2016 թվականի հոկտեմբերի 7-ին Իլհամ Ալիևը հրապարակավ հայտարարեց, որ փակ դռների հետևում իրենից պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի Անկախությունը։ Սա տեղի ունեցավ Ապրիլյան պատերազմից մի քանի ամիս անց։ Այդ ժամանակ Հայաստանը հաղթած պետություն էր, թե ներսի թե դրսի համար։ ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի վարած արտաքին ու անվտանգային քաղաքականության արդյունքում Ադրբեջանի ղեկավարը ստիպված էր խոստովանել միջազգային ճնշման մասին հրապարակավ։
Այսօր ամեն ինչ շուռ է եկել։ Արցախն արդեն ճանաչվել է Ադրբեջանի մաս, և դա արել է հենց Նիկոլ Փաշինյանը՝ պարտությունից հետո։ Հիմա արդեն պահանջում են փոխել Հայաստանի Սահմանադրությունը, հրաժարվել Անկախության հռչակագրից ու էլի շատ բաներից։ Մեզ են թելադրում։ Մենք ենք պարտված կողմը։ Բայց արի ու տես, որ սրանք ամենինչի համար փնթի «կռուտիտների» տեսականի ունեն։
Այս ամենը միայն բանակցային սեղանի վրա չի երևում։ Սա երևում է ամեն օր սահմանին։
Մի քանի օր առաջ ադրբեջանցի զինծառայողը հանգիստ հատեց Հայաստանի սահմանը, մտավ Սյունիք, օրեր շարունակ մնաց հայկական տարածքում, հետո մտավ խաղաղ բնակչի տուն, կերավ խմեց ու վերջում էլ կրակեց կնոջ ոտքին՝ երեխաների աչքի առաջ։ Ձերբակալեցին։
Իսկ հետո ի՞նչ։ Գերագույն գլխավոր ադրբեջանասերը սկսեց բացատրել, որ զինվորների անցնելը «տարբեր թեմա» է գերիներից, որ եթե այս մեկին չվերադարձնենք առանց դիմացը գերի ուզելու, վաղը մեր զինվորը անցնի՝ ո՞ւմ ենք տալու նրա փոխարեն։ Սա ուղղակի աբսուրդ է։
Կարճ ասած՝ այն ժամանակ Հայաստանը թելադրողն էր, իսկ այսօր՝ լսողը։ Սա է իրական տարբերությունը, որը պետք է օր առաջ հետ փոխվի։
Leave a Reply