Ընդդիմադիր մի քանի շարժում միավորվել է՝ հայտարարելով «Սկզբունք» նախաձեռնության ստեղծման մասին:
«Այս նախաձեռնության ստեղծումը պայմանավորված է մեր երկրի առջեւ ծառացած խորը քաղաքական, իրավական եւ բարոյական ճգնաժամով», – լրագրողների հետ հանդիպմանն ասել է նախաձեռնության համահիմնադիր, «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Արտաշես Իկոնոմովը:
Արտաշես Իկոնոմովը եւ Նինա Կարապետյանցը
Լուսանկարը` Մեդիամաքս
«Վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցող գործընթացները հանգեցրել են նրան, որ պետական իշխանությունը դարձել է ամենահակահայկականը, ամենաանարդարն ու ամենաանպատասխանատուն:
Այսօր Հայաստանում ձեւավորվել է իրավիճակ, երբ իշխանությունը ոչ միայն չի արտահայտում ժողովրդի մեծամասնության կամքը, այլեւ ակտիվ ոչնչացնում է ընդդիմությանը սպառնալիքներով, բանտարկություններով եւ ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու հակասահմանադրական վարքով», – ասել է Իկոնոմովը:
Նա նշել է, որ հենց այս պամաններում մի խումբ քաղաքացիներն, ինչպես նաեւ «Առաջ», «Զարկերակ» եւ «Նժար» քաղաքական միավորների առաջնորդները միավորվել են՝ հիմելով «Սկզբունք»-ը.
Լուսանկարը` Մեդիամաքս
«Շարժման նպատակն է խաղաղ, արժանապատվության հեղափոխության միջոցով իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին, որը վարում է ապօրինի, հակասահմանադրական եւ հակահայկական գործունեություն: Կոչ ենք անում բոլոր ընդդիմադիր ուժերին, առանձին հայրենասեր քաղաքացիներին՝ այդ թվում Սփյուռքից, միավորվել եւ դառնալ մեկ բռունցք, որը կկանգնեցնի այս ավերիչ ընթացքը»:
Նախաձեռնության նպատակն է Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո 360 օրով ձեւավորել ժամանակավոր, անցումային կառավարություն:
Ստեփան Ասրյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
«Մենք համնախմբվում ենք «Սկզբունք» շարժման շուրջ, որպեսզի վերջ դնենք այն համակարգին, որն անկախ Հայաստանի գոյության 35 տարվա ընթացքում այս կամ այն չափով վերարտադրում էր ավտորիտարիզմը, կոռուպցիան, անպատասխանատվությունն ու Սահմանադրության ոտնահարումը: Մեր նպատակը ոչ թե մեկ անձի փոխարինումն է մյուսով, այլ պետության կառավարման համակարգի փոփոխությունը», – ասել է նախաձեռնության համահիմնադիր, «Զարկերակ» նախաձեռնության անդամ Ստեփան Ասրյանը:
Նինա Կարապետյանցը
Լուսանկարը` Մեդիամաքս
Իրավապաշտպան, «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցն էլ ընդգծել է՝ անկախացումից հետո Հայաստանի Հանրապետությունն ունեցել է չորս իշխանություն, որոնցից ոչ մեկը չի կարողացել կառուցել մեր նախնիների երազած պետությունը:
«Չնայած բոլոր սխալներին՝ առաջարկում ենք դուրս գալ հասարակության բեւեռացված մթնոլորտից եւ ձգտել համերաշխության: Միայն այս պայմաններում է հնրավոր կերտել կայացած պետականություն: Առաջին երեք նախագահին առաջարկում ենք անձեռնմխելիություն՝ քաղաքականությունից հեռանալու պայմանով: Կոչ ենք անում բոլորին թողնել անցյալի եւ ներկայի վեճերը, միավորել ուժերն ու սկսել դե ֆակտո պետության կառուցումը», – ասել է Նինա Կարապետյանցը:
Լեւոն Չուկակլյանը
Լուսանկարը` Մեդիամաքս
Նախաձեռնության համահիմնադիր, «Առաջ» շարժման համակարգող խորհրդի անդամ Լեւոն Չուկակլյանը ընդգծել է՝ երբ իշխանությունը շատ է կենտրոնանում մեկ անձի ձեռքում, պետականությանը սպառնացող վտանգներ են ի հայտ գալիս:
«Ունենք համակարգային փոփոխությունների հստակ առաջարկներ: Ասում ենք՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումն առաջին քայլն է, երկրորդը՝ հետագայում նման տիպի իշխանության առաջացման թույլ չտալը», – ասել է Լեւոն Չուկակլյանը:
Leave a Reply