Ադրբեջանն ու Հայաստանը պետք է որոշեն «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակում արտգործնախարարների հաջորդ հանդիպման անցկացման վայրը, իսկ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել․ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքիմն գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։«Բաքուն և Երևանը պետք է որոշեն, թե որտեղ կկայանա «3+3» ձևաչափին մասնակցող երկրների արտգործնախարարների հաջորդ հանդիպումը։ Մենք պատրաստ ենք մեր գործընկերներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել»,- գործակալությանը հայտնել է Կալուգինը։
Կալուգինը նաև նշել է այդ ձևաչափի շրջանակում գործնական համագործակցության ընդլայնման մասին։ Մասնավորապես, հունիսին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (SPIEF) շրջանակում մեկնարկել է «3+3» ձևաչափի փորձագիտական ուղղությունը, որին ներգրավված են տարածաշրջանի բոլոր վեց երկրների, այդ թվում՝ Վրաստանի քաղաքական վերլուծաբանները։
«Էներգետիկ համագործակցությանը նվիրված՝ այս ձևաչափով առաջին հանդիպումը նախատեսված է անցկացնել հոկտեմբերին Մոսկվայում՝ «Ռուսական էներգետիկ շաբաթ» միջազգային ֆորումի շրջանակում»,- հստակեցրել է դիվանագետը։
Leave a Reply