«Իմ հողամասի նմանը չկա». Սուսանի կորցրած ու վերագտած տնտեսությունը

Written by

in

«Պառադնի շորերս հագնեմ, գնանք»,- ասում է Սուսանը, հագնում բժշկական կապույտ խալաթն ու մեզ տանում իր հարուստ այգին։

 

«Ամուսնուս բարեկամները Մոսկվայի հիվանդանոցներից են բերել»,- ծիծաղելով շարունակում է խոսել խալաթի մասին ՝ «լավն է, լոբի հավաքելիս տերեւները չեն կպնում»։

 

Սուսան Առաքելյանն ապրում է Սյունիքի մարզի Սվարանց գյուղում: Տանը հարակից այգում հինգ տեսակից ավելի բանջարեղեն է աճեցնում եւ վաճառում: 

Սուսան Առաքելյանը Սուսան Առաքելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Չնայած այգին միայնակ մշակելու ակնհայտ դժվարություններին՝ ասում է. 

 

«Գյուղում իմ հողամասի նմանը չկա, համ տարածքն է լավը՝ փակ, համ էլ հողը»:

 

 

Սուսան Առաքելյանը 3 զավակ ու 10 թոռ ունի։ Ամուսինը երկու տարի առաջ է մահացել: Ձմռան ամիսներին գնում է երեխաների մոտ՝ Կապան ու Գորիս, բայց հենց ձմեռը նահանջում է, շտապում է իր տուն, իր այգի:

 

«Բոստանի գործից պրծնել չկա: Ցանելուց մինչեւ ձյան նստելը գործ կա անելու։ Գարունը բացվում է՝ սկսում ես վարել, ցանել, ջրել, հետո գալիս է քաղահանը, դե հետո էլ` բերքահավաքը»,- ասում է նա:

Սուսան Առաքելյանը Սուսան Առաքելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուսանը մինչեւ 2009 թվականն ընտանիքի հետ ապրել է Սվարանցում, այնուհետեւ` տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի Երիցվանք համայնք:

 

«Շատ ընտիր էր այնտեղ, շատ լավ էինք ապրում: 70 կով ունեինք, 150 ոչխար։ 4 հեկտար բանջարեղեն էի ցանում: 2012 թվականից էլ թոնիր սարքեցինք, լավաշ էինք թխում, ցրում խանութներին: Մինչեւ Ստեփանակերտ հասնում էր մեր լավաշը։ Ամուսինս էլ ռազմագիտության ուսուցիչ էր, ե՛ւ Քաշաթաղում է աշխատել, ե՛ւ Սվարանցում: 40 տարվա մանկավարժական փորձ ուներ»,- պատմում է նա:

 

Երիցվանքում աճեցրած բանջարեղենը ե՛ւ Կապանից էին գալիս առնում, ե՛ւ Հադրութից ու Ստեփանակարտից.

 

«Պատերազմի տարին (2020 թվականին,- հեղ.) հեկտար ա ուկես աշնան վարունգ, պոմիդոր ու բիբար էի ցանել։ Սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտից մի տղա եկավ 500 կիլո բիբար բարձեց մեքենան, գնաց: 27-ի առավոտը պատերազմն սկսեց։ Դեռ չէր հասել Ստեփանակերտ, զանգեց, ասաց՝ «Սուսան քույրիկ, բա ի՞նչ անեմ բիբարը», ասացի «այ ցավդ տանեմ, տար Հայաստան»։ Քաշաթաղում հողն էլ էր շատ լավը, ջուրն էլ: Որոտանի ջուրն էր, վարունգը չորրորդ օրը ծլում էր: Հիմա մի ամիս չի ծլում, հուլիսի 1-ին ցանում եմ, հուլիսի 20-ին, 30-ին հազիվ է դուրս գալիս: Քաշաթաղի թուզը, թութը, խաղողը, նուռը, կառալյոկը շատ ուրիշ էր»,- հիշում է Սուսանը։

Սուսան Առաքելյանը Սուսան Առաքելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուսանը մինչեւ 2020 թվականի հոկտեմբերի 19-ը մնացել է Երիցվանքում՝ ամուսինն ու փոքր տղան պատերազմում էին: 

 

«Էդ առավոտը գյուղապետն եկավ ասաց՝ «տիկին, չես ուզում գնաս, թուրքերն արդեն 9-րդ զաստավում են», մտածեցի էս մարդը ինչ շաշ-մաշ բաներ է խոսում, ինչ գնամ, էսքան այգիս, հավերս ո՞ւմ թողնեմ: Մենակ 73 լիտր կոմպոտ մնաց մառանում, ասում էի մեջինը հեչ, բա բանկեքս (ծիծաղում է-հեղ.)։ Դե բայց հետ եկանք, մի քանի ամիս Կապանում տղայիս բնակարանում ապրեցինք, հետո ամուսինս ասաց՝ «Այ կնիկ, մենք չենք կարա կվարտիրում մնանք, վեր կաց գնանք գյուղ»։ Եկանք Սվարանցի մեր տունը։ Քիչ-քիչ այգին ստեղծեցինք, մի կով, մի ձի առանք ու սկսեցինք մեր գործը: 

 

Ամուսինս դաշտը սիրում էր, ձիով գնում էր դաշտերը: Մի չարաբաստիկ օր էլ գնաց ու չեկավ, հենց դաշտում էլ մահացավ։ Ես էլ մնացի մենակ»։

Սուսան Առաքելյանը Սուսան Առաքելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուսանն այսօր այգում կարտոֆիլ, լոբի, բազուկ, գազար, եգիտպացորեն, դդում է աճեցնում, այնքան, որ եւ երեխաներին բաժին հանի, եւ վաճառի:

 

«Ոչ թոշակ եմ ստանում, ոչ էլ ինչ-որ տեղ աշխատում եմ, որ աշխատավարձ ստանամ, ոչ էլ երեխաներիս նեղություն եմ տալիս: Ես իմ քրտինքով ապրում եմ: Արդեն գյուղում գիտեն, որ ես ամեն տարի վաճառքի բանջարեղեն ունեմ: Արդեն 50 կիլո վարունգ եմ ծախել, 70 բանկա էլ փակել եմ»,- ասում է նա։

 

Թե տվյալ տարին վաճառքի ինչ ունի Սուսանը, գյուղում տարածվում է «խանութի Անոյի» միջոցով.

 

«Ասում եմ՝ Անո, գյուղում ասա, որ Սուսանն ամեն ինչ ծախում է։ Կամ, որ մեկը գալիս է գյուղամեջ, հարցնում է՝ էս ինչ բանն ո՞վ ունի, ասում են՝ Սուսանը: Էսպես արդեն իմանում են իմ մասին։ Գներն էլ հիմնականում Կապանի գներն են։ Չոր լոբին 2 հազար դրամ եմ ծախում, կարտոշկան մեծերի կիլոն 180-200 դրամ, փոքրերը՝ 100-150։ Օղի էլ եմ քաշոմ: Անցած տարի քիչ եմ քաշել, բայց նախանցած տարի 260 լիտր շլորի, տանձի օղի եմ քաշել»:

Սուսան Առաքելյանը Սուսան Առաքելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մինչ Սուսանը պատմում էր, թե գյուղում հիմնականում ինչպես է կազմակերպում իր բիզնեսը, զանգ է ստանում.

 

«Կառտոշկա՞, 20 կիլո՞, ունեմ: Լոբիս էլ է շատ, լոբու կլիենտ ճարի»,- պատասխանում է զանգին:

 

Արագ պատրաստում է անհրաժեշտ քանակությամբ կարտոֆիլն ու ասում. «Մարդ կա գյուղում ոչ բոստան ունի, ոչ մի բան: Գարունն ինձնից են կարտոշկա առնում: Մի 40 հազարի բազուկ եմ ծախել, մի 15 հազարի վարունգ եմ ծախել, կանաչ լոբի եմ ծախել: Մենակ 13 լիտրանոց ճխթթու եմ ծախել՝ 30 հազարի։ Ամենաեկամտաբերը լոբին է, թանկ է, թե չէ կարտոշկան ինչ, 10 կիլո կարտոշկա պիտի ծախեմ, որ մի կիլո լոբու հախ դուրս գա։ Իմ համար օրվա փողն ունեմ էլի»:

Սուսան Առաքելյանը Սուսան Առաքելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուսանը տարիներ շարունակ հենց այդպես էլ վաստակել է՝ իր ձեռքի աշխատանքով։ Ասում է՝ իրենց ընտանիքում էլ երբեք չի եղել գործերի բաժանում՝ «սա կնոջն է, սա՝ տղամարդուն» սկզբունքով։ Ամուսինն ու ինքը միասին են տունը, հողն ու երեխաներին պահել:

 

«Ամուսնացած օրվանից էլ մեր տանը հավասարություն է եղել։ Ես փայտը վերցրել եմ, ամիսներով տարել, անասունը դաշտում պահել, որ տղաս ու ամուսինս դպրոցում աշխատեին, որ աշխատանքից չընկնեին։ Ես կովն էի կթում, ինքը գոմն էր մաքրում։ Բա որ իրար չօգնեինք, ո՞նց կարայի երեխաներիս ուսումի տայի, տներ առնեի»։

Սուսան Առաքելյանը Սուսան Առաքելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վերջում ծիծաղով պատմում է՝ ինչպես հարս գնալուց հետո տարիների ընթացքում իր տեղը հաստատեց նոր ընտանիքում․

 

«Ես որ ամուսնացա, եկա էս տունը, մեր տան «իշխանն» իմ կեսրարն էր, հետո տեսավ, որ ես ստեղծող հարս եմ, իրա իշխանությունը հանձնեց ինձ»։

 

Հոդվածը պատրաստվել եւ հրապարակվել է Արաբական ծոցի զարգացման ծրագրի (AGFUND) կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) կողմից իրականացվող «ՑԱՏԿ. առաջընթացի եւ տնտեսական կայունության կրթական ծրագիր կանանց համար» ծրագրի շրջանակներում։

 

 

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Մեդիամաքսը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի AGFUND-ի եւ ՄԱԲՀ-ի տեսակետները:

 

Արփի Ջիլավյան

 

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

 

Տեսանյութը՝ Աստղիկ Հովհաննեսովի

 

 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *