Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»

Written by

in






«Փաստ» օրաթերթը գրում է.


Վերջին շրջանում իշխանություններն ու իշխանական քարոզչամեքենան ակտիվորեն շրջանառության մեջ են դրել թեզեր, թե իբր Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասնակից ադրբեջանցի զինվորին չարտահանձնելու դեպքում «վաղը» սահմանը խախտած հայ զինծառայողները կարող են ենթարկվել նույնատիպ վերաբերմունքի։ Սակայն այս քարոզչական գծի հետևում իշխանությունը բացահայտորեն շրջանցում է էական փաստերը. ադրբեջանցի զինծառայողը սովորական սահմանախախտ չէ։ Նա ներխուժել է խաղաղ բնակչի տուն, զենք է կիրառել, վիրավորել է քաղաքացիական անձանց (այդ թվում՝ կնոջն ու երեխաներին, իսկ տուժած կինն այս պահին ենթարկվում է բազմաթիվ վիրահատությունների՝ առողջական վիճակը կայունացնելու համար)։


Այս վտանգավոր օրակարգերի պատճառով հանրության շրջանում ապատիա է առաջանում և վախ՝ սեփական անվտանգության համար: Այս պարագայում հատկանշական է, թե ինչպիսին է հանրային-քաղաքական արձագանքը իշխանությունների որդեգրած այս գործելաոճին։ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ֆիքսել է, որ իշխանության քայլերը միտված են օրակարգը շեղելուն, մինչդեռ անհրաժեշտ է քաղաքական մակարդակով տալ հստակ գնահատական և պաշտոնապես հայտարարել, որ հանցագործություն կատարած ադրբեջանցին չի հանձնվելու Ադրբեջանին։ «Ադրբեջանցին մտել է Հայաստան, մտել է ընտանիք, փորձել է սպանել ընտանիքի անդամներին։ Իրենք պետք է քաղաքական գնահատական տան ու ասեն, որ չեն արտահանձնելու այդ ադրբեջանցուն Ադրբեջանին… Դա քաղաքական քայլ է։ Մենք զգում ենք, որ իրենք ուզում են էլի հայերի վրա կրակած, տուն մտած, քաղաքացիական անձանց վրա կրակած մարդուն հանձնեն»,- ընդգծել է Կարապետյանը։


Իրականում խնդիրը դուրս է գալիս սովորական իրավական ընթացակարգերի սահմաններից և ուղղակիորեն առնչվում է պետականության անվտանգային հիմքերին ու քաղաքացու վստահությանը։ Երբ սեփական տան մեջ քաղաքացիական անձանց դեմ ծանր հանցագործություն կատարած ադրբեջանցու պարագայում իշխանությունը հստակ իրավական ու քաղաքական դիրքորոշման փոխարեն դիմում է զիջողական քարոզչության, դա խաթարում է պետության՝ իր քաղաքացուն պաշտպանելու առաջնային առաքելությունը։ Նման գործելաոճը խորացնում է հասարակական անպաշտպանվածության զգացումը և քանդում վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ, քանի որ արդարադատության և անվտանգության հաշվին արվող յուրաքանչյուր «ծածկադմփոց» ոչ թե կանխում է նոր վտանգները, այլ ընդհակառակը՝ անպատժելիության մթնոլորտ է ձևավորում սեփական երկրի սահմաններում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում






Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *