Ձեզ ենք ներկայացնում Համաշխարհային բանկի նախկին գլխավոր տնտեսագետ, Սթենֆորդի համալսարանի Միջազգային զարգացման կենտրոնի ավագ գիտաշխատող Էն Օ. Կրյուգերի հոդվածը։
Էն Օ. Կրյուգեր
Չինաստանի արագ վերելքը, Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա եւ ամերիկա-իսրայելական պատերազմը Իրանի հետ աշխարհաքաղաքական մրցակցությունը համաշխարհային տնտեսությունը ձեւավորող գլխավոր ուժ են դարձրել։ Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ-ի վաղուց հաստատված քաղաքականության շրջադարձն ավելացրել է անորոշությունը՝ ստիպելով կառավարություններին եւ բիզնեսին կողմնորոշվել գնալով ավելի բարդ ռազմավարական լանդշաֆտում։
Անկարայում վերջերս ավարտված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն արտացոլեց այս նոր իրականությունը՝ ցույց տալով, թե ինչպես աշխարհաքաղաքական եւ պաշտպանական առաջնահերթությունները կարող են գերակշռել այլ կարեւոր քաղաքական նպատակները։ Ոչ մի տեղ այս փոխզիջումն այնքան ակնհայտ չէ, որքան Արեւմուտքի հարաբերություններում գագաթնաժողովն ընդունող երկրի հետ։
Թուրքիան երկար ժամանակ եղել է ՆԱՏՕ-ի թերագնահատված դաշնակիցը եւ կարեւոր տնտեսական կամուրջը Եվրոպայի ու Մերձավոր Արեւելքի միջեւ։ Թեեւ վերջին տարիներին նրա կապերը ՆԱՏՕ-ի եւ Արեւմուտքի հետ թուլացել են, երկրի յուրահատուկ ռազմավարական դիրքը այն անփոխարինելի է դարձնում դաշինքի համար։ Գտնվելով Եվրոպայի եւ Ասիայի հատման կետում՝ Թուրքիան աշխարհի ամենակարեւոր աշխարհաքաղաքական խաչմերուկներից է։
Թուրքիան սահմանակից է Հայաստանին, Ադրբեջանին, Բուլղարիային, Վրաստանին, Հունաստանին, Իրանին, Իրաքին եւ Սիրիային, իսկ Սեւ ծովի միջոցով՝ նաեւ Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ։ Գրեթե 88 միլիոն բնակչություն եւ ՆԱՏՕ-ում երկրորդ խոշորագույն բանակը ունեցող երկիրը մեծ տարածաշրջանային տերություն է։ Տնտեսական առումով այն դարձել է տարածաշրջանի արտադրական եւ լոգիստիկ առաջատար կենտրոններից մեկը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի գրեթե ողջ ընթացքում չեզոք մնալով՝ Թուրքիան այնուհետեւ ամուր կապվեց Արեւմուտքի հետ՝ միանալով ՆԱՏՕ-ին։ Ավելի ուշ այն դարձավ Եվրոպական տնտեսական համայնքի՝ այսօրվա Եվրամիության նախորդի, ասոցացված անդամ եւ ի վերջո ԵՄ-ին լիիրավ անդամակցության հայտ ներկայացրեց։ Անդամակցության գործընթացն արագացավ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Արդարություն եւ զարգացում կուսակցության (ԱԶԿ) 2002 թվականի ընտրական հաղթանակից հետո, սակայն բանակցությունները ձգձգվեցին եւ 2017-ից հետո փաստացի կանգ առան։ Սա մեծապես պայմանավորված է ԵՄ-ի դժկամությամբ առաջ շարժվել՝ Էրդողանի օրոք ժողովրդավարությունից նահանջի մասին աճող մտահոգությունների ֆոնին։
Լուսանկարը` REUTERS
Էրդողանի ավելի ավտորիտար կառավարումը բարդացրել է հարաբերությունները նաեւ ԱՄՆ-ի հետ, թեեւ Թրամփին դա, ըստ երեւույթին, շատ ավելի քիչ է անհանգստացնում, քան իր նախորդներին։ 2019 թվականին Թրամփի առաջին վարչակազմը արգելափակեց Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչներ վաճառելը նրանից հետո, երբ երկիրը ձեռք բերեց ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգը։ Թրամփի երկրորդ վարչակազմն այլ կերպ է գործում. այն առաջ է մղում ավելի քան 700 միլիոն դոլար արժողությամբ գործարք՝ Թուրքիայի KAAN կործանիչի համար շարժիչներ վաճառելու վերաբերյալ եւ միեւնույն ժամանակ ազդանշաններ է ուղարկում F-35-ի հարցը վերանայելու պատրաստակամության մասին։
С-400-ի գնումը Թուրքիայի անկախ արտաքին քաղաքականության եւ Արեւմուտքի ու նրա հիմնական մրցակիցների հետ միաժամանակ սերտ կապեր պահպանելու պատրաստակամության խորհրդանիշը դարձավ։ Քանի որ հարաբերությունները ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ ավելի ու ավելի լարվում էին, Էրդողանը շարունակում էր զարգացնել կապերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ միեւնույն ժամանակ անօդաչու թռչող սարքեր մատակարարելով Ուկրաինային։ Վերջին շրջանում Էրդողանը կտրուկ քննադատում է Իրանի հետ պատերազմը եւ, Թրամփի խոսքով, նույնիսկ դիտարկել է Իսրայելի դեմ հակամարտությանը միանալու հնարավորությունը։
Այս ռազմավարական երկիմաստությունը, զուգորդված Էրդողանի ոչ ստանդարտ տնտեսական հայացքների հետ, համընկել է Թուրքիայի տնտեսական վիճակի նկատելի վատթարացման հետ։ Քսան տարի առաջ երկիրը համարվում էր աշխարհի ամենահեռանկարային զարգացող շուկաներից մեկը՝ հատկապես 1990-ականների վերջի ֆինանսական ճգնաժամից հետո էկոնոմիկայի նախկին նախարար Քեմալ Դերվիշի իրականացրած լայնածավալ բարեփոխումներից հետո։
Էրդողանի օրոք, սակայն, տնտեսական ցուցանիշները խիստ անհավասար են եղել։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում աճը ընդհանուր առմամբ եղել է կայուն՝ ենթակառուցվածքի լայնածավալ բարելավման եւ պաշտպանական արդյունաբերության ու այլ արտադրական ոլորտների արագ ընդլայնման շնորհիվ։ Բայց այդ աճն ուղեկցվել է վերել-վայրէջքների կրկնվող ցիկլերով, շատ բարձր գնաճի բռնկումներով եւ պարբերական մակրոտնտեսական անկայունությամբ։ Թեեւ գնաճը զգալիորեն նվազել է 2022 թվականին 85%-ի հասած գագաթնակետից հետո, տնտեսությունը շարունակում է տառապել քրոնիկ խնդիրներից, այդ թվում՝ փոխարժեքի անկայունությունից եւ արտահանման թուլացումից։
Ուկրաինայի եւ Իրանի պատերազմները Թուրքիայի տնտեսության համար միաժամանակ եւ՛ բարիք են, եւ՛ բեռ։ Մի կողմից՝ Թուրքիան օգտվել է Մերձավոր Արեւելքի այլ մասերից բիզնեսի վերաուղղորդումից եւ ռազմական տեխնիկայի արտահանման աճից։ Մյուս կողմից՝ համաշխարհային էներգետիկ շուկաների խափանումները եւ հումքի գների տատանողականությունը դժվարացրել են գնաճի դեմ պայքարը։
Լուսանկարը` REUTERS
ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովին նախորդող տարիներին ԵՄ-ն եւ մյուս արեւմտյան դաշնակիցները զգուշավոր վերաբերմունք էին ցուցաբերում Թուրքիայի նկատմամբ՝ Էրդողանի կողմից ժողովրդավարական ինստիտուտների վրա հարձակումների, Պուտինի հետ նրա սերտ հարաբերությունների եւ կասկածելի տնտեսական քաղաքականության պատճառով։ Բայց քանի որ Թուրքիայի ռազմավարական նշանակությունն աճում էր, ՆԱՏՕ-ի շատ դաշնակիցներ սկսեցին ավելի մեծ ուշադրություն դարձնել անվտանգության եւ պաշտպանության ոլորտում համագործակցությանը։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն այս տեղաշարժն ավելի ցայտուն դարձրեց. Թրամփը առատորեն գովում էր Էրդողանին, իսկ եվրոպացի դաշնակիցները հիմնականում խուսափում էին թուրք առաջնորդի ներքին քաղաքականությունը հրապարակայնորեն քննադատելուց։
Այս փոփոխություններն արտացոլում են Թուրքիայի ռազմավարական նշանակության եւ ավելի անկայուն դարձող տարածաշրջանում նրա առանցքային տնտեսական դերի ընդունումը, եւ միեւնույն ժամանակ բացահայտում են արեւմտյան ժողովրդավարությունների առջեւ ծառացած երկընտրանքը. տրանսատլանտյան անվտանգության համար կրիտիկական նշանակություն ունեցող որոշ երկրներ գնալով ավելի են հեռանում ժողովրդավարական նորմերից։ Չափազանց ուժեղ ճնշման դեպքում նրանք կարող են տեղափոխվել Չինաստանի եւ Ռուսաստանի ուղեծիր։ Չափազանց թույլ ճնշման պարագայում՝ ժողովրդավարական ինստիտուտների քայքայումը կարող է արագանալ՝ խաթարելով ինչպես Արեւմուտքի դավանած արժեքները, այնպես էլ դրանք պաշտպանելու նրա հեղինակությունը։
Այս մրցակցող առաջնահերթությունները հաշտեցնելը չափազանց դժվար է՝ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի ղեկավարները համոզվում են դրանում։ Բայց դա անհրաժեշտ է անել՝ ոչ միայն Արեւմուտքի հեղինակությունը պաշտպանելու, այլեւ Թուրքիայի՝ որպես ռազմավարական դաշնակցի եւ տնտեսական գործընկերոջ ամբողջ ներուժը բացահայտելու համար։
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Copyright: Project Syndicate, 2026.
Leave a Reply