Խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում․ խախտումներ՝ Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոնում

Written by

in





Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման այց են իրականացրել Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոն

Որպես կանխարգելման ազգային մեխանիզմ՝ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այց են իրականացրել Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոն։
Այցի ընթացքում ուսումնասիրվել են հաստատությունում խնամք ստացող անձանց իրավունքների ապահովման վիճակին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև դիտարկվել է նախորդ մշտադիտարկման այցերի ընթացքում բարձրաձայնված խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված միջոցների ընթացքը։

Հատկանշական է, որ նախորդ այցերի շրջանակում բարձրացված որոշ խնդիրներ ստացել են լուծումներ։

Մասնավորապես՝
• համայնքի կողմից կազմակերպվել են դեպի կենտրոն տանող ճանապարհի վերանորոգման աշխատանքները,
• ընդլայնվել և իրականացվում են խնամարկյալների ատամնաբուժական ծառայությունները,
• որոշ բաժանմունքներում անհատականացվել են հիգիենիկ պարագաները։ Միևնույն ժամանակ, խնդիրը դեռևս ամբողջությամբ լուծված չէ որոշ բաժանմունքներում, որտեղ շահառուների ոչ բոլոր ներքնազգեստներն ունեն անհատականացված նշումներ, իսկ լոգարաններում առկա լոգանքի սպունգերի համար նախատեսված պայուսակների մի մասի վրա շահառուների անունները բացակայում են կամ առկա նշումները ջնջված են։

Այցի ընթացքում վեր են հանվել բազմաթիվ խնդիրներ, որոնք արձանագրվել են նաև նախկինում և շարունակում են մնալ չլուծված։

Մասնավորապես՝

• տուն-ինտերնատը շարունակում է մնալ գերբեռնված, պահպանված չէ խնամարկյալների անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը. սենյակներում մահճակալներն իրար շատ մոտ են տեղադրված, առանձին դեպքերում՝ իրար կպած՝ խնամարկյալների մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտմամբ,
• շարունակում է մտահոգիչ մնալ հոգեբույժի թափուր հաստիքների համալրման դժվարությունը,
• խնամարկյալների նկատմամբ դրսևորվում է մարդու իրավունքների չափանիշներին չհամապատասխանող տարբերակված մոտեցում, արձանագրվել է նաև աշխատանքային շահագործման դեպք,
• շարունակում են արձանագրվել զսպման միջոցների կիրառման կարգի խախտումներ, մատյանները պատշաճ չեն վարվում։ Չնայած կիրառվում են դեղորայքային հանդարտեցման միջոցներ՝ կոնկրետ շահառուների վարքային դրսևորումները մեղմելու նպատակով, դրանք չեն արձանագրվում որպես զսպման միջոցներ,
• բաժանմունքներն ունեն վերանորոգման կարիք, սենյակների պայմաններն անբավարար են, առկա է կողապահարանների պակաս կամ բացակայություն և այլն,
• շուրջօրյա խնամքի որոշ բաժանմունքների սանհանգույցներն ու լոգարաններն ունեն վերանորոգման կարիք,
• շարունակում է մտահոգիչ մնալ խոհանոցի և լվացքատան մասնաշենքերի վիճակը, որոնք վերանորոգման խիստ կարիք են ունեցել դեռևս նախորդ այցերի ժամանակ,
• շուրջօրյա խնամքի կենտրոնում շարունակում է մտահոգիչ մնալ հարմարեցված և մատչելի միջավայրի բացակայությունը։ Օրինակ՝ բաժանմունքների մուտքերն ապահովված չեն թեքահարթակներով, ինչի հետևանքով տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունեցող խնամարկյալներն ունեն սանհանգույցից և զբոսանքից օգտվելու դժվարություններ,
• արձանագրվել է նաև ծխելու համար համապատասխան առանձնացված տարածքի բացակայությունը։ Շահառուների հետ անցկացված զրույցների և այցի ընթացքում կատարված դիտարկումների համաձայն՝ ծխող շահառուները ծխում են բնակելի սենյակներում կամ միջանցքներում,
• արձանագրվել են իրազեկված համաձայնության հետ կապված խնդիրներ. խնամարկյալներն իրազեկված համաձայնություն չեն ներկայացնում և պատշաճ չեն տեղեկացվում իրենց իրավունքների վերաբերյալ,
• խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում, խնամակալների՝ ի շահ խնամարկյալների գործելու նկատմամբ պատշաճ հսկողություն չի իրականացվում,
• առկա է խնամարկյալներին զբաղվածությամբ ապահովելու շարունակական լավարկման անհրաժեշտություն,
• շահառուներին տրամադրվող խնամքը և առօրյայի կազմակերպումը շարունակում են ունենալ ինստիտուցիոնալ բնույթ և բավարար չափով անհատականացված չեն,
• անհատական բջջային հեռախոս չունեցող խնամարկյալները տաքսաֆոնների բացակայության պարագայում չեն կարողանում զանգահարել մերձավորներին կամ կոնֆիդենցիալ (խորհրդապահական) կապ հաստատել համապատասխան մարմինների, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի հետ։ Այդ հանգամանքը շարունակում է մնալ մտահոգիչ՝ ինչպես վերջիններիս սոցիալական կապերի պահպանման, այնպես էլ պատասխանատու պետական մարմինների հետ կապ հաստատելու հնարավորությունն ապահովելու անհրաժեշտության տեսանկյունից։
Խնամարկյալներն իրենց ազգականների հետ կապ են հաստատում միայն սոցիալական աշխատողների անձնական բջջային հեռախոսներով։ Փաստացի հեռախոսակապից օգտվելու համար խնամարկյալներն ուղղակիորեն կախվածության մեջ են շուրջօրյա խնամքի կենտրոնի աշխատակիցներից։ Նման պրակտիկան խնդրահարույց է և կարող է հանգեցնել չարաշահումների,
• շարունակում է արդիական մնալ տուն-ինտերնատի բժշկական և ոչ բժշկական անձնակազմի վերապատրաստման անհրաժեշտությունը։

Այցի արդյունքների վերաբերյալ փաստաթուղթը, որտեղ ներառված են նաև արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկները, կուղարկվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է բարձրացված հարցերի շուրջ բոլոր շահագրգիռ կողմերի հետ կառուցողական քննարկումների կազմակերպումը։

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման ուղղությամբ պետության կողմից ձեռնարկվող քայլերը հետևողականորեն շարունակելու և զարգացնելու անհրաժեշտությունը՝ կարևորելով անձանց անկախ կյանքի իրավունքի իրացումը, համայնքահեն ծառայությունների զարգացումը և հասարակական կյանքում լիարժեք ներառման ապահովումը։



դիտվել է 30 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *