Անհետ կորածներ և գերեզմանների քարտեզներ․ ինչ են ցույց տալիս տվյալները Վարշավայում հնչած հայտարարության վերաբերյալ

Written by

in

Վարշավայում հոկտեմբերի 5-ին մեկնարկած «ԵԱՀԿ-ի Վարշավայի մարդկային չափողականության» (Warsaw Human Dimension Conference) համաժողովում Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչ Նազրին Ալիևան խոսել է Ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների թվի և զանգվածային գերեզմանների քարտեզները տրամադրելու անհրաժեշտության մասին։

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է անհետ կորածների հաշվառման տվյալները և գերեզմանների մասին տեղեկություններ փոխանցելու վերաբերյալ հայկական պաշտոնական դիրքորոշումը։ 

Ադրբեջանի պատվիրակության անդամը, ի դեպ, ներկայացավ որպես Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի հիմնադիր:

Նազրին Ալիևան հայ-ադրբեջանական «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակից է։

Այս փետրվարին նա ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խմբի կազմում այցելել է Հայաստան։

2025 թվականի Վարշավայի համաժողովի շրջանակում Ալիևան Մեղրիի շրջանի Նռնաձոր գյուղը՝ նախկին Նյուվադին, ներկայացրել էր որպես Ադրբեջանի տարածք:

Ինչ է ներկայացնում անհետ կորածների շուրջ 4 հազար թիվը 

Իր ելույթում Ալիևան հայտարարում է, թե «1990-ական թվականներին մոտ 4 հազար ադրբեջանցիներ շարունակում են համարվել անհետ կորածներ»։ Այնուհետև շարունակում է․  «Այս ընթացքում հայտնաբերվող զանգվածային գերեզմանները վկայում են միջազգային իրավունքի խախտումների մասին»։ Ադրբեջանցի պատվիրակը նաև նկատում է, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին տրամադրի զանգվածային գերեզմանների քարտեզները։ 

Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորածների վերաբերյալ տարբեր տարիներին հրապարակվել են տարբեր թվեր։ Անհետ կորածնների մասին Ադրբեջանի ներկայացրած շուրջ 4 հազար թիվը վիճարկել է նաև Հայաստանում 2006-2018 թվականներին գերիների և անհետ կորածների հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը։ Նա 2024 թվականի հոկտեմբերին «Ազատության» հետ զրույցում ադրբեջանական թվերը գնահատել է ուռճացված՝ մատնանշելով տարբեր ժամանակներում ներկայացված թվերի փոփոխությունները։ Այս թիվը հայկական կողմից կասկածի տակ է դրել նաև ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ/ICRC) 2025 թվականի հուլիսի 8-ի հրապարակման մեջ նշում է, որ Ադրբեջանում ընտանիքների հետ անմիջական կապի միջոցով գրանցվել է շուրջ 4 հազար որոնման գործ։ Ըստ նույն հրապարակման՝ 1995 թվականից ի վեր ԿԽՄԿ-ն Ադրբեջանի իշխանություններին և այլ կողմերին պաշտոնապես ներկայացրել է անհետ կորած անձանց վերաբերյալ ութ ցուցակ։ Վերջինը եղել է 2024 թվականի ապրիլին։

Անհետ կորածների թվեր կան նաև ԵԽԽՎ-ի 2007 թվականի 1553 բանաձևում՝ 4499 ադրբեջանցի և 947 հայ անհետ կորած։ Բանաձևը հստակեցնում է, որ թվերը ներկայացված են համապատասխան կողմերի տվյալներով, այսինքն՝ ԵԽԽՎ-ի կողմից իրականացված ստուգում կամ հաշվարկ չեն։

Ադրբեջանի նոր տվյալները անհետ կորածների թվի մասին 

2026-ի սեպտեմբերին ադրբեջանական Trend-ը, վկայակոչելով, այդ երկրի պետական հանձնաժողովին, գրել է, որ օգոստոսի 31-ի դրությամբ որպես անհետ կորած հաշվառվել է 4010 անձ, այդ թվում՝ առաջին պատերազմից՝ 4004 և երկրորդից՝ 6։ Միաժամանակ, հրապարակման մեջ նշվում է, որ դեռ անհետ կորած է համարվում 3682 անձ։ 

Հրապարակման մեջ առանձին նշվում է նաև, որ ԴՆԹ և դատաբժշկական փորձաքննությամբ նույնականացվել է 328 անձ։ Այս թիվը համապատասխանում է հաշվառված 4010 և դեռ անհետ կորած համարվող 3682 անձանց թվերի տարբերությանը։

Հաղորդվում է նաև աճյունների 910 հավաքածուի և 32 զանգվածային գերեզմանի հայտնաբերման մասին։ Այդուհանդերձ, պաշտոնական հաղորդագրությունը չի բացատրում, թե ինչ է նշանակում «աճյունների հավաքածու», արդյոք այդքան նույնականացված անձ է հայտնաբերվել։ 

Գերեզմանների մասին տեղեկությունների փոխանցումը

Ալիևան իր ելույթում նաև հայտարարել է, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին տրամադրի զանգվածային գերեզմանների քարտեզները։ Հայկական կողմը նախկինում պաշտոնապես հայտնել է ինչպես անհետ կորածների մասին տեղեկությունների փոխանցման, այնպես էլ Ադրբեջանի հետ համագործակցելու պատրաստակամության մասին։

Մասնավորապես, գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովը հայտնել էր, որ 2020 թվականի նոյեմբերից Ադրբեջանին փոխանցվել են 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցիների մարմիններ, ինչպես նաև 1990-ականներին զոհված շուրջ 50 անձանց մարմինների գտնվելու հնարավոր վայրերի մասին տեղագրական նյութեր։ Փոխանցվել են նաև 1990-ականներին զոհված 140 ադրբեջանցիների ոսկրեր։ Ըստ հանձնաժողովի՝ տեղագրական նյութերն ու ոսկրերը ստացվել են Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներից։

Նույն հայտարարությամբ հանձնաժողովն Ադրբեջանի համապատասխան կառույցին առաջարկել է ակտիվացնել համագործակցությունը։ Իսկ 2024 թվականի մարտի 12-ի նիստում հանձնաժողովի այդ պահին նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանն ընդգծել է Ադրբեջանի համապատասխան կառույցի հետ բանակցություններ վարելու կարևորությունը՝ հաշվի առնելով համագործակցելու պատրաստակամության վերաբերյալ կողմերի հայտարարությունները։ 

ՀՀ ԱԳՆ-ն 2024 թվականի հոկտեմբերի 1-ին ևս հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ Ադրբեջանին փոխանցվել են աճյուններ և անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ։ ԱԳՆ-ի համաձայն՝ հայկական կողմը համաձայնել էր 2024 թվականի մայիսին երկու երկրների պետական հանձնաժողովների հանդիպմանը, սակայն այն չէր կայացել ադրբեջանական կողմի մերժման պատճառով։

Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի այդ պահին անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը պնդել էր, որ Հայաստանն իր ունեցած քարտեզներն ու տեղեկություններն արդեն փոխանցել է Ադրբեջանին։

Հասմիկ Համբարձումյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *