Ալմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր խաղաց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման գործում, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Թուրքմենբաշիում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։
Նա նշել է, որ 2024 թվականին Հայաստանը և Ադրբեջանը ստորագրել և վավերացրել են երկու երկրների միջև պետական սահմանների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։ Փաշինյանի խոսքով՝ կանոնակարգը անկախ Հայաստանի և անկախ Ադրբեջանի միջև ստորագրված առաջին երկկողմ իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթն է։
«Փաստաթուղթը սահմանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովները երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացում կղեկավարվեն Ալմա-Աթայի հռչակագրով՝ որպես հիմնարար սկզբունք», – նշել է ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը, որը ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերից մեկն է, նաև առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագրի տեքստում։ Նրա խոսքով՝ Ալմա-Աթայի հռչակագիրը հիշատակվում է Համաձայնագրի նախաբանում։
Leave a Reply