Շաքի գյուղում ադրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանին կրկին կվիրահատեն մոտ մեկ ամսից

Written by

in

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած հայ կինը՝ Անի Ավետիսյանը, ոտքը չի կարողանում շարժել, նրան դեռ ևս մեկ վիրահատություն է սպասվում: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Անիի քույրը՝ Արփի Ավետիսյանը:

Նշենք, որ Անին այժմ բուժում է ստանում Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում: Հոկտեմբերի 10-ին համացանցում բժիշկ Անդրանիկ Ղազարյանը ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանի և նրա որդու հիվանդանոցային լուսանկարն է հրապարակել:

«Ոտքը երկաթով ֆիքսած է, պետք է կրկին վիրահատություն լինի, բայց դա երևի 1 ամսից: Քույրս դեռ չի տեղաշարժվում, անընդհատ ցավեր է ունենում, բժիշկները ցավազրկողներ են ներարկում: Այդ ոտքն ընդհանրապես չի կարողանում շարժել»,- նշեց Արփին:

Քույրը հայտնեց, որ Անիի կրտսեր որդու ձեռքի կոտրված մատների հատվածում երկաթներ էին դրել, բայց դրանք հանել են ու գիպս դրել:

Արփին ընդգծեց, որ քրոջ երեխաներն այժմ Երևանում են, իրենց տատիկի և պապիկի տանը, ամեն օր իրենց մորը տեսակցում են հիվանդանոցում:

Արփին նաև նշեց, որ Անին հուզական ծանր վիճակում է:

Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։

Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածի հատկանիշներով, և երկամսյա կալանք է կիրառվել։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *