Yandex Armenia. Տաքսուց դեպի «խելացի քաղաք», կրթություն եւ ռոբոտ-առաքիչներ

Written by

in

Yandex Go-ն նշում է Հայաստանում գործունեության տասնամյակը։ 

 

Ընկերությունը 2025 թվականին ուղեւորությունների անվտանգության համար ներդրել է մոտ 400 մլն դրամ, իսկ գործընկերների ավտոպարկերի թարմացման ուղղությամբ իրականացված աջակցության շնորհիվ միայն 2025 թվականին 430 էլեկտրամոբիլ է սկսել պատվեր կատարել Yandex Go-ով։

 

Բայց ընկերության հաջորդ փուլը միայն թվերի մասին չէ. այն ներառում է քաղաքային տվյալներ, AI, տեխնոլոգիական կրթություն եւ նույնիսկ ռոբոտ-առաքիչներ։

 

Yandex Armenia-ի եւ Yango Group-ի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի տարածաշրջանային ղեկավար Արամ Մխիթարյանը պատմել է՝ ինչպես է զարգացել ընկերությունը վերջին 10 տարվա ընթացքում։

 

Տասը տարի՝ շուկան փոխելով

 

2020 թվականին Yandex Taxi-ն վերածվեց Yandex Go-ի, որի նպատակն էր մեկ հարթակում հասանելի դարձնել տարբեր քաղաքային ծառայությունները։ 

 

Այսօր Հայաստանում ներկայացված են 13 ծառայությունների ընդարձակ էկոհամակարգով՝ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրման պատվերների թվային հարթակից մինչեւ սննդի առաքման, ինքնագլորների ու լիցքավորիչների վարձակալման հարթակ, սմարթ քաղաքային լուծումներ, ինչպես նաեւ մեդիա պրոդուկտներ՝ Kinopoisk, Yandex Books, Yandex Music։

Արամ Մխիթարյանը Արամ Մխիթարյանը

Լուսանկարը` Yandex Armenia

Փոփոխվել է նաեւ մեքենաների պարկը․ 2024-2025 թվականներին ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների շուկայում թարմ մեքենաների քանակը մոտ չորս անգամ աճել է, իսկ նոր մեքենաների շարքում էլեկտրամոբիլների մասնաբաժինը հասել է 58 տոկոսի։

 

Yandex Armenia-ի աջակցության շնորհիվ գործընկերների ավտոպարկերում գործարկվել է մոտ 430 էլեկտրամոբիլ, իսկ 2026 թվականի ծրագրում եւս 500 էլեկտրական մեքենայի ավելացում է նախատեսվում։

 

Անվտանգությունը՝ մեքենայական ուսուցմամբ

 

2025 թվականին անվտանգության ուղղությամբ կատարված ներդրումները Հայաստանում կազմել են մոտ 400 մլն դրամ։

 

Մեր համակարգի ներքո աշխատող մեքենայական ուսուցման մոդելները ավտոմատ կերպով կարողանում են ճանաչել, եթե վարորդը էականորեն շեղվել է երթուղուց, կտրուկ արգելակել է կամ վտանգավոր գործողություններ է ձեռնարկել:

 

Կիրառում ենք ֆոտո վերահսկողություն՝ վարորդի ինքնությունն ու փաստաթղթերը ստուգելու համար։ Մեքենաների տվյալները ինտեգրված են նաեւ Ճանապարհային ոստիկանության տվյալների բազայի հետ, իսկ մեքենաները պարբերաբար անցնում են լրացուցիչ ստուգումներ։

 

Ուղեւորների եւ վարորդների համար նախատեսված են նաեւ արագ արձագանքման կոճակներ, ուղեւորության ընթացքը ծանոթների հետ կիսելու հնարավորություն եւ վիրտուալ հեռախոսահամարներ, որոնց միջոցով վարորդն ու ուղեւորը չեն տեսնում միմյանց իրական հեռախոսահամարները: 

 

Ուղղաթիռներն ու օդապարիկները

 

Yandex Armenia-ի ռազմավարության հիմքում Yango Group-ի «Go global, go local» սկզբունքն է՝ գլոբալ տեխնոլոգիական փորձը տեղական շուկայի առանձնահատկություններին համապատասխանեցնելը։

 

2025 թվականից սկսել ենք զարգացնել Ultima ենթաբրենդը։ Դրա շրջանակում Հայաստանում հասանելի են դարձել ուղղաթիռներով թռիչքները, պրեմիում սակագինը, իսկ վերջերս՝ նաեւ օդապարիկներով թռիչքները։ Ուղղաթիռներն ու օդապարիկները Yango Group-ի ավելի քան 35 շուկաներից հասանելի են հենց Հայաստանում։

Լուսանկարը` Yandex Armenia

Ուղևորությունների կորպորատիվ լուծումները նախատեսված են ընկերությունների կորպորատիվ երթերի համար, իսկ առաքման եւ սննդի ծառայությունները կարևոր գործիք են փոքր ու միջին բիզնեսների, ռեստորանների, խանութների եւ սուպերմարկետների զարգացման համար։

 

Այս իմաստով հարթակի տրամաբանությունը փոխվում է՝ տրանսպորտային ծառայությունից վերածվելով տարբեր բիզնեսների թվային ենթակառուցվածքի։

 

Քարտեզն ու լուսացույցների թվայնացումը

 

Երեւանի քաղաքապետարանի հետ համագործակցում ենք՝ քաղաքային շարժի վերաբերյալ տվյալները մշակելու եւ տվյալահեն որոշումների կայացման ուղղությամբ։

 

Yandex Maps-ով միայն այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին կազմվել է 54 միլին երթուղի, իսկ տրանսպորտի բաժնի ամսական ակտիվ օգտատերերի թիվը մոտ 700 հազար է։

 

Yandex Maps-ում արդեն հնարավոր է հետեւել հասարակական տրանսպորտի շարժին, ստանալ երթուղու քայլ առ քայլ ուղղորդում եւ իրական ժամանակում կիսվել գտնվելու վայրով։ Ավելացրել ենք դպրոցների մոտ վարորդներին զգուշացնող գործառույթ, ինչպես նաեւ Հայաստանի տեսարժան վայրերի 3D մոդելներ։

 

Երեւանի քաղաքապետարանի հետ այժմ աշխատում ենք նաեւ լուսացույցների թվայնացման ուղղությամբ։ Դա վարորդին հնարավորություն կտա ավելի ճիշտ վարել ու հաշվարկել երթուղու տեւողությունը, իսկ մեզ՝ խցանումները ավելի ճշգրիտ գնահատել։ 

 

Yandex Armenia-ի տնտեսական դերը

 

Գրեթե բոլորն օգտվում են մեր ծառայություններից, մենք կարծես վերածվում ենք կոմունալ ծառայության։ Մարդիկ ակնկալում են, որ ջրի նման պետք է ծորակը բացեն ու ծառայությունները ջրի պես պետք է հոսեն։ 

 

2026 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ ընկերությունը ՏՏ ոլորտի երկրորդ խոշոր հարկատուն է։ 

 

2025 թվականին պետական բյուջե վճարված հարկերը կազմել են 9.5 մլրդ դրամ, որից 3,4 մլրդ դրամ պետական տուրք՝ Yandex Go հարթակի միջոցով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող վարորդների արտոնագրերի համար։ 2024 թվականի սեպտեմբերից մինչեւ 2026 թվականը վարորդների պետական տուրքի մասով պետական բյուջե ենք վճարել մոտ 8 մլրդ դրամ։

Լուսանկարը` Yandex Armenia

Yandex Armenia-ն վարորդների համար հանդես է գալիս որպես հարկային գործակալ։ Այս մեխանիզմի միջոցով մեր հարթակներով աշխատող վարորդներն ամբողջությամբ տեղափոխվել են հարկային դաշտ՝ իրենց գործունեությունը դարձնելով լիովին թափանցիկ։

 

Մեր ծառայություններով գեներացվող տրանզակցիաների ամբողջական արժեքը համարժեք է Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 1.3%-ին, իսկ տնտեսական ակտիվ բնակչության մոտ 10%-ն այս կամ այն կերպ եկամուտ է վաստակում մեր հարթակների միջոցով։

 

Yandex Hall-ը՝ տեխնոլոգիական համայնքի հանգույց

 

Հայաստանում Yandex-ի ներկայությունը միայն կոմերցիոն ծառայություններով չի սահմանափակվում։ Ընկերության գրասենյակում գործում է Yandex Hall-ը, որը նախատեսված է նաեւ տեխնոլոգիական համայնքի միջոցառումների համար։

 

Բարեգործական նախագծերին զուգահեռ փորձում ենք ազդեցությունն ավելի վաղ փուլից սկսել՝ կրթությունից։ 2017-ից սկսած Վանաձորում եւ Գյումրիում բացված անվճար ծրագրավորման դպրոցներում սովորել է  ավելի քան 500 պատանի։ 

Լուսանկարը` Yandex Armenia

2026 թվականին այս ուղղությանը միացել է նաեւ երկու նոր նախաձեռնություն՝ Yandex Armenia Accelerator-ը եւ ML School Armenia-ն, որը պատրաստելու է մեքենայական ուսուցման եւ ԱԲ ոլորտներում բարձրակարգ մասնագետներ։

 

Աքսելերատորի միջոցով կաջակցենք տեխնոլոգիական ձեռնարկատերերին եւ փոքր թիմերին՝ ռեսուրսների ու մենտորության միջոցով։ Ծրագրին դիմել է մոտ 140 թիմ, որոնցից ընտրվել է 10 նախագիծ։ Ընտրված թիմերը հնարավորություն են ստանալու օգտվել Yandex-ի ռեսուրսներից եւ այն շուկաներից, որտեղ ընկերությունը ներկայացված է։ 

 

Հաջորդ փուլը՝ Physical AI

 

Ընկերությունը տարբեր շուկաներում աշխատում է ինքնավար տաքսիների, ռոբոտ-առաքիչների եւ դրոններով առաքման ուղղություններով։ Հայաստանում նույնպես աշխատանք է տարվում նման տեխնոլոգիաները ներդնելու ուղղությամբ։

 

Հուսով եմ՝ կհասցնենք մինչեւ տարվա վերջ, բայց եթե ոչ՝ 2027-ի սկզբում կարող եք Երեւանում արդեն տեսնել մեր ռոբոտ-առաքիչներին։

 

Նունե Գրիգորյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *