Արհեստական բանականությունն աստիճանաբար ներթափանցում է նաեւ իրավական ոլորտ՝ փոխելով իրավաբանների աշխատանքի ու դատական գործընթացների վերաբերյալ պատկերացումները:
Միաժամանակ դրա կիրառումն առաջացնում է նոր մարտահրավերներ՝ կապված պատասխանատվության, էթիկայի ու հնարավոր սխալների հետ:
Այս հարցերի շուրջ Հայաստանում ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) անցկացվել է «Իրավունքի գիշեր» միջոցառման վեցերորդ թողարկումը՝ «Արհեստական բանականություն. արդարադատության առհավատչյա՞, թե՞ սպառնալիք» խորագրով: Ուսանողներն ու ոլորտի մասնագետները քննարկել են՝ որքանով կարող է ԱԲ-ն օգնել արդարադատության համակարգին եւ որտեղ պետք է լինի մարդու ու տեխնոլոգիայի պատասխանատվության սահմանը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Մեդիամաքսը ներկա է եղել միջոցառմանն՝ առանձնացնելով դրա հետաքրքիր դրվագները:
«Քայլել ժամանակին համընթաց՝ նկատելով նաեւ արհեստական բանականության վտանգները»
Կարին Յովսէփեան, ՀՖՀՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան
Այսօր «Իրավունքի գիշեր» միջոցառման վեցերորդ թողարկումն է: Դրա առաջնային նպատակն իրավունքը տոնելն ու այն ավելի հասանելի, մասսայական դարձնելն է:
«Իրավունքի գիշերը» մշտապես անցկացվում է ուսումնական տարվա սկզբին՝ դառնալով առաջին կուրսեցիների մասնակցությամբ առաջին արտալսարանային միջոցառումներից մեկը: Բացի այդ, հոկտեմբերի սկզբին նշվում է Ֆրանսիայի Սահմանադրության օրը, իսկ «Իրավունքի գիշեր» միջոցառման ձեւաչափը փոխառել ենք մեր ֆրանսիական գործընկեր Լիոն 3 համալսարանից:
Կարին Յովսէփեանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Մշտապես փորձում ենք միջոցառումն անցկացնել ակտիվ ձեւաչափով եւ հնարավորինս ներգրավել ուսանողներին: Այսօր երկու ուսանողական թիմի միջեւ լինելու է բանավեճ՝ իրավունքի ոլորտում արհեստական բանականության կիրառման կողմ եւ դեմ դիրքորոշումներով: Այնուհետեւ ոլորտի մասնագետների մասնակցությամբ կքննարկվի նույն թեման, իսկ օրվա ավարտին կանցկացվի խաղ, որը նախատեսված է իրավունքն ավելի թեթեւ, պարզ ու հասկանալի ձեւով ներկայացնելու համար:
Կարեւոր է գիտակցել՝ իրավունքը հստակ դեր ունի յուրաքանչյուր մարդու կյանքում: Այն միայն իրավաբանների կամ դատաիրավական համակարգում աշխատողների համար չէ: Իրավունքի միջոցով են կարգավորվում հասարակության մեջ առկա փոխհարաբերությունները, հետեւաբար այն պետք է հասկանալի եւ մատչելի լինի հասարակության մեծամասնությանը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ինչ վերաբերում է այսօրվա քննարկման թեմային, ապա արհեստական բանականությունը կարող է լինել եւ՛ մարտահրավեր, եւ՛ աջակցող գործիք՝ կախված նրանից, թե ինչպես ենք կիրառում այն:
Միեւնույն ժամանակ, այսօր համալսարանների համար մեծ մարտահրավեր է ապահովել, որ ուսանողները որեւէ դեպքում չկորցնեն ինքնուրույն մտածելու եւ վերլուծելու կարողությունները:
Մի կողմից՝ պետք է քայլենք ժամանակին համընթաց, մյուս կողմից՝ կարողանանք նկատել նաեւ արհեստական բանականության կիրառման հնարավոր վտանգները եւ, իհարկե, կանխել դրանք:
«Արհեստական բանականության հաճախակի կիրառման դեպքում ուղեղը սկսում է «ծուլանալ»»
Սերգեյ Մարաբյան, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության գործընկեր, ԵՊՀ քրեական դատավարության ամբիոնի դոցենտ, դասախոս, նախկինում՝ դատավոր
Ուսանողների՝ նման ձեւաչափով հանդիպումները ոլորտի գործող մասնագետների հետ միշտ շատ կարեւոր են՝ թե՛ նոր գիտելիքի, թե՛ մոտիվացիայի տեսանկյունից: Այսօրվա միջոցառումը հետաքրքիր է նաեւ ինձ համար, քանի որ դասախոսական պրակտիկայումս նկատում եմ նոր սերնդի շատ լավ «կորիզ», որն ունի ձգտումներ եւ ցանկանում է հնարավորինս շատ գիտելիք ստանալ: Ուրախ կլինեմ, եթե այսօր գոնե մեկ ուսանողի մոտ կարողանամ ձեւավորել պատկերացում իրավունքի ոլորտում մասնագիտական ճանապարհի վերաբերյալ եւ առաջացնել հետաքրքրություն: Կարծում եմ՝ սա արդեն մեծ հաջողություն է:
Սերգեյ Մարաբյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Ինչ վերաբերում է այսօրվա թեմային՝ ըստ իս արհեստական բանականությունը բավականին խնդրահարույց գործիք է: Առաջին հայացքից՝ շատ հրապուրիչ, որի կիրառմանը ձգտում են բոլորը: Միեւնույն ժամանակ, այն առաջացնում է էթիկական, հոգեբանական եւ իրավական խնդիրներ: Ինքս ուսանողներին խորհուրդ եմ տալիս հնարավորինս քիչ օգտվել արհեստական բանականությունից: Կոգնիտիվ հոգեբանության ոլորտում արդեն կան հետազոտություններ, որոնք ցույց են տալիս՝ ԱԲ-ի հաճախակի կիրառումը կարող է ազդել ուղեղի աշխատանքի վրա՝ էապես նվազեցնելով վերլուծական եւ քննադատական մտածողության կարողությունը: Ուղեղը պարզապես «ծուլանում է», եւ ինչ-որ պահից մարդը կարող է դժվարանալ աշխատել առանց արհեստական բանականության աջակցության: Սա շատ կարեւոր է հենց անձնական աճի տեսանկյունից: Այս գործիքը կարելի է կիրառել, բայց անել դա զգուշորեն:
«Արհեստական արդարադատություն» կամ օրենքներ ու նախադեպեր «հորինող» ԱԲ
Ինգա Բեգլարյան, ՀՖՀՀ իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող, «Իրավունքի գիշեր» միջոցառման ընթացքում բանավեճի մասնակից
Մեր թիմը՝ «Արհեստական արդարադատությունը», այսօրվա բանավեճի ընթացքում հանդես է գալիս դատական համակարգում ԱԲ կիրառման դեմ դիրքորոշմամբ: Պատճառները շատ են, եւ դրանցից ամենակարեւորը պատասխանատվության բացակայությունն է: Բացի այդ, եթե դատական ակտը կայացվում է արհեստական բանականության միջոցով, առաջանում է դրա վիճարկման եւ բողոքարկման հնարավորության հարցը:
Ինգա Բեգլարյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Բոլորս գիտենք, որ դատական որոշումների կայացման դեպքում շատ կարեւոր է դատավորի ներքին համոզմունքը: Դեռ առաջին կուրսում մենք ուսումնասիրում ենք Լեւ Պետրաժիցկու «Ինտուիտիվ տեսությունը» իրավաբանության մեջ եւ խոսում այն մասին, որ դատավարությունը նաեւ ինտուիտիվ բնույթ պետք է ունենա: Իսկ այդ բաղադրիչը բացակայում է արհեստական բանականության դեպքում: Արհեստական բանականությունը բացառապես առկա տվյալներից սնվող համակարգ է, որը կարող է խորացնել այս կամ այն խնդրի վերաբերյալ արդեն իսկ գոյություն ունեցող խտրականությունը:
«Արհեստական արդարադատություն» թիմ
Լուսանկարը` Մեդիամաքս
Առհասարակ իրավաբանի աշխատանքում ԱԲ-ն կարող է կիրառվել, բայց միայն փաստերի կրկնակի ստուգման պայմանով: Այս տեխնոլոգիային չի կարելի անվերապահ վստահել, քանի որ հաճախ այն գեներացնում է դատական պրակտիկայում գոյություն չունեցող նախադեպեր կամ «հորինում» օրենքներ:
Իհարկե, այն կարող է շատ օգտակար լինել տեղեկատվության որոնման եւ մեծածավալ նյութերի հետ աշխատանքի դեպքում:
Լիլիանա Գեւորգյան, ՀՖՀՀ իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող, «Իրավունքի գիշեր» միջոցառման ընթացքում բանավեճի մասնակից
«Իրավունքի գիշեր» միջոցառմանը հետեւում ենք ամեն տարի եւ առաջին անգամն է, որ մասնակցում ենք անձամբ: Հատկապես բանավեճի արդիական թեման իմանալով՝ միանգամից որոշեցինք գրանցվել որպես թիմ:
Կարծում ենք՝ նման միջոցառումները շատ կարեւոր ու օգտակար են, քանի որ համալսարան են գալիս գործող լավագույն իրավաբաններն ու դատավորները, իսկ նրանց փորձը կարող է մեծ դերակատարում ունենալ մեզ համար, օգնել սովորել կարեւոր մասնագիտական սկզբունքներ: Բուն դասերի ընթացքում միշտ չէ, որ ժամանակ ու հնարավորություն է լինում ուսումնասիրել շատ նեղ ոլորտներ, այնպես որ նման միջոցառումները նոր գիտելիք ստանալու լավ հնարավորություն են:
Լիլիանա Գեւորգյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Մասնագիտական հմտություններից բացի, ՀՖՀՀ-ում ձեռք ենք բերում նաեւ բազմաթիվ «փափուկ» հմտություններ: «Իրավունքի գիշեր» միջոցառմանը պատրաստվելու ընթացքում դրանք եւս զարգացրել ենք՝ դառնալով ավելի թիմային, հասկանալով միմյանց ուժեղ կողմերն ու դրանք կիրառելով հանուն մեկ ընդհանուր նպատակի:
«ԱԲ-ն մարդու ձեռքում օգտակար գործիք է, բայց ոչ երբեք նրան փոխարինող»
Մարիամ Գեւորգյան, ՀՖՀՀ իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող, «Իրավունքի գիշեր» միջոցառման ընթացքում բանավեճի մասնակից
Մեր թիմն այսօրվա բանավեճում հանդես է գալիս ԱԲ գործիքների կիրառման օգտին: Այն անվանել ենք «Veritas»՝ «ճշմարտություն», քանի որ ներկայացնում ենք արհեստական բանականության կիրառման հետ կապված ամբողջական պատկերը՝ փաստերով եւ ապացույցներով:
Մարիամ Գեւորգյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Հաշվի առնելով, որ իրավագիտությունն ամբողջությամբ հենված է վերլուծական մտածողության վրա՝ երբեք չենք պնդի, որ արհեստական բանականությունը կարող է ամբողջությամբ փոխարինել մարդուն՝ դատավորներին կամ իրավաբաններին: Միեւնույն ժամանակ, այս ոլորտում կան բազմաթիվ աշխատանքներ, որոնց վրա մասնագետներն այսօր ժամանակ են ծախսում, եւ որոնք ԱԲ-ի կիրառմամբ կարող են զգալիորեն կրճատվել կամ նույնիսկ՝ ամբողջությամբ ավտոմատացվել:
Այլ կերպ ասած՝ արհեստական բանականությանը կարելի է «պատվիրակել» տեխնիկական աշխատանքը՝ մարդուն հնարավորություն տալով կենտրոնանալ վերլուծականի վրա:
«Veritas» թիմ
Լուսանկարը` Մեդիամաքս
Արհեստական բանականությունը մարդու ձեռքում պարզապես օգտակար գործիք է եւ ոչ երբեք նրան փոխարինող: Իհարկե, կան մասնագիտություններ, որոնք ԱԲ-ի կողմից կատարվող աշխատանքի պատճառով վերացման վտանգի առաջ են, բայց կարծում եմ՝ որակյալ եւ ստեղծարար մասնագետին այն երբեք չի փոխարինի:
Սոնա Ալեքսանյան, ՀՖՀՀ իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող, «Իրավունքի գիշեր» միջոցառման ընթացքում բանավեճի մասնակից
«Իրավունքի գիշեր» միջոցառմանը հետեւում եմ ՀՖՀՀ-ում սովորելու առաջին տարվանից: Այն մշտապես անդրադառնում է շատ արդիական ու կարեւոր թեմաների:
Սոնա Ալեքսանյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Արհեստական բանականության դեմ խոսելիս հաճախ նշում են, որ այն կարող է սխալվել, բայց մարդը նույնպես սխալվում է: Ընդ որում, ԱԲ-ի դեպքում չկա մարդկային հոգնածության կամ անուշադրության գործոնը: Այն կարող է իր վրա վերցնել որոշակի տեխնիկական աշխատանք՝ թեթեւացնելով առանց այդ էլ ծանրաբեռնված դատարանների աշխատանքը: Բացի այդ, որքան ավելի շատ «մարզենք» արհեստական բանականությունը, այնքան ավելի լավ այն կկատարի մեր առաջադրանքները:
Լուսանկարը` Մեդիամաքս
Համաշխարհային պրակտիկան եւս վկայում է, որ արհեստական բանականությունը մի շարք երկրներում ակտիվ կիրառվում է իրավական ոլորտում: Ավելին՝ կան հատուկ ԱԲ համակարգեր, որոնք մասնագիտացած են հենց այս ուղղությամբ: Իրավական ոլորտում արհեստական բանականության կիրառման առումով այսօր առաջատար են Միացյալ Նահանգներն ու Չինաստանը:
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Leave a Reply