ՀՀ կառավարությունը որոշեց 57,75 մլն դրամ հատկացնել Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում կառուցվելիք ֆուտբոլային նոր մարզադաշտի համար անհրաժեշտ ևս երեք հողամաս ձեռք բերելու նպատակով։ Ապագա մարզադաշտը համապատասխանելու է ՈւԵՖԱ-ի չափանիշներին։
Գումարը կփոխանցվի Իջևանի համայնքապետարանին, որը կգնի մասնավոր սեփականություն հանդիսացող հողամասերը, կփոխի դրանց նպատակային նշանակությունը, որից հետո դրանք կփոխանցվեն պետությանը։
Հայաստանը Վրաստանի հետ համատեղ 2029 թվականին հյուրընկալելու է Ֆուտբոլի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը։ Դրա անցկացման համար երկրում անհրաժեշտ է ունենալ ՈւԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտեր։
-
Նախկինում ձեռք բերված տարածքը. Գետահովիտում արդեն գնվել էր 20 սեփականատիրոջ պատկանող շուրջ 66 հազար քառ. մետր հողատարածք, որի համար կառավարությունը հատկացրել էր մոտ 329,9 մլն դրամ։
-
Լրացուցիչ տարածքը. Լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ անհրաժեշտ է ձեռք բերել ևս 3 հողամաս՝ ընդհանուր 11 550 քառ. մետր մակերեսով։
-
Գործարքի արժեքը. Սեփականատերերը համաձայնել են հողերը վաճառել 1 քառակուսի մետրը 5000 դրամով (ընդհանուր՝ 57,75 մլն դրամ)։
«Որոշման ընդունման արդյունքում կստեղծվեն 2029 թվականին Հայաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությանն ընդառաջ Իջևանում ՈւԵՖԱ 4-րդ կատեգորիայի մարզադաշտի կառուցման նախապայմանները»,- նշված է կառավարության նախագծում։
Բացի Իջևանից, մինչև 2029 թվականի առաջնության մեկնարկը ՈւԵՖԱ-ի չափանիշներին համապատասխանող մարզադաշտեր են նախատեսվում կառուցվել նաև այլ վայրերում.
-
Վանաձորում՝ ՈւԵՖԱ-ի չափանիշներով նոր մարզադաշտ,
-
«Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում՝ ազգային նոր մարզադաշտ՝ նախատեսված 35 հազար նստատեղի համար։
Հիշեցնենք նաև, որ հունիսի 25-ին կառավարությունը 177 մլն 820 հազար դրամ էր հատկացրել Իջևանի մարզադաշտի նախագծային աշխատանքների իրականացման համար։
Leave a Reply