայի հետ ավելի լարված հարաբերություններով, բայց առանց ԵՄ-ին անդամակցելու հեռանկարի։

 

ԵՄ-ին անհրաժեշտ է ավելի սերտ ինտեգրման արժանահավատ այլընտրանք, որը կապահովի շոշափելի օգուտներ՝ առանց որեւէ կողմի առջեւ լիիրավ անդամակցության պարտավորություն դնելու, քանի որ այդ հեռանկարը գործնականում դեռ անհասանելի է։ Հոկտեմբերի 6-ին հրապարակված ընդլայնման փաթեթից առաջ կատարված վերանայումը քայլ է այդ ուղղությամբ. առաջարկվում է թեկնածու երկրներին անդամակցությունից առաջ ներգրավվել միասնական շուկայի, էներգետիկայի, տրանսպորտի եւ պաշտպանության ոլորտներում։ Սակայն այս մոտեցումը դեռեւս դիտարկվում է որպես անդամակցության փուլային ճանապարհ, այլ ոչ թե դրա այլընտրանք։ ԵՄ-ի ազդեցությունը կարող է տարածվել իր սահմաններից այն կողմ՝ առանց ենթադրելու, որ այդ սահմաններն էլ պետք է ընդլայնվեն։ Մի մոտեցում, որի նպատակն է ամրապնդել Հայաստանի ժողովրդավարությունը եւ նվազեցնել Ռուսաստանից նրա կախվածությունը, ի վերջո  չպետք է հանգեցնի հակառակ արդյունքի։

 

Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *