«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնատար անձանց ներկայացրած հայտարարագրերի ուսումնասիրության շրջանակում այս անգամ ներկայացնում է Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի հայտարարագիրը՝ պարզելով, թե ով է նա և ինչ ունեցվածք ունի։
Ով է նա
Մխիթար Մաթևոսյանը 1997-2012 թվականներին զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ, իսկ 2012-2021 թվականներին եղել է «ՄԱՎՇԻՆ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը։
2021 թվականի դեկտեմբերի 5-ին Մխիթար Մաթևոսյանն ընտրվել է Վայք խոշորացված համայնքի ղեկավար։ Նոր տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները ուժի մեջ են մտել 2021 թվականի դեկտեմբերի 17-ից։
Անշարժ գույք
Հայտարարագրի համաձայն՝ Մխիթար Մաթևոսյանը տարվա սկզբում և վերջում ունեցել է մեկ բնակարան՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում։ 2025 թվականի ընթացքում Մխիթար Մաթևոսյանը անշարժ գույք չի ձեռք բերել և չի օտարել։
Տրանսպորտային միջոցներ
Համայնքապետի հայտարարագրում առկա է վեց տրանսպորտային միջոց։
Նա ունի 2013 թվականի արտադրության CATERPILLAR F434 անվավոր մեքենա կամ մեխանիզմ, որը ձեռք է բերել 2014 թվականի հունվարի 1-ին՝ գնման միջոցով։
Հայտարարագրում առկա է նաև 2016 թվականի արտադրության MERCEDES-BENZ մարդատար ավտոմեքենա, որը ձեռք է բերվել 2021 թվականի հոկտեմբերի 8-ին։
Մաթևոսյանը հայտարարագրել է նաև 2007 թվականի արտադրության VAZ ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2008 թվականի հունվարի 23-ին, ինչպես նաև 2007 թվականի արտադրության մեկ այլ MERCEDES-BENZ, որը ձեռք է բերվել 2018 թվականի նոյեմբերի 14-ին։
Բացի այդ, համայնքապետն ունի երկու GAZ բեռնատար։ Դրանցից 2008 թվականի արտադրության մեքենան ձեռք է բերվել 2011 թվականի հոկտեմբերի 21-ին, իսկ 2006 թվականի արտադրության մեքենան՝ 2011 թվականի հուլիսի 20-ին։
2025 թվականի ընթացքում նոր տրանսպորտային միջոց ձեռք բերելու կամ առկա մեքենաներից որևէ մեկը օտարելու մասին հայտարարագրում տվյալներ չկան։ Տարվա վերջում նշված բոլոր վեց տրանսպորտային միջոցները շարունակում էին առկա լինել։
Եկամուտ
2025 թվականի ընթացքում Մխիթար Մաթևոսյանի հայտարարագրված ընդհանուր եկամուտը կազմել է 11,306,594 դրամ։
Դրանից 5,306,554 դրամը ստացել է Վայքի համայնքապետարանի աշխատակազմից՝ որպես աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ։
Բացի այդ, «ՄԱՎՇԻՆ» ՍՊԸ-ից Մաթևոսյանը ստացել է 5,000,040 դրամ և ևս 1,000,000 դրամ՝ վարձակալության դիմաց։
Դրամական միջոցներ
Մխիթար Մաթևոսյանի բանկային հաշիվների երկու մնացորդները տարվա սկզբում կազմել են համապատասխանաբար 50,000 դրամ և 800,000 դրամ, իսկ տարեվերջին՝ 100,000 դրամ և 900,000 դրամ։
Այսպիսով, բանկային հաշիվներում առկա միջոցները տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 850,000 դրամից հասել են 1,000,000 դրամի, այսինքն՝ ավելացել են 150,000 դրամով։
Կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբում կազմել են 11,500,000 դրամ, իսկ տարեվերջին՝ 12,000,000 դրամ՝ ավելանալով 500,000 դրամով։
Հաշվարկով՝ Մաթևոսյանի բանկային հաշիվների և կանխիկ միջոցների ընդհանուր գումարը տարվա սկզբում կազմել է 12,350,000 դրամ, իսկ տարեվերջին՝ 13,000,000 դրամ։
Հայտարարագրում բանկային ավանդներ, էլեկտրոնային հաշիվներ և կրիպտոարժույթներ նշված չեն։
Բիզնես
Մխիթար Մաթևոսյանը հայտարարագրել է նաև մասնակցություն առևտրային կազմակերպությունում։ Նա 100 տոկոս մասնակցություն ունի «Մաթևոսյան Քոնսթրաքշնս» կազմակերպությունում։ Մասնակցությունը ձեռք է բերվել 2020 թվականի նոյեմբերի 27-ին։
Հայտարարագրում նշված է նաև, որ Մխիթար Մաթևոսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է»։
Leave a Reply