Մարկո Ռուբիո. Մեր քաղաքակրթության համար շրջադարձային կետում ենք

Written by

in

Ներկայացնում ենք հատվածներ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի 2026 թվականի հոկտեմբերի 7-ին Աթենքի Ակրոպոլիսի մոտ ունեցած ելույթից։

 

Աշխարհում քիչ չեն մեծ ավերակները։ Ամենից հաճախ դրանք այն վայրերն են, որտեղ պատմությունը կարծես սպառել է ինքն իրեն. հեռավոր մշակույթների մնացորդներն են, որոնց վաղուց դուրս են եկել կենդանի հիշողության սահմաններից։

 

Բայց Ակրոպոլիսն ուրիշ է։

 

Հազարամյակներ շարունակ քաղաքակրթությունը, որը ստեղծել է այն, ինչ այժմ իմ թիկունքում է, հանգիստ չի տալիս արեւմտյան աշխարհի երեւակայությանը։ Մեր պետական գործիչների, նկարիչների ու փիլիսոփաների սերունդներն իրենց հայացքն ուղղել են դեպի Ակրոպոլիս՝ հիացմունքով ու ակնածանքով։

 

Ժամանակը զգացմունքները բթացնելու հատկություն ունի. մեծ հաղթանակներն ու ջախջախիչ պարտությունները ժամանակի ընթացքում կարծես սեղմվում են, վերածվելով ծանոթագրության դասագրքում, հերթական փաստի, որը մեր դպրոցականները անգիր կանեն եւ կմոռանան։ Բայց հին հույները մեր հիշողությունը պահում են գրեթե առեղծվածային ուժով եւ նորից ու նորից կանչում են մեզ։

 

***

 

Ամերիկայի պատմությունը կրում է անտիկ շրջանի կնիքը։ Հունաստանը բառացիորեն փորագրված է մեր պետության ճարտարապետության մեջ՝ մեր մայրաքաղաքի բարձր սյուներում, գմբեթներում եւ հուշարձաններում: Ֆիլադելֆիան, որտեղ ծնվել է մեր Սահմանադրությունը, հունական անուն ունի։

 

Իմ երկրի հիմնադիր հայրերը հիացած էին ձեր երկրից ստացված ժառանգությամբ։ Նրանք լավ գիտեին պատմությունը եւ հստակ գիտակցում էին իրենց հատուկ տեղը դրանում, սակայն անցյալի ոչ մի դարաշրջան չէր գրավում նրանց ուշադրությունն ու երեւակայությունը այնպես, ինչպես անտիկ շրջանը։

 

Ամերիկայի հիմնադիր հայրերի գաղափարների վրա Հին Հունաստանի ազդեցության մասին շատ բան է գրվել ու ասվել։ Այս պատմության հիմունքները ծանոթ են մեզանից շատերին։ Աթենքը մեզ ժողովրդավարություն պարգեւեց։ Պլատոնն ու Արիստոտելը՝ արեւմտյան փիլիսոփայություն։ Մեր պատկերացումները իրավունքի, առաքինության, քաղաքացիականության եւ հանրապետական կառավարման մասին ձեւավորվել են հունական քաղաք-պետություններում։ Նույնիսկ մեր քաղաքական բառապաշարի զգալի մասը՝ «ժողովրդավարություն», «բռնապետություն» եւ հենց «քաղաքականություն» բառերը այստեղից են։

 

Այս ամենը ճշմարիտ է։ Բայց այն, ինչով մենք պարտական ենք այս վայրին՝ որպես ամերիկացիներ եւ արեւմտյան աշխարհի ներկայացուցիչներ, շատ ավելի խորն է։ Այս ինստիտուտներն ու գաղափարները հին հույների ավելի հիմնարար հատկանիշների արտաքին դրսեւորումն էին՝ հատկանիշների, որոնք հնարավոր չէ հարմարեցնել որեւէ կոնկրետ քաղաքական համակարգի կամ տեսության։

Մարկո Ռուբիոն Մարկո Ռուբիոն

Լուսանկարը` REUTERS

Հենց այստեղ՝ Աթենքում, առաջին անգամ մարմնավորվեցին բոլոր այն գլխավոր գծերը, որոնք հետագայում պետք է սահմանեին Արեւմուտքը. մոլեգին անհատապաշտությունը եւ անհագ փառասիրությունը, համարձակությունը հետազոտություններում եւ գյուտերում, բացահայտումների, արկածների, ռիսկի եւ փառքի ծարավը: Անհագ հետաքրքրասիրությունը աշխարհի եւ դրա կառուցվածքի սկզբունքների հանդեպ, բնության խորհուրդներն ու տիեզերքի գաղտնիքները ըմբռնելու ձգտումը։ Անհանդուրժողականությունը անհնարինի գաղափարի նկատմամբ, ցանկացած սահման հատելու եւ չբացահայտվածի խորքերը նայելու ցանկությունը:

 

***

 

Հույները ոչ միայն կերտում էին պատմությունը, նրանք այն պարգեւեցին մեզ։ Հնագույն բազմաթիվ քաղաքակրթությունների մասին գիտելիքների մեծ մասը մեզ հայտնի է գրեթե բացառապես հունական ճանապարհորդների ու պատմաբանների գրառումներից, որոնք չէին սահմանափակվում միայն սեփական ժողովրդի տարեգրությամբ, այլեւ ճանապարհ էին ընկնում՝ դիտելու եւ նկարագրելու ամբողջ աշխարհի օտար ժողովուրդների ու մշակույթների սագաները:

 

Այնտեղ, որտեղ ուրիշները նայում էին սեփական էության խորքը, հույներն առաջինն էին, որ հայացքն ուղղեցին դեպի դուրս՝ հանուն տարօրինակի ու նորի հետ հանդիպման հուզմունքի եւ փառքի։ Հենց դա էր հետո դրդելու Արեւմուտքին ստեղծել այն, ինչը մյուսների ուժերից վեր էր, եւ առանձնացնելու էր մեզ բազմաթիվ այն մշակույթներից ու քաղաքակրթություններից, որոնցում կայունությունն ու գոյատեւումն էին կյանքի բարձրագույն նպատակ համարվում:

 

Սակայն մենք հույներից ժառանգել ենք ոչ միայն անհայտը հետազոտելու ձգտումը, այլեւ այն համոզմունքը, որ անհայտը հնարավոր է ճանաչել։ Համոզմունքը, որ աշխարհը կարելի է նկարագրել, չափել, քարտեզագրել եւ հասկանալ, որ տիեզերքում գոյություն ունի որոշակի հիմնարար օրենքներին ՝ ենթարկվող ողջամիտ կարգ, որը մարդը կարող է դիտարկել, իսկ բանականությունը՝ ըմբռնել։

 

Դրա վրա է հիմնված արեւմտյան միտքը՝ մեր մաթեմատիկան, մեր գիտությունը, մեր բժշկությունը, մեր փիլիսոփայությունը, էթիկան եւ կրոնը: Սա նախապատրաստեց այն հողը, որի վրա Հիսուս Քրիստոսի Ավետարանը արմատավորվեց Եվրոպայում։

 

Այսպես ծնվեց մի քաղաքակրթություն, որը միավորված էր ոչ միայն ընդհանուր մշակույթով, այլեւ ընդհանուր մարդաբանությամբ՝ մարդու եւ տիեզերքում նրա տեղի վերաբերյալ ընդհանուր հայացքով: Նրա ժառանգները կիսում էին ոչ միայն բնական կարգի գաղափարը, այլեւ առաքինության, ճակատագրի ու բախտի, ճշմարտության, բարու եւ գեղեցկության, մարդու կյանքը սահմանող օրենսգրքի, ինչպես նաեւ այն օբյեկտիվ չափանիշների ու իդեալների հատուկ ըմբռնումը, որոնց պետք է ձգտել:

 

***

 

Ժամանակակից մարդու ականջի համար իմ նկարագրած կենսակերպը կարող է տարօրինակ թվալ, նույնիսկ՝ դաժան: Մեր ժամանակների շատ գաղափարախոսությունների իդեալը, անկեղծ ասած, դարձել է բացարձակ անվտանգության աշխարհը՝ առանց ռիսկի եւ անհաջողությունների, առանց հաղթանակի փառքի եւ առանց պարտության խայտառակության: Այսօր մենք չափազանց հաճախ ենք դեպի վար կառուցում։ Մենք մեր չափանիշներն այնպես ենք սահմանում, որ ոչ ոք չպարտվի. մեզ ավելի շատ մտահոգում է վատթարագույնների հարմարավետությունը, քան լավագույնների ներուժը: Մենք մեր մեջի ամենավեհն առօրեականի, միջակության գերի ենք դարձնում։

 

Թիմոսը՝ ինչպես այն անվանում էին հին հույները, կրքի, ուժի, արիության, հպարտության կրակն է, մեծ քաղաքակրթության սիրտը: Իսկ եթե առանց դրա՞: Առանց դրա ժողովուրդները կորցնում են պայքարելու կամքը, ձգտելու կամքը, գոյատեւելու կամքը:

Մարկո Ռուբիոն Մարկո Ռուբիոն

Լուսանկարը` REUTERS

Այսօր Արեւմուտքի մեծ մասը մոռացել է այս հատկանիշի մասին: Ժամանակի ընթացքում մենք՝ Արեւմուտքում, սկսեցինք ամաչել նրանից, ինչը մեզ բացառիկ էր դարձնում: Մեզ համար անհարմար դարձավ այն փաստը, որ մեր ձեռքբերումներն առանձնացնում են մեզ մնացած աշխարհից։ Մեր բարեկեցությունն ինչ-որ կերպ մեղքի զգացման աղբյուր դարձավ: Մենք դադարեցինք հավատալ, որ արժանի ենք մեր վեհությանը եւ վաստակել ենք այն։

 

«Ազգայնականություն» բառը հայհոյանք դարձավ։ Եվ մենք քանդեցինք մեր հուշարձանները, դատապարտեցինք մեր սեփական պատմությունը։ Շատ վայրերում մենք սովորեցնում էինք երեխաներին ամաչել այն երկրներից, որոնք նրանք պետք է ժառանգեն։ Բացեցինք մեր սահմանները, արդյունաբերությունը արտերկիր տարանք եւ թույլ տվեցինք, որ մեր բանակները թուլանան ու անկում ապրեն։

 

Եվ ամեն տարի մենք մեր ինքնիշխանության ավելի ու ավելի մեծ մասն էինք պատվիրակում դեպի դուր՝ որոշումները վերապահելով գլոբալ բյուրոկրատիաներին, որոնք վաղուց դուրս են եկել մեր վերահսկողությունից։

 

Բայց եղան նաեւ նրանք, ովքեր ուրախությամբ լցրեցին մեր թուլության հետեւանքով առաջացած վակուումը։ Եվ քամի դեռ Արեւմուտքի վստահությունը մարում էր, նրա հակառակորդներն ու մրցակիցները դառնում էին ավելի ու ավելի հետեւողական՝ ավելացնելով սեփական հարստությունն ու հզորությունը։

 

Եվ ահա այսօր մենք հայտնվել ենք խաչմերուկում։ Մոտակա տասնամյակը եւ մեր կայացրած որոշումները կորոշեն հաջորդ դարի պատմությունը։ Մեր ընտրած ճանապարհից է կախված՝ Արեւմուտքը կպահպանի՞ իր տեղը աշխարհի ղեկին, թե՞ կհաշտվի լճացմամբ, կախվածությամբ ու անկումով լի ապագայի հետ։ Կամ մենք կհամարձակվենք գործել հիմա, կամ ընդհանրապես կկորցնենք ընտրության հնարավորությունը։

 

Նախագահ Թրամփի օրոք ԱՄՆ-ն կատարել է իր ընտրությունը։ Մենք ընտրում ենք ազգային հզորության անզիջում ձգտումը. վերադարձնել վերահսկողությունը կրիտիկական նշանակություն ունեցող մատակարարման շղթաների նկատմամբ, վերաարդյունաբերականացնել տնտեսությունը, վերականգնել պաշտպանությունը, պայքարել ապագայի տեխնոլոգիաների եւ ճյուղերի առաջնորդության համար։

 

Մենք ընտրում ենք նոր սահմանների նվաճումը. առաջադեմ արտադրության եւ գերբանականության մեջ, անօդաչու թռչող սարքերի, սպառազինության եւ ռազմական գործի մեջ, միկրոչիպերի, օգտակար հանածոների, կիբերտարածության եւ մարդկային հնարավորությունների բոլոր այլ ոլորտներում:

 

Չնայած իրենց իդեալների վեհությանը, հին հույները միամիտ չէին։ Նրանք հասկանում էին, որ պետություններն ունեն շահեր։ Հասկանում էին, որ պետական կառավարումը պահանջում է ողջամտություն եւ դիվանագիտություն, բայց նաեւ ուժ կիրառելու կարողություն, երբ ողջամտությունն ու դիվանագիտությունն անզոր են։ Նրանք հասկանում էին, որ ուժը ոչ միայն ինքնապաշտպանության միջոց է, այլեւ դրանից օգտվելու համոզիչ պատրաստակամություն:

 

Հենց այս դասական քաղաքական եւ պետական կառավարման ըմբռնումն է մտադիր վերադարձնել Թրամփի վարչակազմը՝ ոչ միայն մեր երկրի, այլեւ մեր ողջ քաղաքակրթության համար:

Մարկո Ռուբիոն Մարկո Ռուբիոն

Լուսանկարը` REUTERS

Մենք հավատում ենք, որ Եվրոպան կարող է արթնանալ երկար քնից եւ նորից բորբոքել հազարամյակներ առաջ այստեղ վառված կրակը։

 

Դրա նշաններն արդեն կան։

 

Ամբողջ մայրցամաքում մենք տեսնում ենք այն, ինչը, հույս ունենք, կդառնա սերնդափոխության սկիզբ. պաշտպանական ծախսերի կտրուկ աճ, բազմաթիվ նոր գործընկերություններ եւ ծրագրեր, արտադրության ընդլայնում:

 

Հունաստանը գտնվում է այս փոփոխությունների կենտրոնում։ Այս երկրի ժողովուրդը նորից ապացուցեց, որ ինքը եւ՛ Եվրոպայի, եւ՛ Միացյալ Նահանգների անփոխարինելի ընկերն է՝ էներգետիկայի, միգրացիայի եւ պաշտպանության հարցերում, որտեղ Հունաստանը դարձել է օրինակելի դաշնակից։

 

Եվ մենք անկեղծորեն հույս ունենք, որ ամբողջ Եվրոպան հետեւելու է ձեր օրինակին:

 

***

 

Մենք ցանկանում ենք հաղթել միասին: Մենք պետք է հաղթենք միասին:

 

Այսօր նորաձև է կարծել, թե լուսավորյալ արտաքին քաղաքականությունը համաշխարհային հանրությունը սեփական ժողովրդից բարձր դասելն է: Եվ այստեղ, կարծում եմ, մենք նույնպես սովորելու շատ բան ունենք հին հույներից: Չէ՞ որ նրանք գիտեին, որ սեփական ազգին հավատարիմ լինելու մեջ ոչ մի էգոիստական կամ վատ բան չկա, ինչպես որ ոչ մի էգոիստական կամ վատ բան չկա ամենից բարձր՝ հանուն նրա շահերի պայքարելու մեջ:

 

Նրանք անձնվիրաբար հավատում էին ականավոր մարդու իդեալին՝ բացառիկ անհատի, որն անմահություն է ձեռք բերում սեփական գործերով: Բայց նրանք հավատում էին, որ փառքն ու համբավը ձեռք են բերվում ձգտման, ինքնազոհաբերության եւ մեծ նվաճումների միջոցով՝ հանուն մի բանի, որն ավելին է, քան դու ինքդ: Հին հունական աշխարհի անփոփոխ հերոսը մարդ է, ով պատրաստ է ցանկացած գին վճարել՝ իր հավատարմությանն արժանի գործի համար:

 

***

 

Մենք գտնվում ենք շրջադարձային կետում. շրջադարձային ոչ միայն իմ երկրի պատմության, այլեւ մեր ողջ քաղաքակրթության համար:

 

Այն սպառնալիքները, որոնց մենք բախվում ենք այսօր, պակաս իրական չեն, քան անտիկ շրջանի դրամատիկ բեմում:

Մարկո Ռուբիոն Մարկո Ռուբիոն

Լուսանկարը` REUTERS

Պատերազմը չէր վերացել միայն այն պատճառով, որ մենք նախընտրում էինք խաղաղությունը։ Այլ պետությունները շարունակում էին սպառազինվել, ազդեցության ձգտել, մրցել տարածքների ու տեխնոլոգիաների, ռեսուրսների ու շուկաների, էներգիայի ու իշխանության համար:

 

Եվ ահա կրկին պատերազմ է ընթանում։ Կրկին սկսվել է մեծ տերությունների մրցակցությունը։ Կրկին խոցելիություն, ագրեսիա, ահաբեկչություն. նոր սպառնալիքների ու հարձակումների մի ամբողջ տիեզերք։

 

Այդ իսկ պատճառով մենք պետք է միասին վերակառուցենք մեր ինստիտուտներն ու դաշինքները՝ այս սպառնալիքներին դիմակայելու համար՝ գիտակցելով, որ նպատակը դրանցում ներառված պետությունների ինքնիշխանությունը վերացնելը չէ, այլ այն պաշտպանելը: Եվ որ ազգերին հարկավոր չէ հրաժարվել իրենց ինքնությունից՝ ընդհանուր շահերը ճանաչելու համար:

 

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *