Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված փաստ է, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Թուրքմենբաշի քաղաքում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։
«2020 թվականի պատերազմից ի վեր մենք մեծ ճանապարհ ենք անցել խաղաղության հասնելու ուղղությամբ։ Այս համատեքստում ես կցանկանայի հատկապես ընդգծել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը 2020 թվականի նոյեմբերին հրադադարի հաստատման գործում։ Սակայն, ցավոք, նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո մենք չկարողացանք հասնել խաղաղության», – նշել է նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու միայն մեկ կենսունակ տարբերակ կար, և այդ ճարտարապետությունը կառուցվել է Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքների վրա։
Նա նշել է, որ 1991 թվականին Ալմա-Աթայի հռչակագրի ընդունումը չկարողացավ կանխել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրումը. «Երեսուն տարուց ավելի հակամարտությունը շարունակվել է Ալմա-Աթայի հռչակագրի հովանու ներքո, և թվում էր, թե այս փաստաթղթի գոյությունը աննկատ է մնացել։ Լիարժեք խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ էր վերակենդանացնել Ալմա-Աթայի հռչակագիրը։ Մենք դա արեցինք Ադրբեջանի նախագահի հետ միասին»։
«Այսօր մենք կարող ենք նշել, որ վերջին երկու տարիների ընթացքում հայերի և ադրբեջանցիների միջև կրակոցների հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել», – ընդգծել է Փաշինյանը։
Leave a Reply