«Գրաֆիկան առանց սահմանների»` «կատարյալ վայր» Երեւանում

Written by

in

Երեւանում՝ Ժամանակակից արվեստի թանգարանում, բացվել է «Գրաֆիկան առանց սահմանների» ցուցահանդեսը: Այն ներկայացնում է օֆորտի եւ հեղինակային գրքի վարպետ Իգոր Ուլանգինի (Ռուսաստան), գրաֆիկայի նոր ալիքի ներկայացուցիչ Ստաս Կազիմովի (Ռուսաստան), քսիլոգրաֆիայի վարպետ Ռոբերտո Ջանինետտիի (Իտալիա) եւ շվեդական Մալմյոյի KKV Grafik տպագիր գրաֆիկայի արվեստանոցի ստեղծագործական կոլեկտիվի աշխատանքները։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հոկտեմբերի 6-ից 30-ը ցուցասրահում ներկայացված աշխատանքներն իսկապես «ջնջում են» բոլոր սահմանները՝ թե աշխարհագրական, թե կիրառվող տեխնիկայի ու մոտեցումների առումով: 

 

Տարբեր երկրներից եւ մշակութային միջավայրերից եկած հեղինակներն, աշխատելով տարբեր տեխնիկաներով, կարողանում են «խոսել» նույն լեզվով, որը չունի թարգմանության, մեկնության կարիք: Պատկերներին նայողն ինքն է որոշում՝ ինչ տեսնել կամ զգալ: 

 

«Անսահման գրաֆիկա»՝ աշխարհագրությունից մինչեւ տեխնիկաներ

 

Նունե Ավետիսյան, Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն

 

Ցուցահանդեսի համար ընտրված «Գրաֆիկան առանց սահմանների» խորագիրը մի քանի մեկնություն ունի։ Նախ՝ չկան սահմաններ նկարիչների կողմից կիրառվող տեխնիկաների տեսանկյունից։ Այստեղ ներկայացված են լիտոգրաֆիայի, օֆորտի, քսիլոգրաֆիայի, մետաքսե տպագրության, հեղինակային գրքի եւ չոր ասեղի տեխնիկաները։

Նունե Ավետիսյանը Նունե Ավետիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սահմաններ չկան նաեւ աշխարհագրական առումով: Ներկայացված են իտալացի ճանաչված նկարչի, ռուս հեղինակների, ինչպես նաեւ՝ շվեդական KKV Grafik արվեստանոցի ստեղծագործական կոլեկտիվի աշխատանքները։ Վերջինս առանձնահատուկ է նաեւ նրանով, որ արվեստանոցի հեղինակներն աշխատում են բացառապես էկոլոգիապես մաքուր նյութերով, ինչը շատ համահունչ է նաեւ առաջիկայում Երեւանում անցկացվելիք COP-17 համաժողովի տրամաբանությանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս ցուցահանդեսը վաղուց էր պլանավորված, սակայն եղան մեզնից անկախ՝ համաշխարհային մասշտաբի խոչընդոտող հանգամանքներ։ Այնուամենայնիվ, հեղինակներին Երեւան «բերելու» ցանկությունը հաղթահարեց նաեւ այդ սահմանները։ Սա էլ խորագրի անսահմանության երրորդ կետն է (ժպտում է – հեղ.): Արվեստը, մշակույթն իսկապես անսահման են եւ չեն ճանաչում արգելքներ: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Առաջիկա օրերին հայաստանյան այցելուն հնարավորություն կունենա ծանոթանալու գրաֆիկայի տարբեր դրսեւորումներին ու տեխնիկաներին, ինչպես նաեւ՝ զրուցելու լավագույն վարպետների հետ՝ ավելի լավ հասկանալու, թե ինչ է, օրինակ, օֆորտը կամ մետաքսե տպագրությունը։ 

 

Այսօր այցելուն իսկապես հետաքրքրված է տեսողական արվեստի այս ուղղությամբ, նրան պարզապես պետք է ցույց տալ լավագույնը։ Սրանում համոզվել եմ անձամբ, քանի որ հիմա իրականացնում ենք «Երեւանը մարզերին» ծրագիրը։ Դրա շրջանակում այցելել ենք Սյունիքի մարզ՝ մեզ հետ տանելով Ժանսեմի եւ Գառզուի գրաֆիկական աշխատանքները: Տեղում անցկացվել են նաեւ աշխատարաններ։ Արձագանքն ու հետաքրքրությունն անչափ մեծ էին։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հատկապես կառանձնացնեմ Մեղրին, քանի որ այստեղ, ցավոք, առհասարակ թանգարան չկա։ Մարդկանց շնորհակալական խոսքերը շատ տպավորիչ էին եւ ապացուցում էին՝ այս ամենի կարիքն իսկապես կա: Կա եւ՛ ձգտումը, եւ՛ հետաքրքրությունը արվեստի նկատմամբ: Պարզապես պետք է այն դարձնել հասանելի: 

 

Այսօր ներկայացված նկարիչների հետ արդեն պայմանավորվել ենք, որ նրանք մեզ կայցելեն նաեւ փետրվարին եւ հենց Ժամանակակից արվեստի թանգարանում կանցկացնեն աշխատարաններ։

 

«Գրաֆիկան համընդհանուր լեզու է, որը յուրաքանչյուրը «կարդում է» իր ձեւով»

 

Իգոր Ուլանգին, նկարիչ, «Գրաֆիկան առանց սահմանների» ցուցահանդեսի համակարգող 

 

Երեւանը գրքի եւ լեզվի մշակույթի հնագույն կենտրոններից է։ Սա կատարյալ վայր էր՝ այստեղ բերելու իմ ընկերներին՝ արվեստագետներին, որոնց հետ ծանոթացել եմ աշխարհի տարբեր անկյուններում՝ Եվրոպայից մինչեւ Ռուսաստան։

Իգոր Ուլանգինը Իգոր Ուլանգինը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այստեղ ներկայացված մյուս հեղինակների հետ մեր առաջին հանդիպումը Մալմյոյի ռեզիդենցիայում էր, հետո հանդիպեցինք եւս մի քանի անգամ եւ նույնիսկ փորձեցինք ցուցահանդես կազմակերպել Սանկտ Պետերբուրգում: Բայց սկսվեց համավարակն ու սահմանները փակվեցին: Այո՛, այն ժամանակ գրաֆիկան սահմաններ ուներ (ծիծաղում է-հեղ.): 

Լուսանկարը` Մեդիամաքս

Հետագայում Ռուսաստանում հայտնի իրադարձություններ սկսվեցին, եւ եվրոպացի արվեստագետներին այնտեղ հրավիրելն այնքան էլ հարմար չէր: Մեզ համար էլ բարդ էր գնալ իրենց մոտ: Այսպես Երեւանը դարձավ հանդիպման կատարյալ վայր՝ միավորվելու, տարբեր տեխնիկաներով ու մոտեցումներով ստեղծված մեր աշխատանքները մեկ ցուցահանդեսի շրջանակում ներկայացնելու համար: Շնորհակալ եմ Ժամանակակից արվեստի թանգարանին՝ ցուցահանդեսը հյուրընկալելու եւ նման համարձակություն դրսեւորելու համար։ Սա իմ տեսած լավագույն թանգարանն է՝ նկատի ունեմ ոչ միայն ժամանակակից արվեստի, այլեւ՝ ընդհանրապես։ Այն ֆանտաստիկ հավաքածու ունի, եւ այստեղ ցուցադրվելը մեզ համար մեծ հաջողություն է։

Լուսանկարը` Մեդիամաքս

Յուրաքանչյուր արվեստագետ ունի այդ փորձարկումների իր ճանապարհը, իր գրաֆիկական լեզուն։ Յուրաքանչյուրս ունենք մեր սահմանները՝ ոճի, ընկալումների, մտածողության։ Երբ հանդիպում ենք, սկսում ենք «քանդել» դրանք, որովհետեւ անկախ տարբերություններից՝ գրաֆիկան թարգմանության կարիք չունի։ Սա համընդհանուր լեզու է, որը յուրաքանչյուրը «կարդում է» իր ձեւով: 

 

«Հայաստանի հողի, բնության բացառիկ «արվեստը» կտեղափոխեմ թղթի վրա» 

 

Ռոբերտո Ջանինետտի, նկարիչ, «Գրաֆիկան առանց սահմանների» ցուցահանդեսի համակարգող

 

Իգոր Ուլանգինն ինձ հրավիրեց մասնակցել այս հիանալի ցուցահանդեսին: Աստիճանաբար սկսեցի գիտակցել, որ այն, ինչ սկզբում երազանք էր թվում, սկսում է վերածվել իրական ցուցադրության եւ սկսեցի պատրաստվել (ժպտում է – հեղ.): Հատուկ Երեւանում ցուցադրելու համար մի քանի աշխատանք ստեղծեցի, իսկ հետո եկա անձամբ։ Սա իմ առաջին այցն է Հայաստան։

Ռոբերտո Ջանինետտի Ռոբերտո Ջանինետտի

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիովին կիսում եմ ցուցահանդեսի խորագիրը եւ միտքը, որ արվեստն ու մշակույթը սահմաններ չունեն։ Ռուսաստանի եւ Շվեդիայի իմ ընկերների հետ աշխատանքներ ստեղծելու, ապա դրանք մեկ այլ երկրում՝ Հայաստանում, ցուցադրելու գաղափարը դրա ապացույցն է: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստան այցելելու փորձառությունից շատ տպավորված եմ։ Բացի այն, որ մեզ հրաշալի ընդունեց Ժամանակակից արվեստի թանգարանը, շատ հաճելի էր նաեւ մարդկանց հետ շփումը։ Նրանք փողոցում պատրաստ են օգնել քեզ, պատասխանել հարցերիդ, ցույց տալ անհրաժեշտ վայր հասնելու ուղղությունը։

 

Արդեն հասցրել եմ այցելել Արենի, հետեւել գինու ստեղծման գործընթացին եւ բազմաթիվ լուսանկարներ անել։ Այդ լուսանկարներն այնքան են ոգեշնչել Իտալիայում գտնվող ընկերներիս, որ նրանցից երկուսն արդեն որոշել են փետրվարին անձամբ գալ Հայաստան (ժպտում է – հեղ.): Առաջիկա օրերին մեկնելու եմ նաեւ Հայաստանի հյուսիս։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարծում եմ՝ հաջորդ այցիս ընդառաջ արդեն կունենամ այս փորձից ոգեշնչված նոր ստեղծագործություններ։

 

Կա արվեստի «land art» ուղղություն, երբ պատկերներն ու ասելիքը փորձում ես տեղափոխել բաց դաշտ՝ իրական հողի վրա։ Հայաստանի դեպքում ես կանեմ հակառակն ու հողի, բնության բացառիկ «արվեստը» կտեղափոխեմ թղթի վրա։

Վստահ եմ՝ Հայաստանի բնապատկերները, կիրճերն անպայման տեղ կգտնեն իմ բազմաթիվ աշխատանքներում։

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *